«Լեզվի խնդիրները կարելի´ է շտկել, վերահսկել և դրական արդյունքների հասնել». Սերժ Սրապիոնյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/12/IMG_9249.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարությունն իր հայապահպան նախաձեռնությունների շրջանակներում մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայոց լեզվի հիմնախնդիրներին նվիրված հարցերը՝ կազմակերպելով քննարկումներ, գիտաժողովներ, որոնցից ոչ մեկն ինքնանպատակ չի արվում, և այդ ընթացքում բարձրաձայնվող խնդիրներն անպայման իրենց լուծումն են ստանում՝ ի շահ և ի պաշտպանություն մեր ոսկեղենիկ մայրենիի: ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի և ՀՀ գրողների միության համատեղ կազմակերպած «Հայոց լեզվի արդի խնդիրները» խորագրով՝ վերջերս տեղի ունեցած քննարկումն իր հետ բերեց հայոց լեզվի աղավաղման, աղճատման ու գռեհկացման հետ կապված մտահոգությունների մի շղթա, որի հանգուցալուծման շուրջ քննարկման ընթացքում հնչեցին տարբեր ելույթներ, կարծիքներ: Այդ առիթով բավականին համակողմանի խոսեց նաև Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ առաջարկելով քննարկվող հարցի՝ բոլորի կողմից ընդունելի, իրատեսական լուծումներ, ծրագրեր. այդ և լեզվին առնչվող մտահոգիչ այլ հարցերի շուրջ էլ «Հայերն այսօր»-ի համար ծավալվեց իմ զրույցը՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի հետ:
– Պարո՛ն Սրապիոնյան, բոլորս գիտենք, որ հայոց լեզվի արդի խնդիրները միշտ էլ արդի են, քանզի հայոց լեզուն այսօր, իրո՛ք, լավ վիճակում չէ և մեծամասամբ դրա մեղավորները զանգվածային լրատվամիջոցներն են. ինչպե՞ս կարելի է վերահսկել զանգվածային լրատվամիջոցների հայոց լեզուն, ո՞րն է դրա ուղիղ ճանապարհը:
– Հարցն ինքնին բավականին բարդ է և իր մեջ բազմաթիվ խնդիրներ է պարունակում. ամենից առաջ պետք է նկատել, թե ովքեր են լրատվադաշտի տերերը և որքանով է նրանց հետաքրքրում լեզվի կարգավիճակը: Եթե լրատվամիջոցն ունի խնդիրներ, որոնք առավելապես քաղաքական են, ինտրիգային կամ էլ՝ աղմկահարույց, բնականաբար, լեզուն, իբրև արտահայտչամիջոց, ետին պլան է մղվում: Լրատվամիջոցն ամենից ազդեցիկ ուժն է. ես նկատի ունեմ և՛ տպագիր մամուլը, և՛ էլեկտրոնայինը, և՛ հեռուստատեսությունն ու ռադիոն: Չհետևելով լեզվի այդ ընթացքին՝ լրատվամիջոցը (ոչ միտումնավոր) կատարում է արջի ծառայություն, որովհետև նրան միայն հետաքրքրում է, թե միտքը որքանով է հասկանալի, իսկ լեզվի անճշտության, անաղարտության հետ կապված խնդիրները նրան առանձնապես չեն հետաքրքրում: Տարիների ընթացքում կուտակվելով՝ այդ ամենը հանգեցնում է լեզվի ֆունկցիոնալ խանգարումների: Դարերով հաստատված բացարձակ, անհերքելի ճշմարտություն է, որ լեզուն հաղորդակցման միջոց է, և լեզուն ու մտածողությունը նույնական են. մենք այստեղի՛ց պետք է գանք: Եթե լեզուն մտածողության ձևն է, մտածողությունը՝ լեզվի բովանդակությունը, նշանակում է, որ մենք մեր մտածողությունը խաթարում ենք՝ խաթարելով մեր լեզուն: Այսօր կարող ենք հանդիպել բազմաթիվ լրագրողների, ովքեր հոդաբաշխ միտք արդեն չեն կարող կազմել: Այդ ամենը մեկ-երկու տասնամյակի ընթացքում տեղի ունեցավ մեր աչքերի առջև, սակայն դա անշտկելի ընթացք չէ. օրենքով և ուսուցման այլ գործառույթների մեջ ինչ-ինչ խնդիրներ պարտադիր դարձնելով՝ մենք կհասնենք այն բանին, որ լեզուն, ինչպես նահանջել է, այնպես էլ կամաց-կամաց կլինի իր տեղում: Խորհրդային տարիներից վերցնենք ցանկացած տպագիր մամուլ, համեմատենք այսօրվա մամուլի հետ և լեզվի մաքրության առումով կտեսնենք տարբերությունը. որևէ մեկը չէր կարող տպագիր, հրապարակային խոսքում գործածել «ա» օժանդակ բայը, որին ես խոսակցական լեզվում դեմ չեմ: Այդ տարիներին, եթե անգամ հրապարակախոսը վատ էր տիրապետում լեզվին, ապա կար խմբագիր, ով շատ լավ էր տիրապետում լեզվին, և այդ խմբագրի կատարած ուղղորդումները ճշգրիտ էին, լեզուն դառնում էր մաքրամաքուր: Նույնիսկ խորհրդային տարիներին կոլտնտեսության սովորական աշխատողները եթերում խոսում էին իրենց գյուղի խոսվածքով, իսկ խմբագիրները նրանց խոսքը մաքրում էին… Լրագրության այսքան բաժիններ են բացվել. ով չի հոգնում, լրագրության ֆակուլտետ է բացում, որովհետև գտնում են, թե այս մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի, սակայն պահանջարկը պետք է լինի գրագետ լրագրողների առումով: Լրագրության համար պետք է դրվի պարտադիր պայման, այսինքն՝ իր որևէ նյութով լեզուն խաթարող լրագրողը պետք է զրկվի մամուլում նյութ տպագրելու իրավունքից. դա 50 տոկոսով կլուծի խնդիրը: Սոցցանցերում չենք կարող այդ վերահսկողությունը սահմանել: Սոցցանցերում իրենց չսիրած մարդկանց վերաբերյալ գռեհկաբանություններ, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ են գրում, որը լեզվի պատվի համար մեծ վիրավորանք է, նաև վիրավորանք է մարդու ականջների ու աչքերի համար: Կա՞ն այնպիսի միջոցներ, տեխնոլոգիաներ, որոնցով կարողանան գտնել՝ հաճախ կեղծանուններով հանդես եկող նման օգտատերերին. իհարկե՛, կարո՛ղ են, կա՛ն այդպիսի տեխնոլոգիաներ… ուզում եմ ասել, որ լեզուն այսօր անխնա ձևով ոտքի տակ հունցվում է գարնանը ձյան հալոցքից հետո առաջացած ցեխի պես:
– Այսինքն՝ կարծում եք, որ դա կարելի է շտկել, վերահսկել և դրական արդյունքների հասնել…
– Ես ոչ միայն կարծում եմ, ես համոզվա՛ծ եմ. ես նույնիսկ գիտեմ այն մեխանիզմը, որի միջոցով հնարավոր է դա անել. մի ինչ-որ մարմին, ասենք՝ Լեզվի պետական տեսչությունը կամ Լեզվի բարձրագույն խորհուրդն ունենում է օրենսդրորեն իրեն ամրակայված իրավունքներ և զբաղվում է լեզվական գրաքննությամբ. եթե որևէ լրագրող մի քանի անգամ լեզվական զանցանքներ է թույլ տալիս, նա զրկվում է լրագրող լինելու իրավունքից այնպես, ինչպես վարորդն է զրկվում վարորդական իրավունքից, երբ շարունակ խախտումներ է թույլ տալիս: Այդժամ լրագրողը կհասկանա, որ լեզվական զանցանքը նույնքան համարժեք հանցանք է, կզգուշանա, զգոն կլինի, կվերահսկի իր խոսքը:
– Այսինքն՝ Դուք գտնում եք, որ զանգվածային բոլոր տեսակի լրատվամիջոցներում պետք է վերականգնել գրաքննիչի հաստիքը և խմբագրի լիարժեք գործունեությունն ապահովել. դա՞ է ուղիղ ճանապարհը:
– Այո՛, դա՛ է ուղիղ ճանապարհը լեզվի գծով: Այն մարդն, ով իրեն համարում է այսինչ թերթի խմբագիր, այնինչ կայքի տնօրեն, պետք է պատասխանատվություն կրի այն նյութի, այն հաղորդման համար, որտեղ կան լեզվական խախտումներ: Պատկերացրեք՝ բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց դնում են Աբովյանի տեղը և գտնում են, որ իրենք Երևանի խոսվածքը պետք է դարձնեն գրական լեզու և ա-ով՝ գընըմա-ով, ասըմա-ով, խոսըմա-ով արտահայտությունները գիրք դարձնեն ու ներկայացնեն վաղվա մեր սերնդին, որովհետև դա իրենց պարզ քմահաճույքն է, որովհետև Աբովյանը Արարատյան բարբառը դարձրեց լեզու. Աբովյա՛նը չդարձրեց լեզու, նա չէ՛ր էլ կարող լեզու ստեղծել, նա պարզապես գրավոր, տպագիր խոսքի միջոցով ամրագրեց այն լեզուն, որն արդեն ձեռք էր բերել հաղորդակցության ամենակատարյալ միջոցի արժեք, դրա համար էլ Աբովյանը հաջողեց, հակառակ դեպքում՝ նա հաջողություն չէր ունենա: Այն ժամանակվա հետազոտողները, ովքեր գրում էին, թե աշխարհաբարը ռամկական լեզու է, այնքան միամիտ չէին, որ այդպիսի բան գրեին, նրանք գիտեին, որ դա ռամկական լեզու է, բայց հաղորդակցության մեջ իրավունք էր ձեռք բերել հե՛նց այդ լեզուն: Այսօր Երևանի խոսվածքն արդեն չկա, քանի որ ամենատարբեր վայրերից բարբառները եկել են ու խառնվել իրար, դարձել բաբելոնյան մի խառնաշփոթ: Ի՞նչ է նշանակում խոսվածքը դարձնել գրական լեզու. գրական լեզուն շուրջ 200 տարուց ավելի իր իրավունքը ձեռք է բերել, և այն գեղարվեստորեն օգտագործվում է գրավոր հաղորդակցման համար: Խոսքի մեջ կարող ենք գործածել և՛ բարբառային բառեր, և՛ օտարաբանություններ:
– Պարո՛ն Սրապիոնյան, չե՞ք կարծում, որ այս հարցում մեծ դեր ունեն հրատարակչություններն ու հրատարակիչները… Շատ գրքեր են հրատարակվում, շատ հաղորդումներ են հեռարձակվում, որոնց վերջում գրվում է խմբագրի անունը, սակայն այնպիսի տպավորություն է, կարծես խմբագիրը կամ ընդհանրապես չի նայել կամ էլ՝ գրագիտությունը չի բավարարում:
– Ինքս էլ եմ գրքեր խմբագրել, իմ կողքին տեսել եմ գրքի դասական խմբագիրների: Համարել եմ, որ իմ խմբագրած գրքի ցանկացած սխալ, վրիպում հարվածում է իմ հեղինակությանը: Այդիսկ պատճառով որոշ գրքեր երկու անգամ եմ կարդացել, ստուգել, և ես գտնում եմ, որ ճի՛շտ եմ վարվել: Երբ գալիս է գրքի ազդօրինակը, նայում եմ և որոշ վրիպումներ եմ նկատում, որովհետև տպագրվելուց հետո տեքստն ավելի է մաքրվում, և սխալն ավելի աչքառու է: Ես կարծում եմ, որ գլխավոր փորձաքարը պետք է դառնա իրավունքի խնդիրը. այն մարդը, ով 1-2 անգամ արդեն խոտան է տվել, նա իրավուք չունի խմբագիր աշխատելու: Եթե բժիշկն անընդհատ մահվան ելքով վիրահատություններ է անում, նրան կթողնե՞ն վիրահատարան, եթե խմբագիրը շարունակ վրիպում է, նրան ինչո՞ւ պետք է թույլ տան մոտենալ գրքին, տեքստին: Բարեբախտաբար, մենք հիմա համատարած անգրագիտության պայմաններում չենք ապրում, և անպայման կգտնվեն գրագետ մարդիկ, ովքեր կսկսեն տեքստի հետ գրագետ աշխատել. կարծում եմ՝ լեզվի մաքրությունը պետք է սկսել այդտեղից: Լեզվի համար խոր ցավ ապրող մարդկանց մոտ ձևավորվում են կարծիքներ, թե խոսակցականը պետք է փոխել, խոսակցականի մեջ սա՛ են օգտագործում, ա՛յն են օգտագործում… Խոսակցականի մեջ ամեն ինչ կարող է լինել. այդ խոսակցակա՛նն է իր կարծեցյալ սխալներով, կարծեցյալ վրիպումներով բարձրանո՜ւմ, բարձրանո՜ւմ և, ի վերջո, հասնում մի մակարդակի, որ մտնում է գրավոր խոսքի մեջ, և գրավոր խոսքն սկսում է շնչել, կենդանանալ: Հիշենք Հրանտ Մաթևոսյանի գրվածքները, որոնք վաղ շրջանում գրեթե անհասկանալի էին՝ թե՛ կետադրության, թե՛ արտահայտությունների, թե՛ նախադասություններ կազմելու հետ կապված: Բայց լրջորեն կարդալով գրողի տեքստերը՝ մարդ զարմանում է այն գերխտացման և տեխնիկայի վրա, որը Մաթևոսյանական է. սվիններով ընդունված այդ լեզուն դարձավ օրինակելի լեզու: Գրողը լեզվաշինարար է. Տերյանը զտեց արևելահայ հայոց լեզուն, Շիրվանզադեն մաքրեց այն, Բակունցը երաժշտական դարձրեց… Դա բարձրագույն մակարդակն է: Անդրադարձ կատարեմ արևմտահայերենին. երբ կարդում ես Համաստեղ, Վազգեն Շուշանյան, Նիկողայոս Սարաֆյան, Մուշեղ Իշխան, տեսնում ես, թե ինչպես է շողում ու զրնգում արևմտահայերենը: Շուշանյանը, ով չէր տիրապետում հայոց լեզվին, ով հայկական կրթություն չուներ, մինչ այժմ առեղծված է մնում, թե նա ինչպես սովորեց դասական հայերենը և մնաց ամենամաքուր լեզվակիրն արևմտահայ գրականության մեջ: Մենք չե՞նք կարող ցանկության դեպքում արագորեն կարգավորել լեզվի ամենօրյա կիրառական տարածությունը. թե չէ՝ մեր լեզուն ասես դարձել է որբի գլուխ, և ամեն մի փորձարար դալլաքություն է սովորում այդ գլխի վրա: Այդ ամենը պետք է կարգավորել օրենքով: Շահագրգիռ մարդիկ պետք է մշակեն օրենքը և դնեն հանրապետության ղեկավարի սեղանին. եթե մենք կարողանանք հոդաբաշխ լեզվով շարադրել մեր ասելիքը, համոզված եմ, որ անպայմա՛ն դրական արձագանքը կլինի: Այդ գործն իրենց ուսերին առած մարդիկ՝ լեզվաբանները, պետք է մշակեն օրենքն ու ներկայացնեն: Թո՛ղ աղմկի լրատվության դաշտը, թո՛ղ ասի՝ մենք ազատ ենք մտածում… ազատ մտածելու համար լեզուն նաև բազմաթիվ հնարավորություններ է տալիս. տիրապետի՛ր, ազատ մտածիր, եթե չես տիրապետում, մի՛ աղավաղիր հայոց լեզուն
– «Արդի հայոց լեզվի խնդիրները» թեմայով քննարկման ընթացքում հնչեցին կարծիքներ՝ վերականգնելու հայոց լեզվին, գրականությանը նվիրված հաղորդաշարերը: Կարծում եմ՝ Դուք էլ եք համամիտ, սակայն բավարա՞ր է արդյոք միայն այդպես սովորեցնել ու նաև պահանջել, որ պահպանեն հայոց լեզուն, ճիշտ հայերեն
– Մենք այդտեղ արդեն մեծ վրիպում ենք թույլ տվել. Խորհրդային տարիներին, երբ մեզ արդեն խեղդում էին ռուսիզմով, զանազան օրենքներ էին բերում, հայոց լեզվի ժամերի հաշվին ավելացնում էին ռուսաց լեզվի ժամերը, ԽՍՀՄ պատմությունը հրամցնում էին որպես հայոց պատմություն, այդ ժամանակներում հայաշունչ շատ հաղորդաշարեր կային, իսկ հիմա միայն Հանրային ռադիոյով Լևոն Գալստյանը «Խոսենք հայերեն» վերնագրով մի քանի րոպեանոց հաղորդում է տալիս: Կարելի է ավելի շատ և ավելի ծավալուն հաղորդաշարեր անել: Վարդգես Ավետիսյանն է նաև շահեկան հաղորդում տալիս լեզվի, բառերի ծագումնաբանության մասին, բայց 1-2 ծաղիկը դեռևս ծաղկադաշտ չէ: Այսօր ամենահզոր ռազմավարական զենքը հեռուստատեսությունն է, որի գործերին (մանավանդ՝ մասնավորներին) պետությունն իրավունք չունի խառնվելու, բայց սա դեռ չի նշանակում, որ նրանք պետք է իրենց ցանկությամբ տնօրինեն հայոց լեզուն, եթեր հեռարձակեն սխալներով, տարօրինակ շեշտադրությամբ, օտարաբան արտահայտություններով ու բացականչություններով հեղեղված խոսք
– Պարո՛ն Սրապիոնյան, չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է ՀՀ սփյուռքի, Մշակույթի, Գիտության և կրթության նախարարությունների, Լեզվի պետական տեսչության, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, բուհերի հայոց լեզուների ամբիոնների հետ համատեղ կազմակերպել հայոց լեզվի արդի խնդիրներին նվիրված 1-2-օրյա համահայկական համաժողով
– Սփյուռքի նախարարությունն իր սկզբնավորման պահից մինչ այսօր լեզվի վերաբերյալ բազմաթիվ համաժողովներ է գումարել, նախարարությունը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, ԵՊՀ-ի հետ, և այդ գաղափարն, անշուշտ, կենսական և իրագործելի գաղափար է: Սփյուռքի նախարարությունը միշտ ձգտել է և արդեն հասել է այնպիսի հաջողությունների, որ շատերն են գալիս մեր բացած դաշտ, որովհետև տեսնում են, որ իբրև պետական գերատեսչություն՝ մեր նախարարությունը հիմնախնդիր է դարձրել ոչ միայն լեզվի անաղարտության և հայապահպանության խնդիրը, որը մեր գերակա ծրագրերից մեկն է, այլև՝ լեզվի ամենօրյա վերահսկողության խնդիրը: Առաջինը Սփյուռքի նախարարի մտքում ծնվեց Լեզվի պետական տեսչությունը վերականգնելու գաղափարը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհի՛վ ստեղծվեց ու ամրագրվեց Մայրենիի օրը՝ որպես պետական տոն: Նա կարողացավ հայափրկության խնդիրը զուգորդել հայապահպանության խնդրին և հայտարարեց, որ՝ «Հա՛յ է նա, ով իրեն հայ է զգում». սա այն մեկնակետն է, որից սկսվում է լեզվաիմացությունը: Բազմաթիվ ծրագրեր՝ լեզվի արագացված ուսուցում, «Արի տուն» ծրագրի շրջանակներում հայոց լեզվի մեկշաբաթյա դասընթացներ, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստում և այլն. այս ամենն, ըստ էության, Սփյուռքի նախարարի նախաձեռնություններն են, որոնք իրականություն են դառնում, և պետք է նպաստել, որ հավաքվեն բոլոր մասնագետները ու չասեն, որ պետությունը ոչինչ չի անում: Պետությունն ամեն ինչ անում է. հայոց պատմության մեջ ոչ մի ժամանակ չի եղել, որ մի ամբողջ գերատեսչություն այսպես զբաղվի հայոց լեզվի հարցերով: Համամիտ եմ Ձեր ասածին և կարծում եմ, որ, այո՛, պետք է մի քանի շահագրգիռ գերատեսչությունների միավորմամբ 3-4-օրյա տևողությամբ Համահայկական մեծ գիտաժողով կազմակերպել: Կարող ենք մասնագետների միջոցով օրենսդրական մի ակտ մշակել և հանձնել Ազգային ժողովի քննարկմանը: Այն, ինչ օրենքի ուժ կունենա, պետք է կատարվի, պարտադիր պետք է լինի, և այդ օրենքը խախտողը պետք է պատժվի: Կարծում եմ՝ նախարարը տանում է հենց դրան: Մնում է միայն ավելի արդյունավետ աշխատել և ոչ թե միայն զեկուցել, բանավիճել, զեկույցները տպագրել ու գնալ:
– Համամի՞տ եք, որ նման քննարկումներին կարելի է ներգրավել նաև երիտասարդների, ովքեր մտահոգված են լեզվի խնդիրներով, ունեն իրենց կարծիքը, ինչպես նաև՝ ներգրավել հայոց լեզվի մաքրության հանդեպ ընդդիմադիրների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր պատասխանատու են իրենց լրատվամիջոցներում թույլ տրվող լեզվական սխալների համար:
– Անշո՛ւշտ: Պետք է հստակ կազմակերպվի դա: Իհարկե՛, պետք է հրավիրվեն նաև լեզվագործածության մեջ իրենց շատ ազատ զգացող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե լեզուն չի կարելի կաղապարել: Իրո՛ք, սա շատ լավ մտահղացում է, որին, կարծում եմ, նախարարն ընթացք կտա: Կազմակերպիչների բազմազանությունը կխանգարի գործին, ուստի կազմակերպողը պետք է մեկը լինի, և եթե մեր նախարարը լինի, ես կարծում եմ՝ նախարարի անխոնջ գործունեության արդյունքում կհասնենք մի ընդհանուր հայտարարի:
– Պարո՛ն Սրապիոնյան, եթե Սփյուռքի նախարարությունը կարողացել է և կարող է տարբեր հեռուստաընկերություններով Սփյուռքի գաղթօջախներին նվիրված հաղորդումներ կազմակերպել, ինչո՞ւ չփորձի նաև լեզվի հետ կապված մի հաղորդաժամ տնօրինել եթերում. գուցեև հենց Դո՛ւք լինեք այդ գործի խորհրդատուն և ուղղորդողը:
– Առաջարկը շատ արդիական է, այո՛, կարելի է դիմել որևէ հեռուստաընկերության: Ցանկացած հեռուստաընկերության գերխնդիրը պետք է լինի նաև լեզվի քարոզչությունը՝ հաղորդաշարերի, ֆիլմերի միջոցով: Այդ հարցում «Շողակաթ» հեռուստաընկերությունն առաջադիմում է՝ ցուցադրվող բոլոր ֆիլմերը թարգմանվում են հայերեն: Առաջարկված հաղորդաժամը, մանավանդ՝ Հ1-ով, որն ամենատարածվածն է, պարտավոր ենք կազմակերպել: Ձեր արդիական առաջարկից ելնելով՝ ես կառաջարկեի մի այսպիսի համամասնություն՝ արևելահայերենի հետ տարածել նաև արևմտահայերենը: Օրինակ՝ Հակոբ Չոլաքյանի նման արևմտահայերենի մասնագետը կարող է պատրաստել հաղորդումներ արևմտահայերենով: Կարելի է այս միտքը քննարկել նախարարի հետ: Դա՛ է ճանապարհը: Լեզուն նաև ընտանիքի, ծնողների խնդիրն է. դպրոցներում, փա՛ռք Աստծո, լեզուն սովորեցնում են:
– Հայոց լեզվի արդի խնդիրներին նվիրված քննարկման ընթացքում խոսվեց նաև արևմտահայերենի մասին, հուսանք, որ մեր դպրոցներում, առավելապես՝ մասնագիտական ֆակուլտետներում, ավելի խոր ուսուցանելով՝ արևմտահայերենն էլ մերը կդարձնենք, երևի կունենանք 1-ժամանոց հաղորդումներ արևմտահայերենով, կայքերը, տպագիր մամուլը կունենան նաև էջեր՝ արևմտահայ լեզվով: Գուցե ավելի ընդլայնենք այս գաղափարը և ինչ-որ ձևով փրկենք արևմտահայերենը, չկորցնենք այն:
– Այո՛, եթե վտանգված է, հայերենի 2 ճյուղերից ավելի շատ վտանգված է արևմտահայերենը. կրող ժողովո՛ւրդն է պակասում: Թե որ դասարանից, որ տարիքից պետք է լուծել արևմտահայերեն սովորելու խնդիրը, դա արդեն պետք է որոշեն մանկավարժ-հոգեբանները, բայց երևույթը, որ պիտի կայանա, անկասկա՛ծ է: Փա՛ռք Աստծո, ունենք արևմտահայերենի մասնագետներ՝ ԵՊՀ-ի ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը, պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը, սփյուռքահայ Հակոբ Չոլաքյանը, այսօր ունենք նաև սիրիահայ ուսուցիչներ, ովքեր թեթև վերապատրաստումից հետո կարող են դասավանդել: Այս խնդիրը լուծելուն խանգարող ոչինչ չկա: Հայ մարդը նաև արևմտահայերենի ծարավ ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ արևմտահայերենի ջերմ ջատագովներից է, և այդ ներուժը պետք է օգտագործել:
– Պարո՛ն Սրապիոնյան, շնորհակալությո՛ւն բովանդակալից և շատ անհրաժեշտ հարցազրույցի համար. հուսանք, որ մոտ ապագայում իրականություն կդառնա հայոց լեզվի արդի խնդիրներին նվիրված համահայկական համաժողովը:
Զրուցեց Կարինե Ավագյանը