Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը

Նոյեմբերի 20-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:
Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:
«Ոչ վաղ անցյալում սիրիահայերը ներկայացնում էին Սիրիայում ծաղկուն հայկական համայնքը, իսկ այժմ բախման թոհուբոհում շատերը կորցրել են տունը և ապրուստի միջոցները,- ասաց ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիա Լուկյանովան,- ՊՀԾ սնունդը կօգնի հոգալ անցած երկու տարիներին բազմաթիվ ցնցումների ենթարկված այս խմբի մարդկանց տարրական կարիքների մի մասը»:
Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:
Ինչպես նշեց Կենտրոնի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: «Օգնություններ միշտ եղել են և դեռ լինելու են այնքան ժամանակ, մինչև իր ծննդավայրը ստիպված լքած, պատերազմի արհավիրքից Հայաստանում հանգրվանած բոլոր սիրիահայերը կարողանան աշխատանք գտնել, լուծել կենցաղային բազում հարցեր»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ծրագրի մասնակից բոլոր գերատեսչություններին, մասնավորապես Սփյուռքի նախարարությանը` սիրիահայերին հնարավորինս նյութական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: