«Մեր աշխատանքի նպատակը Հայաստանին ու Արցախին օգտակար լինելն է».Մուրադ Աքյուզ

Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզը «Հայերն այսօրի» հետ զրույցում ներկայացնում է միության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք մեծիմասամբ ուղղված են Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտների զարգացմանը: Միության «դիտակետից» չեն վրիպում նաև Գերմանիայի հայ համայնքում առկա խնդիրները:

-Պարո՛ն Աքյուզ, ե՞րբ է ստեղծվել Գերմանիայի հայ գործարարների միությունը, ո՞րն է միության գործունեության հիմնական նպատակը:

-Տասնվեց տարի առաջ որոշեցինք ստեղծել միություն, որն ազգօգուտ աշխատանքներ կատարելու համար կհամախմբեր Գերմանիայի և առհասարակ՝ օտար երկրներում ապրող հայ գործարարներին: Միության ստեղծումից մի քանի տարի հետո մարդիկ հասկացան, որ այն հույժ կարևոր, ժամանակի հրամայականով ստեղծված կառույց է:

Միությունն ունի «Արմեն Տերտերյան» հիմնադրամը, որի շնորհիվ Հայաստանում և Արցախում սոցիալական, կրթական, առողջապահական և այլ բնույթի ծրագրեր ենք իրականացնում: Մեր աշխատանքի նպատակը Հայաստանին ու Արցախին օգտակար լինելն է:

 Ուշադրության կենտրոնում առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների, դպրոցների կառուցման կամ վերանորոգման հարցերն են: Բժշկական ծրագրերը կատարում ենք մեր լուսահոգի ընկերներից մեկի հիշատակին, ում հետ շուրջ 20 տարի բարեկամաբար աշխատել ենք:

Նախկինում համագործակցում էինք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ, այժմ, սակայն, ինքնուրույն ենք ծրագրեր իրականացնում, թեև հիմա էլ մասնակցում ենք հիմնադրամի ամենամյա դրամահավաքին:

Տարվա կտրվածքով հաստատած բյուջե ունենք, և միության վարչակազմով քննարկում ենք, թե տվյալ գումարն ինչ նպատակի ծառայեցնել: Գումարի մի մասով Հայաստանում ենք ծրագրեր իրականացնում, իսկ մյուս մասով՝ Գերմանիայի հայ համայնքին ենք տարբեր հարցրերում օգնում:

Բոլոր աշխատանքները կատարել ենք Գերմանիայում ՀՀ դեսպանատան հետ համագործակցելով: Հայաստանում համագործակցում ենք նաև ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի հետ, որը ժամանակին Գերմանիայում է սովորել: Նա մեզ համար վստահելի գործընկեր է:

Վարչության ատենապետի և փոխատենապետի հետ որոշեցինք հետագայում գործերն առաջ տանելու համար նոր գաղափարներ մտածել: Արդյունքում Քյոլն քաղաքում վարկային պայմաններով շենք գնեցինք, որի սենյակները գերմանացի 6 ընտանիքների վարձով ենք տալիս: Այդ շենքը մեզ տարեկան 120.000 եվրոյի եկամուտ է բերում, որն էլ օգնում է մեր աշխատանքները համակարգելուն:

-Հայաստան այցելությունը բարեգործական հերթական ծրագիրն իրականացնելու հե՞տ էր կապված:

-Այո՛: Մարտի 3-ին Երևանի թիվ 1 պոլիկլինիկայի վերանորոգված շենքի բացումը կատարեցինք՝ կյանքի կոչելով ևս  մեկ բարի գործ: Բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Վերջերս փոխեցինք Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մանկապարտեզի պատուհանները: Իբրև հայ մարդ՝ չկարողացանք անտարբեր անցնել, թե ինչպես էին երեխաները այդպիսի պայմաններում իրենց օրն անցկացնում:

-Եկե՛ք մի փոքր առարկայական խոսենք՝ նշելով, թե ուրիշ ի՞նչ ծրագրեր եք կատարել Հայաստանում:

Հայաստանում առաջին ծրագիրը Աբովյան քաղաքում ենք իրականացրել: Տարիներ առաջ, երբ Համահայկական խաղերին մասնակցելու համար հայ մարզիկների խումբ էինք ուղարկել, նրանք Աբովյան քաղաքում ոչ բարվոք վիճակում գտնվող մի մանկապարտեզ էին տեսել, որը վերանորոգման կարիք ուներ: Մարզիկները մեզ տեղյակ պահեցին այդ մասին և այցելելով այդ մանկապարտեզ՝ հանձն առանք կատարելու վերանորոգման աշխատանքները:

 Պարբերաբար գերմանացի դասախոսներ, պրոֆեսորներ ենք ուղարկում Հայաստան՝ ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար դասախոսություններ կարդալու: Կրթաթոշակներ ենք հատկացնում հիմնականում մարզերից ու Արցախից երևանյան բուհերում սովորող սոցիալապես անապահով ուսանողներին: Մեզ համար կարևոր է, որ նրանք ուսման վարձի պատճառով չզրկվեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Վերանորոգել ենք Աշտարակ քաղաքի մի քանի դպրոցներ, ի թիվս այլ հանգանակությունների, գումար ենք հատկացրել Բեռլինում ՀՀ դեսպանատան շենքի կառուցման նպատակով:

Կարևոր նշանակություն ենք տալիս մշակութային ծրագրերի իրականացմանը՝ գիտակցելով, որ Սփյուռքում ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը ինքնության պահպանման նախապայմաններից մեկն է: Մշակութային բոլոր ձեռնարկները կազմակերպվում են Գերմանիայի հայ գործարարների միության մշակութային ծրագրերի պատասխանատու Ալֆրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Վերջինիս գործուն մասնակցությամբ 2015 թվականին Գերմանիայում կայացավ Հայաստանի պարի պետական անսամբլի մենահամերգը, ակտիվ համագործակցություն է սկսվել Երուսաղեմի հայ համայնքի հետ, Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի հիսուն հոգանոց ուխտավորներ են պատարագի գնացել և այլն:

 –Հայկական սփյուռքը միախմբվեց սիրիական ճգնաժամի հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված սիրիահայերին նեցուկ լինելու համար, կարողացավ Արցախին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին կազմակերպված օգնություն ցուցաբերել:Գերմանիայի հայ գործարարների միությունն այս ուղղությամբ ի՞նչ քայլեր է նախաձեռնել:

-Մենք 20 հազար եվրո գումար ուղարկեցինք Սիրիա՝ սիրիահայերին առաջին անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելու համար: Այս հարցում կապ հաստատեցինք Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Ցավում եմ, որ սիրիահայ երբեմնի ծաղկուն համայնքը մասնատվեց, իսկ մեր հայրենակիցները ստիպված լքեցին իրենց տները:

Արձագանքեցինք նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի ահասարսուռ օրերին՝ մեծ հուզմունքով հետևելով, թե ինչ է կատարվում Հայաստանում և Արցախում:

Այնուհետև Գերմանիայի Շտապ օգնության մարմնի հետ անմիջապես քննարկում կազմակերպեցինք և որոշեցինք հետագա անելիքները: Եվ որպեսզի օժանդակությունը նպատակային լիներ, բանակցեցինք Արցախի իշխանությունների հետ և եզրահանգման եկանք 1000 հատ քնապարկ ուղարկել: Նշեմ նաև, որ Քառօրյա պատերազմում վիրավորված մի զինվոր ՀՀ կառավարության ծախսերով բուժման նպատակով այժմ մայրիկի հետ Գերմանիայում է գտնվում: Իմանալով այդ մասին՝ մենք պարբերաբար այցելում ենք նրան և անհրաժեշտ օգնություն ցուցաբերում:

-Պարո՛ն Աքյուզ, ե՞րբ եք առաջին անգամ Արցախում եղել:

-Արցախ առաջին անգամ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, գնդապետ, լեզվաբան, արևելագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ եմ գնացել: Մինչև մեր հանդիպումը նրան լավ չէի ճանաչում: Պարզապես գիտեի, որ Արցախ բարերարներ էր ուղեկցում՝ մասնակցություն ունենալով արցախցիներին տարբեր օգնություններ տրամադրելու գործում: Միշտ հիացմունքով էի նայում Գուրգեն Մելիքյանի կատարած աշխատանքին և հանձին նրա՝ վստահելի գործընկերոջ տեսա: Մինչև հիմա մեր կապը պահպանվում է, տարբեր խմբեր ենք տանում Արցախ:

Վստահաբար շարունակելու ենք աշխատել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի համար ամեն ինչ լավ է լինելու, այդ լույսը տեսնում եմ, պարզապես ժողովուրդը պետք է մի փոքր համբերի: Մեկս մյուսին օգնելով՝ պետք է առաջ ընթանանք և կառուցենք մեր երկրի ապագան:

-Պարո´ն Աքյուզ, հանդիպեցիք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:Ի՞նչ թեմաների շուրջ քննարկում ծավալեցիք:

-Արդյունավետ հանդիպում ունեցանք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գերմանիայի հայ գործարարների միության մշակութային ծրագրերի պատասխանատու Ալֆրանտ Պետրոսյանը: Մենք ներկայացրեցիք միության կողմից իրականացրած աշխատանքները, իսկ Հրանուշ Հակոբյանը խոսեց Հայաստան-Սփյուռք գործակցության մասին՝ հորդորելով սերտացնել նախարարության հետ համագործակցությունը:

Նկատելի է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է Սփյուռքի համախմբման, Հայաստանի տնտեսության մեջ մեր հայրենակիցների ներդրումները խթանելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ:

Գովելի և անչափ կարևոր է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը: Սփյուռքահայ երիտասարդները մասնակցելով այս ծրագրին՝ կարողանում են պահպանել Հայաստանի հետ կապը և չկտրվել իրենց արմատներից: Գերմանաբնակ տղաներին ու աղջիկներին պարբերաբար ուղարկում ենք «Արի տուն»:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

%d5%a1%d6%84%d5%b5%d5%b8%d6%82%d5%a6%d5%a1%d6%84%d5%b5%d5%b8%d6%82%d5%a61

Scroll Up