«Արցախը եղել և շարունակելու է մնալ հայկական տարածք».արգենտինացի լրագրող

Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած քառօրյա պատերազմական գործողությունների շուրջ է «Հայերն այսօրի» հարցազրույցը Արգենտինայում մեծ ճանաչում ունեցող քաղաքական լրագրող, միջազգային մեկնաբան, պրոֆեսոր, գրող և դասախոս Մարիանո Սարավիայի հետ: 

Պարո՛ն Մարիանո, կարծում եմ՝ տեղյակ եք ապրիլի 1-ի լույս  2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի հակամարտ շփման գծում Ադրբեջանի կողմից հրահրած ռազմական գործողությունների մասին: Ինչպես կորակե՞ք այն:

-Այս խնդիրը շատ մտահոգիչ է ինձ համար: Իբրև լրագրող և միջազգային մեկնաբան, կարծում եմ, որ Ադրբեջանի քայլն արդարացված չէ: Քառօրյա պատերազմում հրահրող մեղավորը միայն Ադրբեջանն է, որի պահվածքը բռնատիրական, գաղութային համակարգերն են հիշեցնում: Այն կարծես Թուրքիայի կողմից 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին  հայերի հանդեպ իրականացված  Ցեղասպանության պատկերն է հիշեցնում:

Ամենամեծ մտահոգությունս երկու երկրների միջև առկա ուժային տարբերությունն է: Ադրբեջանը շատ գումար է ծախսում իր բանակի հզորացման և սպառազինության նպատակով, որն անհանգստացնող փաստ է: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն այս դրությամբ ագրեսիվ ուժ է տարածաշրջանի համար:

Իսկ Հայաստանը շատ կարևոր առավելություններ ունի, որը բացակայում է Ադրբեջանի մոտ. ողջախոհություն, ճշմարտացիություն, քաջություն և հայրենասիրություն: Հայերը սեփական հողի համար պայքարելու ձգտում և մարտական ոգի ունեն: Այս ամենը հաղթանակի հասնելու ամենազորեղ նախադրյալն է, հատկապես որ խոսքը արդարության համար մղվող պայքարին է վերաբերվում:

Ուշի-ուշով հետևելով  նաև դեպքերի զարգացմանը՝ պետք է ասեմ, որ հայերը համախմբված և կենտրոնացած շարժում ցույց տվեցին:  Նրանք ճիշտ քաղաքականություն վարեցին հատկապես տեղեկատվական դաշտում և լրատվամիջոցների հետ աշխատելիս:

-Ինչպիսի՞ հանգուցալուծում եք Դուք տեսնում նման իրավիճակում:

 -Առաջին հերթին խնդրի լուծումն աշխարհի մեծ պետությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու մեջ եմ տեսնում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի հովանավորության ներքո: Սա իմպերիալիստական դրսևորում է, որն ամենավտանգավոր ու տագնապալին է աշխարհի համար:

Նաև Ադրբեջանի ժողովուրդը պետք է ճնշում գործադրի իր երկրի հանցավոր իշխանության դեմ: «Պանամական փաստաթղթերում» օվշորային սկանդալի մեջ փողերի «լվացման» հարցում Իլհամ Ալիևի և իր  ընտանիքի անվան շոշափումն արդեն նրա հեղինակությունն, իբրև ամենահանցագործ նախագահի, կասկածի տակ է առնում:

Երբ ողջ ճշմարտության մասին ադրբեջանցիները տեղյակ կլինեն, այն ժամանակ էլ կհասկանան, որ իրենց իրական թշնամին ոչ թե հայերը, այլև հենց Ադրբեջանի  ղեկավարությունն է:

-Իբրև փորձառու լրագրող, հետևե՞լ եք միջազգային մամուլի արձագանքին: Ի՞նչ գնահատական կտաք լրատվամիջոցների աշխատանքին Արցախյան հարցի հետ կապված:

-Միջազգային լրատվամիջոցներն այս օրերին հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող ռազմական բախումները լուսաբանելու ուղղությամբ: Իրականում խոսում են, բայց ոչինչ  չեն ասում:

Արցախի հանդեպ ցուցաբերած անուշադրությունն ինձ նորից հիշեցրեց 1915 թվականի Հայոց  ջարդերը, երբ աշխարհը կարծես՝ «երես թեքեց» այս մեծ ողբերգությունից:

Շատ անարդարություն կա Արևմուտքի մեջ: Ընդհանրապես, միջազգային մամուլն արձագանքում է շատ զոհերի, ահաբեկչությունների և դժբախտ պատահարների  ժամանակ:

Ուզում եմ միջազգային լրատվամիջոցների ընդհանուր աշխատելաոճի մասին խոսել: Նրանք կարծես կեղծ ընկերոջ նման լինեն: Ավելի շատ զբաղված են ոչ թե մասնագիտական պարտքը կատարելով, այլև արևմտյան քաղաքական իրենց շահերն են հետապնդում:

-Այս օրերին շատերն իրենց զորակցությունը հայտնեցին Արցախին և հայ ժողովրդին: Ցանկալի կլինի լսել նաև Ձեր խոսքը:

– Թո՛ղ Հայաստանն ու Արցախը շարունակեն այդպես անձնվիրաբար պայքարել՝ հանուն հարազատ երկրի անկախության և արժանապատվության: Աշխարհում իրավունքի վերականգման, ազատության և արդարության հաստատման համար մղվող պայքարից լավ բան չկա: Ավելի լավ է զոհվես քո ազգի և հողի համար, քան թե ստրուկ կամ վարձկան դառնաս չհասկացված ուժերի կողմից:

Ճիշտ է, կոչս ցավոտ է, սակայն այլընտրանք չկա. բոլորս էլ գիտենք, որ ազատությունը պայաքարի և մարդկային անմեղ զոհերի գնով ես միայն ձեռք բերում, այն քեզ հենց այնպես ոչ ոք չի «ընծայում»: Ես այդ ամենը տեսա  հայ ժողովրդի քայլերի մեջ:

Մաղթանքս է հայերին, որ շարունակեն պահպանել արդեն իսկ ձևավորած ազգային միասնականությունը: Կարևոր է նաև, որ  քաղաքական ուժերը երկրի ներսում տիրող ներքին խնդիրները մոռանան և ուժերը կենտրոնացնել թշնամուց՝ Ադրբեջանից,  պաշտանվելու  ուղղությամբ: Միշտ արդարության ջատագովներից եմ եղել և երբեք չեմ թաքցրել ճշմարտությունը:

Իմ ռադիոժամով արդեն խոսել եմ Արցախյան հիմնախնդրի մասին, պատրաստվում եմ առաջիկայում սեփական հեռուստաալիքովս մեկ ամբողջ հաղորդում նվիրել Արցախին և լուսաբանել այնտեղ տեղի ունեցող իրավիճակը: Շուտով նաև հանդիպում-քննարկում կկազմակերպեմ Արգենտինայում ապրող ժողովուրդների հետ:

-Ցավոք, կան մարդիկ, որոնք կասկածի տակ են առնոմ Արցախի հայկականությունը: Դուք, եթե չեմ սխալվում, եղել եք Արցախում: Ինչպիսի՞  « ներկայություն» զգացիք այնտեղ:

-Նախ ասեմ, որ հետագա արյունահեղություններից խուսափելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամություն է անհրաժեշտ հաստատել:

Արցախը եղել  և շարունակելու է մնալ հայկական տարածք, Արցախը միայն հայերի՛ն է պատկանում: Ոչ ոք չի՛ կարող կռվել ճշմարիտ պատմության դեմ, քանի որ հենց պատմությունն է վկայում ազգերի արդարության մասին:

Ուղիղ 10 տարի առաջ եմ սեփական աչքով տեսել և մաշկիս վրա զգացել Արցախի հայկականությունը: Շատ սիրեցի հատկապես Ստեփանակերտն ու Գանձասարը: Իսկ արցախցիներից պարզապես բարություն և ազնվություն է հորդում:

Տեսնելով հնամենի հայկական եկեղեցիները, մշակութային, ճարտարապետական կոթողները, որոնք վկայում են հայերի՝ հազարավոր տարիներ այնտեղ լինելու մասին: Անխոս պետք է նշել, որ հայկական «դրոշմ» կա Արցախում: Աննկարագրելի տպավորություններով եմ վերադարձել Արցախ աշխարհից: Ճամփորդությունիցս ստացած տպավորությունները միշտ հիշում եմ:

Շնորհակալ եմ, որ այս օրերին հիշեցիք ինձ և Հայաստանի, Արցախի համար ստեղծված դժվարին իրավիճակում կարծիքս լսելու ցանկություն ունեցաք: Միշտ պատրաստ եմ Հայաստանի և հայ ժողովրդի կողքին գտնվել և նեցուկ լինել բոլոր հարցերում:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Հ.Գ.Շնորհակալություն արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանին՝ հարցազրույցը կազմակերպելուն աջակցելու համար:

Scroll Up