Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի Ազգային կենտրոնական վարչության պատվիրակությանը, որի կազմում էին փոխատենապետ Սարգիս Չոլաքյանը, ատենադպիր Սարգիս Գոթունյանը, վարչության անդամ Գևորգ Գաթոյանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց կազմակերպության հայանպաստ, ազգանվեր գործունեությունը և նշեց, որ Իրաքի պատերազմական իրավիճակի պայմաններում կազմակերպության վրա է դրվում նաև համայնք-պետություն փոխհարաբերությունների կարգավորման առաքելությունը:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար: Նրանք նախարարին ներկայացրին կազմակերպության, եկեղեցու, համայնքային այլ կառույցների իրականացրած աշխատանքները, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ավելի ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին: Իրաքի Ազգային կենտրոնական վարչության փոխատենապետը նախարարին ներկայացրեց հայկական համայնքի խնդիրները, ցավով նշելով հայոց լեզվի նահանջի և համայնքի նոսրացման մասին: Անդրադարձ կատարվեց Հայաստան տեղափոխվել ցանկացող իրաքահայերին աջակցելու, նրանց կեցության, աշխատանքի տեղավորման, ուսման խնդիրները կարգավորելու հարցում:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության և կազմակերպական հարցեր, նախանշվեցին անելիքները: