Թեհրանի Հայոց թեմի առաջնորդը կատարել է «Հակոբյան» առեւտրա-արդյունաբերական վաճառատան բացումը
Մարտի 9-ին Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը, ընկերակցությամբ Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարյանի եւ Առաջնորդարանի դիվանապետ Սերոժ Օհանյանի, Թեհրանի հյուսիսում գտնվող Էսփինաս նոր հյուրանոցի մեկ բաժնում բացումը կատարեց «Հակոբյան» առեւտրա-արդյունաբերական հաստատության մի նոր վաճառատան:
Հյուրանոցի մուտքի մոտ Սրբազան հորը դիմավորեցին հաստատության տնօրեն Սմբատ Հակոբյանն ու եղբայրը՝ Հարմիկ Հակոբյանը, հաստատության պաշտոնյաներն ու հրավիրյալները: Աղ ու հացի ավանդական օրհնությունից հետո Սրբազան հայրը կտրեց մասնաճյուղի պաշտոնական մուտքի ժապավենը եւ այնուհետ շրջագայեց վաճառատան բաժիններով, որի ավարտին Սրբազան հայրը շնորհավորեց Հակոբյան եղբայրներին եւ հատկապես Սմբատ Հակոբյանին՝ նրանց նախաձեռնող ու ապագայատեսիլ ոգու համար: «Դուք ձեր այս ինքնատիպ ասպարեզով մեծ ներդրում եք բերել եւ բերում Իրանի Իսլամական Հանրապետության առեւտրա-արդյունաբերության գործին, եւ սա մեզ համար եւս մեծ պատիվ է եւ հպարտության առիթ,- ասաց Սրբազան հայրը և հավելեց,- Ի սրտե շնորհավորում եւ գնահատում եմ ձեզ, հաջողություն եւ առավել արդյունավետ գործունեություն մաղթում»:
Հանդիսությանը, ի շարս այլ հրավիրյալների, ներկա էին նաեւ. Գեւորգ Վարդանյանն ու բազմաթիվ համագործակիցներ:
Աղբյուրը՝ tehranprelacy.com