ՀՀ սփյուռքի նախարարությունում Վահե և Գոհար Թութունջյանները ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծը

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի մասնակցությամբ կայացավ հավաք-հանդիպում սիրիահայերի հետ՝ «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները ներկայացնելու նպատակով:

Հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները: Ծրագրով նախատեսված է կառուցել 485 բնակարան:

Հատակագծի  համահեղինակներն են Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը և Ճարտարապետական պետական կոմիտեի  նախագահ Նարեկ Սարգսյանը:

Հանդիպմանը մասնակցում էին այն սիրիահայերը, ովքեր ցանկություն են հայտնել եւ հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Հայրենիքում սիրիահայերի հիմնավորման և բնակարաններ ձեռքբերելու նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարությամբ լուծվել են Աշտարակ քաղաքում հողատարածք տրամադրելու հարցերը, այժմ տեր եւ տիկին Թութունջյանները ներկայացնում են թաղամասի ամբողջականացված հատակագիծը»:

Վահե Թութունջյանը ներկայացրեց «Նոր Հալեպ» թաղամասի գլխավոր հատակագծի դիմային և կողային ճակատները, տիպային բնակարանների հատակագծերը: Նախատեսվում է համայնքին տրամադրել սպասարկման առաջին ոլորտները՝ խանութներ, դեղատուն, սրճարան, ավտոկանգառներ, բազմաֆունկցիոնալ ակումբ, լողավազան եւ այլն:

ՀՀ Կենտրոնական բանկի, «Կոնվերս» և «Հայբիզնես» բանկերի ներկայացուցիչները ներկայացրեցին «Նոր Հալեպ» թաղամասում  բնակարան ձեռք բերելու համար սիրիահայերին առաջարկվող հիպոթեկային վարկերի տրամադրման պայմանները և «Վարկեր երիտասարդ ընտանիքներին» վարկային ծրագիրը, պատասխանեցին դրանց հետ կապված սիրիահայերի հարցերին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կոչ արեց իրականացնել ազգային տուրքի ձեռնարկ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում՝ թաղամասի կառուցումը կյանքի կոչելու համար:

Ամերիկահայ փաստաբան Կարո Քարամյանը առաջարկեց ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցներին  աջակցել՝ հայրենիքում իրնեց օջախն ունենալու գործում:

Վերջում տեղի ունեցավ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման հետ կապված քննարկում:

unnamed (3) unnamed (4) unnamed (5)

Scroll Up