110 տոնածառ և 100 ձմեռային կոշիկներ՝ սիրիահայ ընտանիքներին 

Դեկտեմբերի 28-ին ՀԲԸՄ Հայաստանի և «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի համակարգմամբ՝ ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնում սիրիահայ ընտանիքներին ամանորյա անակնկալներ մատուցվեցին:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, սիրիահայ ծնողներ և այլ հյուրեր:

«Այս նախաձեռնությունը նպատակ ունի Ամանորին ուրախացնելու սիրիահայ ընտանիքներին, հատկապես՝ երեխաներին, ովքեր Սիրիայի ճգնաժամի հետևանքով հաստատվել են Հայաստանում: ՀԲԸՄ-ն տարիներ շարունակ տարբեր ծրագրերով աջակցում է նրանց: Արդեն երկրորդ տարին է՝ Ամանորի նախաշեմին իրականացնում ենք  այս արարողությունը: 2016 թվականին 650 երեխա օգտվեց ՀԲԸՄ-ի տրամադրած նվերներից:Քանի որ այս տարի ՀԲԸՄ-ն հիմնադրման 110-ամյակն է նշում, որոշեցինք խորհրդանշական 110 ընտանիքի ուրախություն պարգևել՝ նրանց նվիրելով արհեստական տոնածառեր և տոնածառի խաղալիքներ: Այս ծրագրի շրջանակներում մեզ միացավ «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ն, որը 100 երեխայի ձմեռային կոշիկներ տրամադրեց»,-«Հայերն այսօրին» տեղեկացրեց ՀԲԸՄ Հայաստանի մշակութային և հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:Երեխաներին ամանորյա 50 նվեր էր պատրաստել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Սիրիահայ ծնողները շնորհակալություն հայտնեցին երեխաներին ամանորյա ժպիտներ պարգևելու համար՝ նշելով այն փաստը, որ նման նախաձեռնություններն իրենց քաջալերում են:

Միջոցառման ավարտին երեխաներին միացան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:Նրանք շուրջպար բռնեցին, միասին արտասանեցին և երգեցին:

1 2 57

Scroll Up