Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առթիվ աշակերտական համահավաք–ծաղկեմատույց Նոր Ջուղայում
Նոր Ջուղայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման ձեռնարկների շրջանակներում ապրիլ 22-ին, ժամը՝ 11:00-ին , Նոր Ջուղայի Հայոց Ազգային կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի «Արմեն» տարրական երկսեռ համալիրի «Քանանյան» իգական և «Կատարինյան» արական ավագ դպրոցների, ինչպես նաև Շահինշահր քաղաքի Հայոց ազգ. Սրբ. «Վարդանանց» դպրոցի աշակերտ-ուհիները, ուղեկցությամբ նշված դպրոցների տեսչությունների, ուսուցչական կազմերի և ծնողական խորհուրդների, ներկա գտնվեցին Սուրբ Ամենափրկիչ վանքի բակում խոյացած Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ և աշակերտական ելույթներով ու ծաղիկներ խոնարհելով հուշարձանին` հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության հետևանքով զոհված 1,5 միլիոն նահատակների հիշատակին:
Համահավաքի ավարտին Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Տ.Սիփան Ծ. վրդ. Քեչեջյանը հայրական իր պատգամը հղեց ներկաներին:
Ինչպես «Հայերն այսօր»-ին Նոր Ջուղայից հայտնում է Երանուշ Թահմազյանը, Հայոց ազգային «Քանանյան» և «Կատարինյան» դպրոցների աշակերտները համահավաքի նախօրեին Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Ներսես Շնորհալի գրադարանում և բակում անցկացրել էին Հայոց ցեղասպանության առթիվ աշխատանոց, ուր իրականացրել են Հայոց ցեղասպանության խորագրով արվեստի աշխատանքներ:
Աշխատանքների ընթացքում իրենց խրախուսական ներկայությամբ միջոցառումը հարգել են Թեմի կաթողիկոսական փոխանորդ Հայր Սիփան Քեչեջյանը և Շահինշահր քաղաքի հոգևոր տեսուչ Տ. Անանիա Ծ. վրդ. Գուջանյանը: Աշխատանոցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև զանազան երկրներից վանք այցելած զբոսաշրջիկների մոտ: Հատկանշական է, որ կրթահամալիրի մանկապարտեզ-նախակրթարանի և տարրական բաժնի աշակերտները ևս Հայոց ցեղասպանության թեմայով կատարել էին նկարչական աշխատանքներ, որոնք տեղադրվել էին վանքի մուտքին կից պատին, իսկ որոշ աշխատանքներ՝ զետեղվել հուշարձանի մոտ:
Լուսանկարները` հեղինակի
Աշխատանոցի լուսանկարները տրամադրել են Անի Թահմազյանը և Արաքս Մինասյանը