Մշակույթը փակ դռներ է բացում

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինայի հայկական նվագարանների «Գուսան» համույթի գեղարվեստական ղեկավար Էնրիկե Ավագյանին և նրա տիկնոջը՝ Կորդոբայի հայկական եկեղեցուն կից նախակրթարանի ուսուցչուհի Լենա Ավագյանին:

Ջերմորեն ողջունելով հեռավոր Արգենտինայից ժամանած հյուրերին՝ նախարարն իր հիացմունքն արտահայտեց հայապահպանությանը միտված Ավագյանների ընտանիքի գործունեության և ներդրած ջանքերի վերաբերյալ:

«Ճակատագիրը ձեր ընտանիքի համար զարմանալի ոդիսական էր կանխորոշել, 1911թ. Ավագյան գերդաստանի տղամարդիկ՝ մեկնելով Արգենտինա աշխատելու, չէին պատկերացնում, որ 1915 թվականին  Հայրենիքում մարելու է իրենց շեն օջախը: Սա Հայոց ցեղասպանության ողջ ողբերգությունը հեռվում ապրած, տառապած և վերընձյուղված ընտանիքի պատմություն է, ընտանիք, որի, արդեն չորրորդ սերունդն է վրեժ լուծում ՝ հեռավոր Կորդոբայում կառուցելով փոքրիկ հայրենիք, տարածելով հայ մշակույթը, մանուկներին ավանդելով մեր քաղցրահնչյուն մայրենին: Շնորհակալություն Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ձեր խիզախ ձեռնարկների,  Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի և Հայաստանի կողքին լինելու համար: Մեր թանգարանում պահպանվում է ձեր սաների պատրաստած կարմիր գանձանակը, որի մեջ հավաքել ու Հայրենիք էիք բերել ձեր օգնությունը: Շնորհակալություն, սիրելի Էնրիկե և Լենա, որ ձեր երեք որդիների հետ միասին փորձում եք պահպանել համայնքի հայեցի նկարագիրը, որ հայոց ազգային նվագարանները արդեն 47 տարի Լատինական Ամերիկային ռիթմերին զուգահեռ խոսում են հայերեն,  հմայում ու պատմում են հայերեն՝ փոխանցելով հայրենիքի կարոտի կանչը: Հուսամ, որ վաստակաշատ  «Գուսան» համույթն իր 50-ամյակը տոնելու է Հայաստանում: Վստահ եմ, որ մասնակցելով  Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին՝ դուք համակվեցիք նոր կորովով, նոր ստեղծագործական լիցքերով և առավել մեծ ոգևորությամբ եք շարունակելու ձեր գործը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էնրիկե Ավագյանը նշեց, որ իրենք գործում են՝ գիտակցելով, որ մշակույթը փակ դռներ է բացում, որ Սփյուռքում մշակույթն ու ընտանիքն են հային հայ պահում, որ իրենց  Րաֆֆի, Արամ և Վարդան որդիները շարունակելու են Ավագյան ընտանիքի հայապահպան առաքելությունը:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետություն ցուցաբերելու  և իր գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար Արգենտինայի հայկական նվագարանների «Գուսան» համույթի գեղարվեստական ղեկավար Էնրիկե Ավագյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:

Ուսուցի օրվա կապակցությամբ Նախարարը Լենա Ավագյանին հանձնեց Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը՝ մեծ նվիրվածությամբ մանուկներին մայրենի լեզուն ավանդելու համար:

Նախարար2

Scroll Up