«Պետք է դասագրքեր կազմեն նրանք, ովքեր դպրո՛ց գիտեն, դպրոցու՛մ են կոփվել». Լալիկ Խաչատրյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/02/IMG_7242.jpg)
Մայրենիի օրվան ընդառաջ կարևոր միջոցառումներից էր նաև շաբաթվա ընթացքում ՀՀ գիտությունների ակադեմիայում ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի աջակցությամբ կազմակերպած «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում կլոր-սեղան քննարկումը», որին մասնակցում էին ճանաչված լեզվաբաններ, մտավորականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում շոշափվեցին մայրենիի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց շուրջ էլ «Հայերն այսօր»-ի համար կայացավ իմ զրույցը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ինչու՞մն է Ձեզ համար Մայրենիի օրվա խորհուրդը:
–Մայրենիի խորհուրդն, առհասարակ, մեծ արժեք է, որովհետև լեզուն հայապահպանության առաջին գրավականն է, մեր ամրոցն ու բերդն է. որքան այն ամուր, մաքուր ու անթերի պահենք, այնքան մեր ամրոցը կայուն ու կատարյալ կլինի: Վերջապես լեզվի մշակույթը կամուրջ է, որը դարեր է կապում իրար, կապում է մեր մտածողությունը, մեր ժառանգությունը, և այդ առումով լեզվի մաքրությունն ու հստակությունը շատ կարևոր են: Հիշենք, որ այդ խորհուրդն սկսվում է դպրոցից, ուստի պետք է դպրոցում լեզվի դրվածքը, մատուցումը, ուսուցումը մեթոդապես, գիտականորեն, տեսականորեն ամուր հիմքերի վրա լինեն, որը պատրաստված աշակերտներ և ապագայում կարողություններով զինված ուսանողներ, որից հետո՝ պատրաստված ուսուցիչներ ունենալու գրավականն է: Ես դասավանդում եմ Մանկավարժական համալսարանում, և մեր առաքելությունն ուսուցիչներ պատրաստելն է, որը մեզ համար դառնում է յուրահատուկ դարբնոց՝ դպրոց ուղարկել մասնագետի, ով կապավովի մեր մշակութային տևականությունը, շարունակականությունը. դրա հիմքը լեզուն է: Ցանկացած առարկա, գիտակարգ, գիտաճյուղ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է լեզու իմանալ, նախ՝ հայերեն, հայեցի լեզվամտածողություն, լեզվադատողություն, որպեսզի մյուս առարկաներն ընկալեն, ըմբռնեն: Այս պարագայում լեզվի խոր, համակողմանի իմացություն է պետք: Մյուս կողմից էլ՝ լեզուն, գործնական իմացությունից բացի, ենթադրում է մատուցման առարկայական խնդիր, որպեսզի մյուս առարկաները՝ մաթեմատիկա, պատմություն, կենսաբանություն, քիմիա և այլն, մատուցվեն ճիշտ մշակված լեզվով, որպեսզի դասագրքերը նաև հիմք տան սովորելու: Մինչդեռ այսօրվա խնդիրը ոչ այնքան լեզվի պահպանման, որքան՝ դասագրքերի որակի բարելավման հարցն է. պետք է դասագրքեր կազմեն նրանք, ովքեր դպրո՛ց գիտեն, դպրո՛ց են ճանաչում, դպրոցո՛ւմ են կոփվել և ոչ թե աշխատասենյակներում նստած՝ լեզվի դասագիրք գրեն:
-Ընդհատեմ Ձեր խոսքը. չե՞ք կարծում, որ ճիշտ տարբերակներից մեկը լավագույն հին դասագրքերը վերահրատարակելն է:
-Լավագույն հներից առաջինն Արարարտ Ղարիբյանի դասագիրքն է, որը 30-ականներից գործել է շուրջ 30 տարի. անհրաժեշտ է ոչ թե հինը վերականգնել, այլ հնի ատաղձի, հենքի վրա կառուցել նորը՝ նոր մոտեցումներով: Հին գիրքը չի կարելի նույնությամբ այսօր մատուցել: Անշուշտ, համամիտ եմ, որ Արարատ Ղարիբյանի գրած լեզվի դասագիրքն անթերի էր. իմ սերունդը և ինձանից հետո եկողները հրաշալի հայերեն, քերականություն են սովորել այդ դասագրքերով, սակայն չմոռանանք, որ այդ գրքերը գրվել են 70 տարի առաջ:
-Պարո՛ն Խաչատրյան, այսօր, ինչպես նշվեց, շատերն են դասագրքեր գրում, սակայն դրանք ավելի խրթին են դարձել՝ սկսած բացատրության ձևից ու բառապաշարից և այդպիսով աշակերտների համար ինչ-որ ձևով ոչ այնքան հաճելի դարձրել քերականության դասերը:
-Համամի՛տ եմ. հուսանք, որ շատ բան ժամանակի ընթացքում կփոխվի: Կան լեզվի դասագրքեր՝ 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների, որոնք նորմալ գրքեր են: Դրանք կազմել է հեղինակային կարգին մասնագետների մի խումբ, իսկ 6-րդից հետո եղած գրքերը ես վտանգավորություն պարունակող գրքեր եմ համարում, կոշտ է հնչում, բայց ես դրանք խոտան եմ համարում, դրանք աշակերտի համար չեն, այդպես չե՛ն գրում. դա գրել են, որպեսզի ցույց տան, որ իրենք կարող են գրել:
-Շատ տարիներ առաջ բանասիրության բաժին ընդունվողների թիվը չափազանց մեծ էր, իսկ մեր օրերում չկա այդպիսի քանակ, իսկ դիմողներն էլ հիմնականում աղջիկներ են. ո՞րն է պատճառը:
– Կարճ ասեմ՝դրա վտանգավորության գործակիցն այն է, որ հեռանկար չունեն. դպրոցը կայուն, գրեթե անփոփոխ ուսուցչական կազմ ունի, ավարտելուց հետո ասպարեզ չկա աշխատելու, այդիսկ պատճառով մարդիկ հաշվի են առնում, թե ապագայում ինչ պետք է անեն, և քչանում է բանասիրության բաժին դիմողների թիվ, հատկապես՝ տղաների:
-Վերջին հարցս՝ Մայրենիի դասագրքերից մինչ այժմ եղածներից ո՞րն է Ձեր տեսանկյունից ամենից գնահատելին:
-Հարաբերական է լավի ու ամենալավի գաղափարը, բայց ասեմ՝ Արարատ Ղարիբյանի դասագիրքը, որը 1935 թվականից մինչև 1965 թվականը գործել է, Սերգեյ Աբրահամյանի գրքերը:
Ավարտելով իմ զրույցը ճանաչված լեզվաբանի հետ՝ որպես բանասեր, հայոց լեզվի ու գրականության մասնագետ, կրկին ինձ համակեց Մայրենիի՝ իմ ժամանակներում աշակերտի և ուսուցչի սեղանին դրված լեզվի այն լավագույն, մատչելի դասագրքերի կարոտախտը, որոնցով հղկվեց, սրբացվեց ու պահպանվեց իմ սերնդակիցների հայոց լեզուն: Հուսանք, որ, ինչպես նշեց Լալիկ Խաչատրյանը, հին դասագրքերի հենքի վրա կվերականգնվի լավագույն հինը՝ նորովի մոտեցմամբ, դարի կշռույթին համահունչ:
Կարինե Ավագյան