Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կերտած ժամանակը

«Վերջին նռնակի օղակն արդեն հանել ու պատրաստ սպասում եմ` հենց մոտենան, ինձ հետ միասին պայթեցնելու եմ: Մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն, ես նրա …»: Այս խոսքերն ու հաջորդող սխրանքը, որի մեծությունը հնարավոր չէ ոչնչով չափել, 19-ամյա տարիքում Հայոց բանակի զինվոր Ռոբերտ Աբաջյանի նոր ու հավերժական կյանքի սկիզբը դարձան:

Կյանք, որը սկսվել էր Երևանի Մոնումենտ կոչվող (ինչպես ժողովուրդն է ասում) թաղամասի տներից մեկում, որտեղ 2016 թվականի ապրիլի 2-ից ժամանակը կանգ է առել: Այդ տանն այլևս մի նոր ժամանակով են ապրում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ժամանակով, որի զարկերը՝ ցավի ու հպարտության, այսօր իր մեջ կրում է յուրաքանչյուր հայ:

Այդ տունն էլի առաջվանն է՝ նույն փողոցը, բակը, նույն հասցեն, միայն Նա չկա՝ իր կենսախինդ խառնվածքով, ծիծաղով ու իր ֆիզիկական ներկայությամբ: Նա հիմա հերոս է՝ Արցախի հերոս, լեգենդ ու պատմություն ու «ապրում» է, որպեսզի մենք շարունակենք ապրել:

«Այս տանն է ծնվել, մեծացել, այս տանից է դպրոց գնացել, ուսումնարան, բանակ ու… Հիմա նա չկա: Ամեն ինչում առաջինը պիտի լիներ, պետք է աչքի ընկներ իր գործողություններով, խառնվածքն էր այդպիսին, այլ կերպ չէր կարող: Նրա մասին բոլոր հիշողություններն ուրախ են, միակ տխուր հիշողությունն այն է, որ այլևս չկա»,- արցունքները մի կերպ խեղդելով՝ պատմում է Ռոբերտի տատիկը՝ Անահիտ Գևորգյանը, որը ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է:

Կնոջը «օգնության» է գալիս ամուսինը՝ Ռոբերտի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը. «Զարմանալի բնավորություն ուներ, ամեն ինչ պետք է համով աներ, հումորով: Ծնված օրից էր այդպիսին: Միշտ ասում եմ՝ նրա վերջին արարքն իր խառնվածքի թելադրանքն էր, չցանկացավ ընկերներին մենակ թողնել, իրեն հանձնարարված գործը կիսատ թողնել, լքել դիրքը: Անգամ վերջին պահին էլ «աչքի ընկավ»: Առաջ էլ շատ մեծ շրջապատ ուներ, շատերն էին նրան ճանաչում, իսկ հիմա նրան բոլորը գիտեն»:

«Եթե այդպիսին չլիներ, առանց վարանելու կփորձեր իրեն փրկել, այլ ոչ թե կսպասեր ու միայնակ մինչև առավոտյան ժամը 7-ը կկռվեր: Վերջին երկու ժամը մենակ է մնացել,  վիրավոր վիճակում անգամ կարողացել է իր ընկերոջը՝ Անդրանիկ Զոհրաբյանին, որը նույնպես վիրավոր էր, մոտակա խրամատից բերել, որ իր կողքին լինի, ու երբ թիկունքից հասնեն օգնության, թշնամուն գերի չմնա: Ոչ միայն կռվել է, կապի մեջ եղել հրամանատարների հետ ու տեղեկություններ փոխանցել, այլև վիրավոր ընկերոջ մասին է մտածել, որը, սակայն, արյունաքամ է եղել: Միշտ էր այդպիսին, երբեք ընկերոջը մենակ չէր թողնի: Դպրոցում գալիս էր՝ տատի´, խնդիր կա, պիտի գնամ: Ստիպված թողնում էի, որովհետև գիտեի, որ միևնույնն է՝ գնալու է, գոնե այս կերպ տեղյակ կլինենք, թե ուր է գնում: Զանգում էի տուն, մորն ասում՝ Աննա´, ուշադիր կլինես, Ռոբերտն այսինչ տեղն է գնացել: Հարսս թե՝ մամ, թողնում ես, որ գնա, հետո էլ ասում ես՝ ուշադիր կլինես»,-պատմում է տատիկը՝ կարծես ցանկանալով մոռանալ այն ցավը, որը Ռոբերտն է զգացել վերջին պահին:

«Անդրանիկի հայրն ասում է՝ Ռոբերտն ինձ համար հերոս է միայն նրա համար, որ իմ տղային չի թողել, որ թշնամուն գերի ընկնի: Ասում է՝ գոնե Ռոբերտը կենդանի մնար և ասեր, թե որոնք են եղել որդուս վերջին բառերը: Մահացած վիճակում ադրբեջանցիները Ռոբերտին ու Անդրանիկին փորձել են գերի տանել, սակայն ճանապարհի կեսին թողել են: Այդ պատճառով է, որ միայն ապրիլի 8-ին են նրանց մարմինները Կարմիր խաչի օգնությամբ հայկական կողմին հանձնել…»,-կիսատ է թողնում խոսքը պապիկն ու մոտենում պատուհանին՝ ծխախոտի հերթական գլանակը վառելու: Տատիկը շարունակում է. «Երբ պատերազմի առաջին օրերին հեռուստատեսությամբ ասում էին, որ Արմենակ Ուրֆայանն իրեն նռնակով պայթեցրել է, ինքս ինձ ասում էի՝ էն սիրուն տղան, ոնց է նման բան արել, 24-25 տարեկան տղան ինչպես է ինքն իրեն նռնակով պայթեցրել: Ինչ իմանայի, որ իրականում դա Ռոբերտս է եղել, որ հիմա մտածում եմ… Մենք նրա մասին լուր չունեինք և հույս ունեինք, որ կենդանի է»:

Ռոբերտի մահվան մասին հարազատները իմացել են առաջին իսկ օրերին, սակայն ծնողներին, տատիկին ու պապիկին ոչինչ չեն ասել: Հայտնել են միայն մարմինը գտնելուց հետո:

«Իմացանք միայն ապրիլի 8-ին. մարդիկ էին եկել, բերել էին Հայաստանի դրոշն ու մեդալը… Տխուր, տխուր կյանք: Ապրիլի 1-ին զանգել էր հայրիկի ծնունդն էր շնորհավորել: Հոր հետ շատ կապված էր, հայրն իր աշխարհն էր, իր կյանքը, ձգտում էր նրա նման լինել՝ ուժեղ, բոլորին հասնող: Ասում էր՝ պապայի նման պիտի վառվեմ: Տղաս փոքր տարիքում վառվել էր և խորը այրվածքներ ուներ: Անգամ մանկապարտեզում էր այդ մասին պատմել: Դաստիարակչուհին մորն ասել էր, որ զգույշ կլինեք, հանկարծ իրեն չվնասի: Բոլորին հասնող, օգնող երեխա էր: Շատ ժամանակ չէր սպասում, որ դիմեին, ինքն էր իր օգնությունն առաջարկում»,- պատմում է տատիկը:

«Ամբողջ օրը վազքի մեջ էր՝ հեռախոսը ականջին: Զանգում էի՝ Ռոբերտ ո՞ւր ես, թե՝ գործեր կան, պապի´, հիմա կգամ: Անընդհատ շտապում էր, կարծես ժամանակը նրան չէր բավականացնում, ամեն ինչ վազքով էր անում: Ոչ մի բանի նկատմամբ անտարբեր չէր, պետք է խառնվեր անգամ իրեն չվերաբերող գործերին: Ում ինչ հեռախոսահամար պետք լիներ, Ռոբերտից էին ճշտում: Նրա մասին պատմություններն անվերջ են, ամեն օր մի նոր բան ենք իմանում նրա մասին: Զարմանում ենք, որ 19 տարեկան տղան ոնց այդքան բան հասցրեց, այդքան հետք թողեց»,-հիշում է պապիկը:

Այդ պահին սենյակ է մտնում մի կապուտաչյա փոքրիկ ու փորձում իր լուսավոր ներկայությամբ ցրել սենյակում թևածող ծանր ու լուսավոր տխրությունը: «Լավ է, որ Աստված մեզ երկու տարի առաջ մի նոր թոռնիկ պարգևեց, որն այդ ծանր օրերին մեզ զբաղեցրեց, այլապես խելագարվել կարելի էր: Ռոբերտի հորեղբոր տղան է, պապիկի անունն ենք դրել՝ Գևորգ: Ռոբերտին այնքան է նման, որ մեզ հաճախ թվում է, որ մի Ռոբերտիկ էլ՝ անվախ, չարաճճի, սա է մեծանում: Ոչ մի բանից վախ չունի, մթության մեջ անգամ կիջնի բակ»,-թոռնիկին գրկելով ասում է տատիկն ու հավելում, որ Ռոբերտը երեխաներ շատ էր սիրում:

«Տղաս մի ընկեր ունի, կինը երիտասարդ տարիքում մահացավ: Փոքր որդին շատ ծանր էր տանում մոր մահը, դադարել էր խոսել: Ռոբերտը երբ իմացավ, ասաց՝ մի քանի օր ինձ մոտ թողեք, ամեն ինչ կկարգավորեմ: Ռոբերտի հետ մի քանի օր շփվելուց հետո, այդ փոքրիկը նորից կյանքի վերադարձավ: Հայրը տղայիս ասել էր՝ տղադ արեց մի բան, որը մենք չկարողացաք»,-հիշում է արդեն Ռոբերտի պապիկն, իսկ Արտակ անունով ընտանիքի բարեկամը, որը նույնպես միացել էր զրույցին, շարունակում է. «5 տարեկան տղաս Ռոբերտի հետ շատ էր կապված: Ռոբերտը բանակից միշտ զանգում էր, խոսում հետը: Թեև չի հասկանում, թե ինչ է կատարվել, հաճախ ինձ ասում է՝ պապ, Կյաժին կարոտել եմ, գնանք իրենց տուն: Զարմանում ենք, թե համակարգչին մոտենալիս՝ ոնց է կարողանում Ռոբերտի նկարները գտնել ու նայել: Հեռախոսիս մեջ նրանց նկարները, վիդեոներն ունեմ պահած, անգիր ասում է, թե որտեղ են եղել, ինչ են արել: Ռոբերտը նաև ինձ համար էր իսկական եղբայր: Նա ընկույզի մուրաբա շատ էր սիրում: Վերջին արձակուրդի ժամանակ եկավ մեր տուն: Մի բանկա ընկույզի մուրաբա բացեցինք, կերավ, ասաց՝ պահեք, մնացածը հաջորդ անգամ կգամ կուտեմ: Այդ բանկան այդպես էլ դեռ մեր սառնարանում է»:

Եթե նախկինում Ռոբերտ Աբաջյանին գիտեին նրան ծանոթ բոլոր փոքրիկները, հիմա արդեն ճանաչում են բոլորը: Ո´չ միայն ճանաչում են, այլև իրենց հերոսն են համարում. «Ռոբերտի եղբայրը՝ Ռուբենը, մի օր ասաց. «Տատի´, գիտես, փոքր երեխաները հաճախ ինձ տեսնելով՝ շշնջում են իրար ականջի, թե՝ գիտես ով է, Աբաջյան Ռոբերտի եղբայրն է»: Վերջերս Ռուբենի ընկերոջ քույրը տղա էր ունեցել, որին Ռոբերտի անունով են կոչել»,-պատմում է տատիկը:

Ռոբերտին սիրում էին նաև նրան ճանաչող գրեթե բոլոր աղջիկները, իսկ նա. «Արդյոք որևէ մեկին սիրե՞լ է, դժվարանում եմ ասել, բայց անընդհատ սիրահարված էր: 9-րդ դասարում իրենց զուգահեռ դասարան Ռուսաստանից մի աղջիկ էր եկել, հավանել էր ու ձեռքը բռնած ման էր գալիս: Հետո դա էլ անցավ: Անընդհատ ուշադրության կենտրոնում էր, մի օր թխվածք էր բերել, ասաց՝ տատ, տես համով է, աղջիկներն են պատրաստել: Կամ՝ տատ գիտես, ուսումնարանի բոլոր աղջիկներն ինձ են սիրահարված: Խոսել գիտեր, գրավել, համով բալա էր, ասող-խոսող, ժպտերես, ինչպես կարող էին նրա համար չխենթանալ», -հպարտությամբ պատմում է տատիկը:

«Բանակից այստեղ հարցեր էր լուծում: Մի օր զանգեց՝ պապի, երկու թութակ կառնես, վանդակի մեջ կդնես, կգան կտանեն: Բանակից էր ասել, ո՞նց չանես: Երբ ընկերը եկավ տանելու, հարցրի՝ ո՞ւմ համար է, ասաց՝ չգիտեմ: Այդպես էլ չիմացանք՝ ուր է տանում»,-հիշում է պապիկը:

Ռոբերտ Աբաջյանի մասին պատմում են նաև նրա լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրի հետ կապված փոքրիկ պատմությունները տատկիկն անգիր է հիշում. «Շատ էր սիրում նկարվել, կարծես ամեն պահը փորձում էր հավերժացնել: Նրա ատամնահատիկն է, բժշկական գործիք էր բռնել: Սա Մոսկվայում է նկարվել, տեսեք ոնց է քայլում: Իրենց կնունքի նկարն է, տեսնում եք նրա դժգոհ դեմքը: Քահանան ասաց, որ քավորի ձեռք պետք է համբուրես: Ռոբերտը թե՝ ես համբուրեմ, չեմ համբուրի: Փորձեցինք բացատրել, որ դա ընդունված կարգ է, օրենք է, մի քիչ խաղաղվեց, բայց միայն շուրթերը հպեց ձեռքին: Այս նկարում էլ հարսանիքի ժամանակ դաշույնով դուռ է պահել: Այդ օրը ուրախ-ուրախ եկավ տուն ու՝ տա´տ, 200 դոլար փող եմ աշխատել, կարգին քավոր էր: Հաջորդ հարսանիքին տրամադրությունը բարձր չէր, 5 հազար դրամ էին տվել, ասաց՝ ահ, ժլատ քավոր էր: Սրանք բանակի նկարներն են: Տեսնում եք այս նկարում ավտոմատն ինչ դիրքով է պահել: Ասում էր՝ տատ, գիտես, ամեն մարդ չի կարող այսպես պահել: Էհ, ամեն մարդ էլ, երևի, չէր անի այն, ինչ նա արեց՝ մեզ թողնելով այս նկարներն ու անվերջ հիշողություններն իր մասին: Գնար-գար՝ կպաչեր, ջիգյար էր, զանգում էր, թե՝ տատ ջան, ո՞նց ես, ծառերը ծաղկե՞լ են, բակում ի՞նչ կա, պապին ի՞նչ ա անում, հո քեզ չեն նեղացնում, քույրիկներին դրսում բան ասող կա՞. ամեն բան պիտի իմանար»:

«Եթե նպատակ էր դնում, անում էր: Ուսումնարանից հետո ասաց՝ պիտի բարձրագույն սովորեմ: Գնաց ինստիտուտ ընդունվեց, որ լավ մասնագետ դառնա, բայց…

Շատ արագ անծանոթ մարդկանց հետ ընդհանուր լեզու էր գտնում: Մեկ էլ տեսնեիր, անծանոթ մեկին բերում էր և ասում՝ պապի, բարեկամիդ եմ գտել, ծանոթացիր:

Ես Մարալիկից եմ, մեծ քույրս, եղբորս տղաներն այսօր էլ այնտեղ են ապրում: Միասին շատ էինք գնում Մարալիկ: Զարմանում էի, թե ինչքան մարդ է նրան ճանաչում: Ասում էի՝ այ տղա, քեզ ավելի շատ մարդ է ճանաչում, քան ինձ, որ այնտեղ եմ ծնվել, մեծացել»,-պատմում է պապիկն, իսկ տատիկը շարունակում է. «Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երբ Օլիմպիադայից վերադարձավ, մարալիկցիները ճանապարհը ուշ գիշերով փակել էին ու նրան դիմավորել, քեֆ-ուրախություն կազմակերպել՝ շնորհակալություն հայտնելու, որ Ռոբերտիս նկարով շապիկ էր հագել: Արթուրի արարքը մեծ քայլ էր, կարծես բոլորին նորից հիշեցրեց Ռոբերտի մասին: Համարձակություն էր պետք, ամեն մեկը չէր անի: Չէ՞ որ, կարող էին որակազրկել, մեդալից զրկել, բայց նա արեց այդ քայլը, ու մարալիկցիները ցանկացել էին շնորհակալություն հայտնել Արթուրին: Մարալիկում նաև Ռոբերտի հուշարձանն են ուզում տեղադրել, վերջերս էլ ֆուտբոլի մրցաշար էին կազմակերպել»:

Մրցաշարի գավաթը Ռոբերտենց տանն է, սենյակի ամեն մի անկյունից նայող լուսանկարների ու պարգևների կողքին, որոնք փոքրիկ սփոփանք են միայն այն մեծ վշտի, որի ցավն այդ տանը զգալու են այնպես, ինչպես Ռոբերտի միշտ ներկա բացակայությունը:

«Մինչև պատերազմն էի հպարտ, որ հրաշք ընտանիք, որդիներ ու 5 թոռնիկ ունեմ: Մենք, երկու տղաներս՝ իրենց ընտանիքներով, հաշտ ու համերաշխ մի տան մեջ ենք ապրում: ժամանակին 15-20 հոգով սեղան էինք նստում: Այսօր էլ եմ հպարտ, որ Ռոբերտի տատիկն եմ, բայց իմ տխրությունն իմ գլուխը կախել է, հասկանում եք: Կուզեի, որ հերոսի տատիկ լինելու հպարտության փոխարեն երեխաս կողքիս լիներ, դա կլիներ ամենամեծ հպարտությունն ու ուրախությունը: Ամեն օր Ռոբերտի հետ կռվում եմ, նստում եմ նկարի առաջ ու կռվում… Ու մի բան ցանկանում, որ նրանք վերջին զոհերը լինեն, որ ոչ մեկի տատը, մայրը լաց չլինեն այլևս: Ռոբերտս ինչքան երազանքներ ուներ: Պիտի գար, ուսումը շարունակեր, լավ մասնագետ դառնար: Մինչ բանակ գնալը մի քանի անգամ փողով գործ է արել, ես էլ հպարտանում էի, ասելով՝ չմեռա, թոռիս փողն էլ ծախսեցի: Հիմա ես եմ ու իմ տխրությունը: Ընտանիքում մեկս մյուսին մխիթարելով, ուժ տալով՝ ապրում ենք: Երբ մենակ եմ լինում, լաց եմ լինում, գիտեմ, որ լացը լավ բան չի, բայց չեմ կարողանում: Ինչքան անցնում է, ավելի է դժվարանում: Հիմա «տաք» ենք, հետո նրա բացակայությունը, ցավն ավելի անտանելի կլինի»,- արցունքները սրբելով՝ ասում է տատիկը:

«Մի ինչ-որ տեղ հիմա Ռոբերտը դարձյալ հպարտ է, երևի ասում է՝ այսքան մարդ իմ մասին են խոսում, ինձ ճանաչում են: Աշխարհի տարբեր երկրներից ու քաղաքներից՝ Կանադայից, Ֆրանսիայից, Ամերիկայից, Ռուսաստանից, Բաթումիից, մարդիկ են զանգում, իրենց ցավակցությունները հայտնում, շնորհակալություն հայտնում, որ նման թոռնիկ ենք մեծացրել: Շատերն անգամ մեր տուն են գալիս, ասում են՝ եկել ենք խոնարհվելու: Ժողովուրդը Ռոբերտին ուրիշ ձև է հիշում ու միշտ է հիշելու»,-ասում է պապիկը:

Վերջաբանի փոխարեն

Ռոբերտ Աբաջյանին միշտ են հիշելու: Նրա սխրանքն այսօր իսկ արդեն լեգենդ է դարձել ու ապրեցնում է շատերիս: Իսկ ամեն ինչ սկսվեց 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Վաշտի հրամանատար, ՀՀ ԶՈւ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, վեց հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության՝ երկու անգամ հաջողությամբ հետ շպրտելով թշնամու լայնածավալ հարձակումները՝ այդ ընթացքում խոցելով նաև թշնամու մեկ տանկ։ Անհաջող հարձակման փորձից հետո թշնամին հետ է քաշվում և կրկին սկսում հրետանակոծել հայկական դիրքերը։ Արկերից մեկի պայթյունից շուտով զոհվում են կապիտան Ուրֆանյանը և գնդացրորդ Քյարամ Սլոյանը։

Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է, զինվորներին ուղարկում է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը, կողքին մնացած միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ, համառ դիմակայությամբ, նահանջում են դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից շուտով մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով, Ռոբերտ Աբաջյանը մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատել գումարտակի հրամանատարի հետ և վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդել դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։

Գիտակցված մահը ընտրելով՝ Ռոբերտ Աբաջյանն իր կյանքով նաև փրկում է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։

Ապրիլի 11-ին զինվորական կարգով Ռոբերտ Աբաջյանին հողին են հանձնում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. նա այլևս ապրում է հավերժական կյանքով…

Մայիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար ԼՂՀ ՊԲ  N զորամասի չորրորդ հրաձգային վաշտի երկրորդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգևատրվում է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ ու «Ոսկե արծիվ» շքանշանով:

Ռոբերտ Աբաջյանը դառնում է 24-րդը, ով արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև՝ այդ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը. նա ընդամենը 19 տարեկան էր ու այլևս հավերժ…

Լուսինե Աբրահամյան

«Հորիզոն» պարբերական

Scroll Up