«Արի տուն-2017». Մենք պատրաստակամ ենք միշտ սիրով ընդունել նրանց և ասել՝ բարո՛վ ես եկել Հայրենիք, զավա՛կս». Նունե Մովսիսյան

Ամիսներ անց կմեկնարկի «Արի տուն-2017»-ը, որի շրջանակներում «Հայերն այսօր»-ը պարբերաբար հարցազրույցներ է ունենում նախորդ տարիների հյուրընկալ քաղաքների, մարզերի, գյուղերի, տարբեր համայնքների և ընտանիքների ներկայացուրցիչների հետ, ովքեր սիրով պատրաստակամություն են հայտնել՝ այս տարի ևս ընդունելու մեր սփյուռքահայ երեխաներին: Նրանցից մեկի՝ Սփյուռքի նախարարության լավագույն բարեկամներից Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, այս էլ որերորդ անգամ, համոզվեցի, որ հայ կինը, հայ մայրն իր մայրական զգացումներով էապես տարբերվում է մյուս բոլոր ազգերի մայրերից:
-Տիկի՛ն Մովսիսյան, քանի որ այսօրվա հանդիպում-հավաքի առիթը «Արի տուն» ծրագիրն էր, ուստի մեր զրույցը սկսենք հենց դրանից. ինչպե՞ս եք գնահատում ծրագիրը:
– Նախ՝ Ձեր հարցն ընդունում եմ ի պաշտոնե՝ որպես մարզպետի տեղակալ, ապա՝ որպես մայր, որպես հայ կին. ցանկացած մայր տուն կանչող է, տուն բերող և իզուր չէ, որ ասում ենք՝ Մայր հայրենիք, Մայրենի լեզու…Ինչ վերաբերում է ծրագրին, հրաշալի՛ է մտածված և արդեն քանի՜ տարի է, ինչ տալիս է ցանկալի արդյունքներ: Ճակատագրի բերումով Սփյուռքում ապրող երեխաները թո՛ղ այս ծրագրի շրջանակներում տուն՝ Հայաստան գան, տեսնեն ու ճանաչեն Հայրենիքը, զգան Հայրենիքի ջերմությունը, հետագայում շենացնեն իրենց տունը, ամրացնեն այդ տան հիմքերը, դառնան հզոր սյուներ: Հայկական հյուրընկալ ընտանիքի յուրաքանչյուր կին կարողանում է իր պատրաստած կերակուրներով, իր նիստուկացով, իր բարեհամբույր վերաբերմունքով, ջերմությամբ ցույց տալ հայ կնոջ օջախապահպան էությունը:
Մեր սփյուռքահայ երեխաները Հայրենիքում հյուր չեն, նրանք այս պահին պարզապես դրսում ապրող երեխաներ են, ովքեր պետք է վստահաբար իմանան, որ Հայաստանում շատ ընտանիքներ կան, որոնց դռները ցանկացած պահի կարող են թակել և մտնել՝ ասես հարազատի տուն: Արագածոտնի մարզի 114 համայնքներից յուրաքանչյուրում կարող ենք սրտանց ընդունել մեր սփյուռքահայ երեխաներին: Ճիշտ է, ծրագրով ընտրվել են Երևանին ավելի մոտ գտնվող համայնքներ, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ Արագածոտնի ցանկացած տարածքում՝ Արագածի, Աշտարակի, Թալինի թե՝ Ապարանի, միևնույն է, մեր ժողովուրդը հյուրընկալ է ու ջերմ:
-Հարգարժա՛ն հայուհի, հիրավի, անկեղծ ու ջերմ են Ձեր խոսքերը. ասացեք, խնդրեմ՝ Ձեր տանը հյուրընկալված երեխաներ եղե՞լ են:
-Այո՛, եղել են. այս պահին կարոտով եմ հիշում նրանց: Ես երեք երեխա ունեմ, ովքեր, ինձ հետ միասին, սիրով են ընդունել Թուրքմենստանից եկած Իլոնային, ով հրաշալի ընկերություն արեց իմ աղջիկների հետ, նույնպիսի ջերմությամբ ենք ընդունել և այժմ ես կարոտով հիշում եմ Վրաստանից եկած Արթուրին ու Արմենին: Այսօր տեղեկացա, որ ապրիլին երեխաներ են գալու ֆրանսիայից. ես պատրաստ եմ նրանց հյուրընկալել մեր տանը: Իմ աղջիկն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում ֆրանսերենի և անգլերենի ուսուցչուհի է, նա՛ էլ կարող է իր մասնագիտական տեսանկյունից օգտակար լինել սփյուռքահայ երեխաներին: Մենք պատրաստակամ ենք՝ միշտ ընդունել նրանց և ասել՝ բարո՛վ ես եկել, զավա՛կս:
-Տիկի՛ն Մովսիսյան, Ձեր նկատառումներով ի՞նչն է պակասում դրսից եկած մեր երեխաներին:
-Հիմնականում շփման պակասն ունեն: Հայաստանում նրանք կարող են ցանկացած մեկի հետ շփվել ու զրուցել, ցանկացած դուռ թակել ու ներս մտնել, գիտեն, որ այստեղ իրենց սառը հայացքով, սառը վերաբերմունքով չեն դիմավորի: Նրանք ջերմության պակաս ունեն, որը գտնում են Հայրենիքում:
– Ձեր մարզից ի՞նչ են տանում իրենց հետ մեր սփյուռքահայ երեխաները:
-Ինչպես գիտեք, մեր մարզում շատ են պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, դամբարանադաշտերը, նշանավոր կամուրջները, կիկլոպյան ամրոցները, բերդերը, և մի այցելության, մի քանի օրերի ընթացքում նրանք չեն հասցնում տեսնել այդ ամենը: Լավ կլինի, որ նրանց հնարավորություն ընձեռվի մի անգամ ևս մասնակցել ծրագրին, քանի որ առեղծվածներով լի է ոչ միայն մեր մարզը այլև՝ ամբողջ Հայաստանը: Մշակույթին ու պատմությանը ծանոթանալը նույնքան կարևոր է, որքան՝ հայոց լեզուն սովորելը, հայեցի դաստիարակություն ստանալը. մշակույթը պակաս դաստիարակություն չէ:
– Տիկի՛ն Մովսիսյան, շնորհակալությու՛ն գեղեցիկ հայերենով տված հանգամանալից հարցազրույցի համար:
Կարինե Ավագյան