Հայ կինը բարեսիրության ու բարեգործության ջահակիր է.Հրանուշ Հակոբյան
Սիրելի քույրեր, մայրեր, հրաշալի տատիկներ և աննման աղջիկներ,
Առանձնակի բերկրանքով եմ շնորհավորում Մայրության և գեղեցկության օրվա առթիվ և մաղթում, որ ձեր ջերմ շնչով, առողջ ու կենարար ներկայությամբ նորոգ ու շեն, հայեցի պահեք ձեր օջախները, կապված մնաք ձեր արմատներին, ձեր ինքնությանը:
Պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետությունում գարնանային հրաշալի զարթոնքը նաև հայ կնոջը գնահատելու, մեծարելու պահ է, սիրո խոստովանության, կանացի գեղեցկության ու մայրության արժևորման միամսյակ, որը եզրափակվում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնով, բայց որը, իհարկե, սահման չունի:
Անկրկնելի է հայ կնոջ տեսակը, բոլոր ժամանակներում նա եղել է կենսունակ ու արարչագործ, իմաստուն ու հնարամիտ, նվիրված ու սիրող, նուրբ ու գեղանի, բայց անհրաժեշտության պահին՝ օժտված իր տունը պաշտպանելու, իր կողակցին սատար կանգնելու, մարտնչելու ու տքնելու, ինքնազոհողության ու նվիրումի կարողությամբ:
Դեռևս հնագույն ժամանակներից հայ կինն իր արգասավոր գործունեությունը ծավալել է կյանքի բոլոր բնագավառներում և գիտակցաբար իր փխրուն ուսերին է կրել ազգապահպանության, հայ ոգու, տեսակի ու ընտանեկան ավանդույթների, սովորույթների, մայրենիի պահպանման բեռը:
Հայոց Սփյուռքում կանայք դարձել են հայապահպանության առաքյալներ՝ ամենուրեք ստեղծելով դպրոցներ, վարժարաններ, որբանոցներ, զանազան կանանց միություններ ու ընկերություններ՝ պահպանելով հայ կնոջ դիմագիծը, նրա հրաշալի որակները:
Հայ կինը բարեսիրության ու բարեգործության ջահակիր է, հայկական համայնքների ինքնակազմակերպման ջիղը, հասարակական, քաղաքական, ազգային կյանքի ոգին, հայկական մշակույթի պահպանման ու զարգացման երաշխավորը, իր բնակության երկրի արժանավոր քաղաքացին:
Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ հայ կանայք իրենց տաղանդն ու շնորհները դրսևորեցին երաժշտության, թատրոնի, գրականության, այլ բնագավառներում:
Սփյուռքում Հայ կինը հայրենիքին նեցուկ է եղել բոլոր ծանր փորձությունների պահին՝ հետեղեռնյան ժամանակահատվածում, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, երկրաշարժի ու Արցախյան ազատամարտի տարիներին, նորանկախ Հայաստանի կերտման ճանապարհին: Նրանց մեջ են մերօրյա հերոսները, Հայրենիքի անկախության պաշտպանության համար իրենց կյանքը տված կանայք: Հայ մայրերն են ծնել ու դաստիարակել այն քաջարի տղաներին, ովքեր անմահացան Հայրենիքի պաշտպանության համար:
Հայ կինը կրում է ընտանիքին ծառայելու, հավատարմության մի առանձնահատուկ խորհուրդ և պատահական չէ, որ ազգային անփոխարինելի արժեքները որակվել են ՄԱՅՐ բառով՝ մայրենի լեզու, մայր հայրենիք, մայր հող, մայր եկեղեցի, և այդ նվիրական արժեքների պահպանությունն էլ ժողովուրդը վստահել է մայրերին:
Դարձյալ շնորհավորում եմ աշխարհի բոլոր հայ կանանց՝ խորագետ գեղեցկուհիների տոնը, մաղթում անսպառ հմայք: Թող ձեր օջախները միշտ վառ ու հյուրընկալ լինեն, ձեր սեղանն՝ առատ, ձեր զավակների շուրթերին միշտ ծաղկի հայերենը ու ձեր անվերջ վերադարձի ճամփան ձգվի դեպի Հայրենիք: