Նշվել է Պերմի «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցի հիմնադրման 15-ամյակը

Փետրվարի 26-ին ՌԴ Պերմ քաղաքում տոնական միջոցառմամբ նշվել է «Մեսրոպ Մաշտոց» հայկական դպրոցի հիմնադրման 15-ամյակը, որը միաժամանակ նվիրված էր Մայրենիի օրվան:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Պերմի հայկական համայնքից, միջոցառումը ողջույնի խոսքով բացել են Պերմի հայկական մշակութային կենտրոնի անդամներ Արմեն Գարսլյանը և Գրիգոր Թաշչյանը: Նրանք իրենց խոսքում կարևորել են դպրոցի դերակատարությունը քաղաքում բնակվող հայերի, հատկապես՝ երիտասարդների հոգևոր, մշակութային և կրթական կյանքում:

Հոբելյանի առիթով շնորհավորելու էին եկել համայնքային անդամներ, դպրոցի նախկին շրջանավարտներ, Պերմի քաղաքային իշխանությունների, ազգային հասարակական կազմակերպությունների, Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ներկաներին լուսանկարների միջոցով ներկայացվել է դպրոցի գործունեության տասնհինգ տարին, որից հետո շրջանավարտները դպրոցական տարիներից իրենց ջերմ հիշողություններով են կիսվել և ասմունքել:

Տեսաուղերձի միջոցով շնորհավորական խոսք են հղել դպրոցի խորհրդի անդամ, Նյու Յորքում ապրող Արտավազդ Վարդանյանը և դպրոցի շրջանավարտ, ժնև սովորելու մեկնած Արևիկ Գարսլյանը:

Հոբելյանական ցերեկույթն ավարտվել է Արարատ լեռը, Արարատյան դաշտն ու Արաքս գետը պատկերող տոնական տորթի հյուրասիրությամբ:

12 7105 6

12 13

Scroll Up