Ֆրանսիահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

Ֆրանսիական «Հայ-մեդ» կազմակերպության օրթոպեդ Մկրտիչ Կարապետյանն այսօր Արցախի հանրապետական բժշկական հիվանդանոցում իրականացնում է անվճար ընդունելություն, խորհրդատվություն, ինչպես նաև կատարում վիրահատություններ:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մկրտիչ Կարապետյանն ասել է, որ ինքն արդեն 6-րդ անգամ է Արցախում:
«Մենք այստեղ ենք, որպեսզի տեղի մեր գործընկերներին ներկայացնենք վնասվածքաբանության վերջին նորությունները, ինչպես նաև հաղորդակցվենք փորձի փոխանակմամբ»,-նշել է Մ. Կարապետյանը:
Արցախի հանրապետական բժշկական հիվանդանոցի վնասվածքաբան Կարեն Դավթյանն էլ տեղեկացրել է, որ արդեն նրա կողմից հետազոտվել է 50 հիվանդ:
«Ամեն անգամ գալով Արցախ՝ Մ. Կարապետյանն իր ներդրումն է բերում. նա անվճար իրականացնում է հիվանդների ընդունելություն, հետազոտություն և վիրահատություն: Ճիշտ է, մեր հիվանդանոցում կան վիրահատությունների համար սարքավորումներ, պարզապես մեզ մասնագիտական փորձը փոքր-ինչ պակասում է»,-ասել է Կ. Դավթյանը՝ հայտնելով, որ Մ. Կարապետյանի կողմից նախատեսված է կատարել 5 վիրահատություն: