«Մենք հետամուտ ենք Հայոց ցեղասպանության հարցը հասցնել վերջնական հանգրվանի».Արշակ Գավաֆյան

Շվեդիայի Հայ դատի և Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի նախագահ Արշակ Գավաֆյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ամփոփում է 2016 թվականի կատարված աշխատանքները, որոնք ուղղված են եղել ո´չ միայն Հայոց ցեղասպանության հարցի ճանաչմանը, այլև՝ Արցախին, սիրիահայերին ու ջավախահայերին աջակցությանը:

-Պարո՛ն Գավաֆյան, եթե ամփոփելու լինենք Շվեդիայի Հայ դատի հանձնախմբի՝ 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ապա ինչպիսի՞արդյունք կունենանք:Որո՞նք էին հանձնախմբի ռազմավարությունն ու թիրախային նշանակության ծրագրերը:

-Մեր ընդհանուր նպատակների հիմքում Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, իրագործումը, Արցախի անկախությունը, ժողովրդի ինքորոշման իրավունքի ընդունումը, Ադրբեջանին սաստող քաղաքականության որդեգրումն ու իրագործումն է՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրից ինչ պահանջ ունենք: Ջավախահայերի իրավունքների համար պայքարելու, սիրիահայերի՝ թե՛ Սիրիայում, թե՛ Շվեդիայում աջակցելու հարցերը նույնպես մեր օրակարգում են:

 Շվեդիան մեզ համար կարևոր նշանակության երկիր է հյուսիսային Եվրոպայում, ուստի փորձում ենք այդ պետության հետ բազմակողմանի համագործակցության եզրեր ունենալ՝ամրապնդելով Հայաստան-Շվեդիա երկկողմ հարաբերությունները:

Դե, իհարկե, Շվեդիայի Հայ դատի հանձնախումբը հետամուտ է Շվեդիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության հարցը վերջնական հանգրվանի հասցնելու համար: Եթե նախկինում միայն ճանաչման հարցն էինք պահանջում, հիմա նաև՝ հատուցման. միայն ճանաչումը բավական չէ:

Ինչպես գիտենք, Շվեդիայի խորհրդարանը հայերի, ասորիների, հրեաների, քաղկեդոնացիների նկատմամբ Օսմանյան կայսրության կողմից կատարված մարդատյաց վայրագությունները 2010 թվականին որպես Ցեղասպանություն ընդունեց: Սակայն կառավարությունը չշարժվեց տեղից, որի պատճառով մենք բողոքեցինք: Քանի որ այդ ժամանակ Շվեդիայի Հայ դատի ներկայիս հանձնախումբը գոյություն չուներ, Շվեդիայում գործող ազգային, համայնքային կառույցների հետ պայքարեցինք:

Ըստ Շվեդիայի Սահմանադրության՝ երբ հարցը արտաքին հարաբերություններին է վերաբերվում, կառավարությունն ազատ է իր որոշումների մեջ: 2016 թվականին մենք աշխատանքներ տարանք, որ կառավարությունը ոչ միայն ընդունի, այլև՝ իրագործման անցնի՝ տարբեր ուղղություններով մեծամասշտաբ աշխատանքներ կատարելով: Օրինակ՝ խթանի, որ Շվեդիայում Ցեղասպանությունը որպես առարկա դասավանդվի և բազմաբնույթ այլ հարցեր:Այս առնչությամբ համագործակցեցինք Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ:

2015 թվականի վերջին, երբ Շվեդիայում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվեց, դա անցավ Սոցիալ-դեմոկրատների և «կանաչների» կոալիցիային, որոնք 2010 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին խորհրդարանում կողմ քվեարկեցին:

Սոցիալ-դեմոկրատները, ովքեր կառավարության կոալիցիայի գլխավոր կուսակցությունն են, իրենց ընտրարշավի ծրագրի մեջ հայտարարել էին, որ ընտրվելու դեպքում խորհրդարանի ընդունած ցեղասպանության բանաձևը կառավարություն կանցկացնեն:

Սակայն ընտրվելուց հետո հասկացանք՝ խուսափում են խոստումը կատարել: Մեր և մյուս կազմակերպությունների պնդումների հետևանքով` Արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ հանձնախումբ են ստեղծելու՝ քննելու Հայոց ցեղասպանության հարցը: Ես Հայ դատի կողմից նամակ գրեցի՝ մեկ անգամ ևս մատնանշելով, որ կարիք չկա հարցը նորից քննելու, որովհետև խորհրդարանն արդեն հինգ տարի առաջ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ հարցը պետք է ուսումնասիրել հասարակական-քաղաքական տեսանկյունից: Այդ հանձնախումբը ամիսներ հետո մեզ մի ընդհանուր անորոշ զեկույց ներկայացրեց, որը որևէ աղերս չուներ Հայոց ցեղասպանության ուղղակի ճանաչման կամ մերժման խնդրի հետ: Դրանից հետո որոշեցինք հանդիպել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմիի  քաղաքական խորհրդատուին:

Նրան ներկայացրեցինք Հայոց ցեղասպանության ընդունման հարցում մեր կողմից կատարված աշխատանքները: Որպես տեղեկություն՝ նրան հանձնեցինք հրատարակված գրքեր և ասացինք, որ ուզում ենք հանդիպել նախարարի հետ: Այժմ պատասխանի ենք սպասում:

Նշեմ նաև, որ 2017 թվականին գարնանը Սոցիալ-դեմոկրատների ընդհանուր տարեկան ժողովն է լինելու, որտեղ որոշել ենք ներկայացնել մեր պահանջները: Այդ նպատակով արդեն հանդիպում ենք ունեցել նրանց կուսակցության քարտուղարի տեղակալի և մի պատգամավորի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպայի Հայ դատի ֆեդերացիայի նախագահ Գասպար Կարապետյանը և աշխատանքների համակարգող Հեղինե Էվինյանը:

Հայոց ցեղասպանության հարցով ավելացնեմ նաև, որ մեր կազմակերպմամբ 2016 թվականին Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի և Հայ առաքելական եկեղեցու հետ հանդիպումներ ենք ունեցել Շվեդիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դեսպանների հետ և մեր երախտագիտությունը հայտնել՝ շնորհակալագրեր հանձնելով նրանց:

%d5%a1-1

-2016 թվականը շրջադարձային, ծանր տարի էր Հայաստանի ու Արցախի համար, և ենթադրելի է՝ հանձնախմբի գործունեությունը չի սահմանափակվել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ: Կնշե՞ք, թե այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվել:

 -Արցախի հարցը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Տարբեր միջոցներով Շվեդիայում և միջազգային այլ հարթակներում փորձում ենք հասանելի դարձնել Արցախի հանդեպ Ադրբեջանի վարած սանձարձակ քաղաքականություը:

Կառավարությանը, Արտաքին գործերի նախարարությանը և պատկան այլ մարմիններին բողոքի և աչալրջություն ցուցաբերելու նամակներ, հայտարարություններ ենք հղել՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտության դեպքում պետք է Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի հրաժարվի սադրիչ քաղաքականությունից:

2016 թվականի փետրվարին Հայ դատի և Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի կողմից հանդիպում ենք ունեցել Շվեդ–հայկական բարեկամական միջխորհրդարանական խմբի հետ, որը Շվեդիայի խորհրդարանի բոլոր կուսակցություններից կազմված աշխատանքային խմբակ է: Այս հանդիպումով ևս նպատակ ունեինք ճշմարտությունն ասելու Բաքվի նախահարձակ ճնշումների վերաբերյալ`փորձելով իրենց կուսակցությունների միջոցով զսպելու ադրբեջանական ագրեսիան:

Բացի դրանից, տարբեր առիթներով, հատկապես՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մենք նորից հայտարարություններով և նամակներով դիմեցինք կառավարությանը, որպեսզի միջամտեն՝ կանխելու և թույլ չտալու նմանօրինակ սադրիչ քայլերը: Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի և Հայ առաքելական եկեղեցու հետ միասին բողոքի երթեր կազմակերպեցինք, տարաբնույթ բանակցություններ ունեցանք՝ ի պաշտպանություն Արցախի:

 Մեկ այլ նախաձեռնություն էլ իրականացրեցինք, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի նախագիծը, որի զեկուցողն էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող թուրքամետ պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Նա հանդես էր եկել «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցով:

 Պատգամավորը միաժամանակ այնպիսի դիրքորոշում էր որդեգրել, թե իբր դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, այլ կերպ ասած՝ Արցախի նկատմամբ երկակի խաղի մեջ էր մտել:

Եվրոպայի Հայ դատի մարմնի հանձնախմբերը, նախագահ Գասպար Կարապետյանի գլխավորությամբ, սկսեցին իրենց երկրի խորհրդարանականների հետ այս խնդրի շուրջ աշխատանքներ տանել՝ հորդորելով կուլ չգնալու Ադրբեջանի կողմից «մատուցվող» խայծին:

Մեկ այլ՝“Escalation of violence in Nagorno-Karabakh and the other occupied territories of Azerbaijan” վերտառությամբ նախագծի քվեարկության աշխատանքին մասնակցեցինք, որն ուղղակի Արցախի դեմ և ի օգուտ Ադրբեջանի էր:

Այս հարցերը միաժամանակ քննարկվեցին, և Հայ դատի հանձնախմբերի տարած աշխատանքի շնորհիվ՝ երկրորդ նախագիծը քվեարկվեց հօգուտ մեզ: Մենք Շվեդիայում կապվեցինք ԵԽԽՎ-ի շվեդացի պատգամավորների հետ և մեր բացատրությունների շնորհիվ էր, որ բոլորը մեր օգտին քվեարկեցին: Այդ նախագծի հեղինակն անգլիացի թուրքամետ պատգամավոր Ռոբերտ Վալտերն էր:

%d5%a1-2%d5%a1-3

-Շվեդիայի Հայ դատի հանձնախումբը ջանքեր էր գործադրում, որ Ցեղասպանությունը Շվեդիայում որպես առարկա դասավանդվեր: Ի՞նչ հանգրվանի է հասել այս հարցը:

-Այս հարցում երկու ճանապարհ ունենք ընտրելու՝ կամ խորհրդարանի վավերացմանը բանաձև ներկայացնել, կամ կառավարությունից դուրս գործող դպրոցների կառավարման հիմնարկության հետ բանակցել: Ուզում ենք վստահ լինել, որ կհաջողենք: Այժմ քննարկումների փուլում ենք, որպեսզի ցանկալի արդյունքի հասնելու համար ճիշտ քայլեր օգտագործենք: Մեր վերջնական նպատակն է, որ Հայոց ցեղասպանությունը Շվեդիայի դպրոցներում որպես պարտադիր առարկա դասավանդվի: Այդ նպատակով այն առաջարկի տեսքով պատրաստվում ենք խորհրդարան ներկայացնել:

 Ի դեպ, Շվեդիայի դպրոցների որոշ դասագրքերում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև մյուս ազգերի նկատմամբ կատարված ցեղասպանությունների մասին տեղեկություններ են զետեղված: Այդ էջերը կոչվում են «վարդագույն էջեր», որոնք նշանակում են ոչ պարտադիր:

-Կարծում եմ՝ հանձնախմբի և, առհասարակ, շվեդահայ համայնքի համար 2016 թվականի կարևոր ձեռքբերումներից էր շվեդական դատարանի կողմից Շվեդթուրքական ընկերակցության փոխնախագահ Բարբարոս Լեյլանիի հայատյաց հայտարարությունները որպես  քրեական հանցագործություն որակելը: Ինչպե՞ս հասաք այս կարևոր հաղթանակին:

 -Երբ Բարբարոս Լեյլանին նման վարքագիծ դրսևորեց, Հայ դատը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը, բազմաթիվ կազմակերպություններ և տարբեր մարդիկ ոստիկանություն դիմեցին՝ ասելով, որ նրա պահվածքը սպառնալիք է՝ ուղղված հայ ազգին և մասնավորապես՝շվեդահայ համայնքին:

Հիսունից ավելի ծանուցում ուղարկեցինք դատախազին, որի հետևանքով դատ բացվեց: Շվեդիայի օրենադրության մեջ մի կետ կա, ըստ որի՝ նման հրապարակային սպառնալիքները ծանր տեսակի քրեական հանցագործություն են համարվում:

Ցավոք, դատախազը մեղմ պահանջ առաջարկեց դատարանին և դատավորն էլ մեղմ պատժի որոշում կայացրեց: Բարբարոս Լեյլանիի ոտնձգություններն, իհարկե, քրեական հանցագործություն համարեց՝ պահանջելով երկու տարվա պայմանական ազատազրկման և քառասնօրյա պատժավճարի մեղմ պատիժը:

Մենք դատավարության դահլիճում միայն հանդիսատեսի կարգավիճակով էինք գտնվում: Դրանից անմիջապես հետո Շվեդիայի ռադիոկայաններից մեկով ասուլիս ունենալով՝ ասացի, որ այն ծանր հանցագործություն է համարվում, որի դեպքում, ինչպես թելադրում է Շվեդիայի օրենսդրությունը, պատիժը 6 ամսից մինչև 4 տարի բանտարկություն է: Այժմ փորձելու ենք երկրորդ անգամ դատական կարգով բողոքարկել  կամ չընդունել դատախազի որոշումը:

Անհրաժեշտության դեպքում չենք հապաղի հայ փաստաբանի միջոցով հայկական դատ բացելու: Այս հարցով արդեն համատեղ ժողով ենք ունեցել փաստաբանի և Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանի հետ:

Հարցը քննել ենք նաև Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի վարչությունում և ապագայում հավանական դատի խնդրով  շվեդահայ համայնքն իր բոլոր կազմակերպություններով կկարողանա մասնակցել:

 52%d5%b7%d5%be%d5%a5%d5%a4%d5%ab%d5%a1

-Պարո՛ն Գավաֆյան, ՀՀ սփյուռքի նախարարությունը 2017 թվականը Արցախի տարի է հռչակել: Միաժամանակ իրականացնում է 2016թ. հոկտեմբերի 20-24-ը Երևանում և Ստեփանակերտում կայացած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցների կողմից նախաձեռնած «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումը: Ձեր կարծիքով՝ այս ուղղությամբ ի՞նչ նախաձեռնություններ կարելի է կյանքի կոչել:

-Տեղյակ եմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժումն է  իրականացնում: Իմ կարծիքով նմանօրինակ նախաձեռնությունները մեր ազգային շահերից են բխում, որոնք հայերի միախմբված լինելն ու հավաքական ուժն են ցույց տալիս:

Հուսանք՝ համահայկական շարժումն, իրոք, իր նպատակին կծառայի և Սփյուռքից անհատները, համայնքային կառույցները գործուն մասնակցություն կունենան ծրագրի շրջանակներում:

Շվեդահայերը միշտ Արցախի կողքին են: Ապրիլյան դեպքերից հետո համայնքը շատ արագ համախմբվեց՝ դրամահավաք կազմակերպելով Արցախին օգնելու համար: Այդ օրերին Շվեդիայի Հայ դատի հանձնախումբը Հայկական միությունների համադրող կենտրոնի, Շվեդիայում Հայ եկեղեցիների խորհուրդների և ՀՀ դեսպանատան հետ ընդգրկուն աշխատանքներ իրականացրեց:

Առհասարակ, բարձր եմ գնահատում ՀՀ սփյուռքի նախարարության հետ ունեցած մեր հարաբերությունները: ՀՀ սփյուռքի նախարարության՝ Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման ուղղությամբ տարվող ջանքերը դրվատանքի են արժանի:

2015 թվականին Շվեդիա կատարած այցելության ժամանակ Սփյկուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առանձին հանդիպում ունեցավ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Նրան ներկայացրեցինք մեր կողմից կյանքի կոչված ծրագրերը և հետագա համագործակցության ուղիները որոնելու նպատակով շահավետ քննարկումներ ծավալեցինք: Մեկ այլ հանդիպում նախարարի հետ ես ունեցա 2016 թվականի ամռանը, երբ Հայաստանում էի գտնվում:

ՀՀ սփյուռքի նախարարության առաջարկով նաև 2016 թվականին  Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի վարչության, դեսպանատան հետ միասին հեռակոնֆերանս կայացավ, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ պայմանավորվեցինք աշխուժացնել համայնքի մասնակցությունը նախարարության կողմից իրականացվող ամառային ծրագրերին:

Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի

 

 

 

Scroll Up