Հուշ-երեկո Շվեդիայում՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին

Հունվարի 19-ին Ստոկհոլմի «ABF» կենտրոնում տեղի է ունեցել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո, որի մասին «Հայերն այսօրի» հետ զրույցում  մանրամասներ է հաղորդել Շվեդիայի  Հայ դատի  հանձնախմբի և  Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի նախագահ  Արշակ Գավաֆյանը:

Վերջինս ասաց, որ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո՝ 2007–ի հունվարին, Ստոկհոլմի կենտրոնական հրապարակում համադրող կենտրոնը բողոքի ակցիա նախաձեռնեց, որին ՀԿ-ի հրավերով մասնակցեցին ասորիների, քրդերի և հույների ֆեդերացիաները և այլ շվեդական կազմակերպություններ: Հաջորդող տարիներին Թուրքիայում Մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեն Շվեդիայում հուշ-երեկոներ կազմակերպեց, որին իր գործուն մասնակցոթյուն ունեցավ ՀԿ-ն:

Քանի որ այս տարի լրանում էր Հրանտ Դինքի մահվան տաս տարին, համադրող կենտրոնը որոշեց ներկայանալի կազմով մասնակցել հուշ-երեկոյին. շվեդահայ համայնքից միջոցառմանը մասնակցեցին Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը, Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի և Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի նախագահ  Արշակ Գավաֆյանը, Շվեդիայի  հայկական միությունների  համադրող կենտրոնի  խոսնակ և նախկին նախագահ, ցեղասպանագետ Վահագն Ավետյանը, Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի հայրապետական պատվիրակության հայրապետական պատվիրակ, համայնքի հոգևոր հովիվ  Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:Այս ներկայացուցչական կազմով մասնակցելը հայերի մասնակցությունն առավել ընդգծելու նպատակ ուներ:

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանն իր ելույթում անդրադառնալով Դինքի ժառանգությանը՝ նշել է, որ Հրանտ Դինքն այն եզակի գործիչներից էր, որ Թուրքիայում բաց տեքստով խոսում էր հարևան ժողովուրդների միջև երկխոսության ծավալման անհրաժեշտության մասին, առաջիններից էր, որ չէր վախենում համարձակորեն խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ համոզված լինելով, որ երկու ժողովուրդները կարող են համատեղ ջանքերով հաղթահարել Ցեղասպանության հետևանքները։

Ըստ ՀՀ դեսպանի, այսօր՝ Դինքի սպանությունից մեկ տասնամյակ անց, նրա օրինակով ոգեշնչված շատերն են բարձրացնում նրա պայքարի ջահը՝ հանուն ժողովրդավարության, Թուրքիայում ապրող բոլոր ազգային փոքրամասնությունների հավասարության և մարդու իրավունքների։

Արշակ Գավաֆյանը խոսել է Դինքի սպանության դրդապատճառների մասին՝ շեշտելով, որ լրագրողի սպանությունից 10 տարի հետո Թուրքիայի ներքաղաքական վիճակը առավել քաոսային է դարձել, և որ նմանօրինակ սպանությունների դեպքում վայրագ, բռնատիրական կազմակերպությունների կամ մարդկանց մոտեցումները միշտ այդպիսի պատկեր է ունենում. չկարողանալով հաղթել գաղափարական հակառակորդներին՝ ֆիզիկապես ոչնչացնում են նրանց:

Բանախոսը վերջում անդրադարձել է Թուրքիայի մեջլիսի հայ ազգի պատգամավոր Կարո Փայլանին՝ հիշեցնելով, որ նրա նկատմամբ ուժեղ քարկոծում և հալածանք է գործադրվում: Արշակ Գավաֆյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն իրողությանը, որ Հրանտ Դինքի դեմ կիրառվող ճնշումներն այժմ նաև Կարո Փայլանի հանդեպ են կատարվում:

Նա խնդրի շուրջ առաջարկել է՝ Շվեդիայում և այլ պետություններում գործող միջազգային կազմակերպություններն ու կուսակցություններն իրենց բողոքի ձայնը հնչեցնեն՝ դադարեցնելու ոտնձգությունները հայազգի պատգամավորի հանդեպ: Արշակ Գավաֆյանը նշել է նաև, որ համացանցով աջակցության ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի:

Համադրող կենտրոնի խոսնակ և նախկին նախագահ Վահագն Ավետյանը նույնպես նշել է Թուրքիայում վերջին տաս տարիների ընթացքում ազատ խոսքի և մամուլի վիճակի վատթարացման մասին՝ կարևորելով Թուրքիայի հետ բանակցային թույլ քաղաքականություն վարելու գործընթացի փոխարեն՝ ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը՝  նշելով, որ դա Եվրամիության, խորհրդարանական պատգամավորների, կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես օրինակ՝ Ամնեստինի և սահմանազերծ լրագրողների միության պարտականությունն է քննադատություն ուղղել Թուրքիային և ստիպել, որ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկի:

«Հրանտ Դինքն իր կյանքով օրինակ ծառայեց շատերին՝ մարդկայնորեն ապրելու և մաքառելու հանուն արդարության, ճշմարիտ խոսքի ազատության` իր անձը որպես ողջակեզ դնելով ազգի զոհասեղանին։

Աղոթք և խունկ նրա արդար հոգու համար, և Աստծո օգնությունը Հրանտ Դինքի արդար գործը որպես ազգային առաքելություն շարունակելու համար»,-ասել է Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը::

Շվեդահայ համայնքի կողմից հուշ-երեկոյին մասնակցելու հրավեր են ստացել նաև Կարո Փայլանն ու Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, որոնք զբաղվածության պատճառով չեն կարողացել ներկա գտնվել: Ռաքել Դինքն իր ողջույնի խոսքն է հղել և երախտագիտություն հայտնել նախաձեռնությունը կազմակերպելու համար, որն էլ փոխանցվել է հավաքվածներին:

Հավելենք նաև, որ հիշատակի միջոցառմանը մասնակցել են պատգամավորներ, մտավորականներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ելույթ են ունեցել պատգամավոր, Թուրքիայում Մարդու իրավունքների հարցով շվեդական կոմիտեի նախագահ Դեսիրե Պետրուսը, փոխնախագահ, հուշ-երեկոյի կազմակերպման պատասխանատու Իսա Թուրանը, շվեդական «PEN» ասոցիացիայի գլխավոր քարտուղար Աննա Լիվիոն Ինգվարսոնը, Շվեդիայի լրագրողների միության նախագահ Յոնաս Նորդլինգը, «Amnesty International» Շվեդիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Անդրեա Բոդեկուլը, «SvD» օրաթերթի փոխնախագահ Անդերշ Բյորկմանը, Շվեդիայում քրդական համադրող խորհրդի նախագահ Քեյա Իզոլը, Շվեդիայում հայտնի լրագրող Քուրդո Բակշին։

Գևորգ  Չիչյան

257468

 

 

 

 

 

 

 

 

Scroll Up