ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ցավակցական հեռագիրը Մայր Աթոռի միաբան Տ. Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի մահվան առիթով

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ,

ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ 

Վեհափա´ռ Տեր, 

Խոր վշտով իմացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ.  Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի մահվան բոթը:

Հայ Առաքելական Եկեղեցու զորացման և քրիստոնեական հավատքի ամրապնդման գործում մեծ ավանդ ունեցող հոգևորականի վախճանը հիրավի ծանր կորուստ է ինչպես  Հայոց Եկեղեցու, նաև հավատացյալ հայ ժողովրդի համար:

Նրա հոգևոր կենսագրությունը շաղկապված է Հայրենիքին և հայկական Սփյուռքին, Լոնդոնի Արքայական քոլեջում և երաժշտական ակադեմիայում ուսումնառության տարիները նա համատեղեց տեղի հայ համայնքի հոգևոր հովվի պաշտոնին՝ իր նպաստը բերելով ազգային հոգևոր ավանդների պահպանման և ամրապնդման գործին: Նրա՝ ազգային-եկեղեցական ուսանելի քարոզները տարածվել են Անգլիայի և ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմերում, Շվեդիայի հոգևոր հովվությունում և այլուր:

Նվիրյալ հոգևորականի հեղինակությամբ բազմաթիվ ուսումնասիրությունները, պատմական ու երաժշտական դասագրքերը, հրապարակախոսական աշխատությունները, հոգևոր երգերի ու շարականների ձայնապնակներն ու ձայնագրությունները գալիս են լրացնելու Հայ Եկեղեցու այն բազմերանգ գունապնակը, որը սրբորեն ավանդել են մեր հոգևոր հայրերը:

Անգնահատելի է Սրբազան հոր ներդրումը հայ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում, ինչպես նաև նրա արժանապատիվ կեցվածքն ու բծախնդիր մոտեցումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու և Արցախյան հիմնախնդրի արդարացի ներկայացման հարցում:

Հայ եկեղեցու մերօրյա նվիրյալը տարբեր հեղինակավոր ատյաններից առաջ քաշեց հարազատ ժողովրդի շահերից բխող հարցադրումները՝ նորովի իմաստավորելով էկումենիկ միջեկեղեցական կյանքը:

Ընդունե´ք իմ խորին ցավակցությունը: Այս ծանր պահին մենք Ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը:

ՄԱՏՉԻՄ Ի ՀԱՄԲՈՅՐ ՍՈՒՐԲ ԱՋՈՅԴ,

ԽՈՐԻՆ ԵՐԿՅՈՒՂԱԾՈՒԹՅԱՄԲ՝

 

 ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ    

Scroll Up