«Ակօսի» նախկին խմբագրատունը կվերածվի «հիշողության և հույսի անկյունի»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/01/Hrant-Dink-Ofisi_Berge-Arabian_800x450.jpg)
«Հույսն ապրում է, երբ մարդիկ հիշում են». այս կարգախոսով է առաջնորդվում Հրանտ Դինքի անվան հիմնադրամը, որի նախաձեռնությամբ 2007թ.-ին սպանված պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիմնած «Ակօս» հայկական պարբերականի նախկին խմբագրատունը կվերածվի «հիշողության անկյունի»։ Այստեղ մարդիկ կկարողանան գտնել Դինքի և Թուրքիայում ազգային և կրոնական փոքրամասնությունների պայքարի հետ կապված տարատեսակ գրականություն, լուսանկարներ, կանցկացվեն ցուցադրություններ և քննարկումներ:
Ինչպես tert.am-ի փոխանցմամբ գրում է հիմնադրամի պաշտոնական կայքը` «այս գրասենյակն «Ակօսի» հիմնադրման առաջին իսկ օրվանից հազարավոր մարդկանց համար հույսի և վերափոխման վայր էր դարձել»: Հենց այս խմբագրատան դիմաց է սպանվել Դինքը 2007թ.-ի հունվարի 19-ին: Դինքի մահից հետո նրա ընտանիքի կողմից հիմնված հիմնադրամի աշխատակիցներն այժմ հույս ունեն, որ «Ակօսի» նախկին խմբագրությունն այսուհետ նույնպես կշարունակի իրականացնել իր կարևոր առաքելությունը և մնալ «հույսի անկյուն»:
Նշենք, որ Ստամբուլի Շիշլի թաղամասի Օսմանբեյ պողոտայի վրա գտնվող «Ակօսի» հին խմբագրատան տարածքը որպես խմբագրություն է ծառայել 1999թ.-ից մինչև 2015թ.-ը: