Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում Սանկտ-Պետերբուրգի հայեցի դաստիարակության կենտրոնում

Ապրիլի 9-ին Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնի նախադպրոցական դասարանը՝ Սուսաննա Գաբրիելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր «Փոքրիկ հայկազուններ՝ հայրենիքի և մայրիկների վաղվա պաշտպաններ» խորագրով միջոցառում։
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նազիկ Գաբրիելյանը, միջոցառումը նվիրված էր մայրիկներին` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Այն սկսվեց հայրենիքին նվիրված բանաստեղծություններով և երգերով, որոնք հնչում էին մեծ ոգևորությամբ։ Երեխաներն իրենց բնորոշ անմիջականությամբ կատարեցին հայրենասիրական երգերը:
Միջոցառման ընթացքում փոքրիկ հայկազունները միաժամանակ իրենց ելույթով հարգանքի տուրք մատուցեցին մեկ տարի առաջ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ Իսկ միջոցառման ավարտին մայրիկներին նվիրեցին քաղցրահնչուն քառատողեր և երգեր։