«Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունն ինձ համար աշխարհաճանաչ վանականի սիմֆոնիա է». Անի Մենուա
Երիտասարդ տաղանդներ
Աշխարհի որ ծայրում էլ հայն ապրի, հանգրվան գտնի, անպայմանորեն արարում է՝ կառուցում, գրում, նկարում, հյուսում, երգում ու նվագում…
Արարչից ի վերուստ ստացած բազմաշնորհությունը՝ հայկական ուրույն ձեռագիրն, իր ոսկեդրոշմն է թողել և շարունակում է թողնել համաշխարհային պատմության էջերին: Օտար ափերում ապրող մեր հայրենակիցները գրեթե բոլոր ոլորտներում առաջընթաց, հաղթանակներ ու նորություններ են գրանցում՝ ամեն անգամ փաստելով ու նորոգելով հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի յուրօրինակ առաքելությունը Երկիր մոլորակում:
…Վերջերս առիթ ունեցա զրուցելու օտար ափերում (Գերմանիայում) ապրող, հայ մշակույթի, պատմության նվիրյալներից մեկի՝ Անի Մենուայի հետ, ով դեռևս բավականին երիտասարդ լինելով, իր նվիրումն է բերում մեր ազգային հոգևոր շտեմարանին` գերմաներեն լեզվով թարգմանելով Դավիթ Անհաղթի փիլիսոփայական մեկնությունները` այդպիսով ամրագրելով նաև իր ատենախոսության թեմայի հիմքը:
-Անի՛, Դուք Ձեր ուսերին մեծ բեռ եք վերցրել՝ գերմաներեն թարգմանելով 5-6-րդ դարի հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր, հունաբան դպրոցի գլխավոր գործիչներից մեկի՝ Դավիթ Անհաղթի կամ ինչօպես նրան անվանում են՝ Դավիթ Ներգինացու, Դավիթ Հայի աշխատությունը. ինչո՞ւ հենց Դավիթ Անհաղթի գործը նախընտրեցիք:
-Առաջին պատճառներից մեկը, թե ինչու իմ ուշադրությունը գրավեց հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր Դավիթը, հենց նրան տրված Անհաղթ պատվանունն էր: Դավիթ Անհաղթի անունը պետք է դասվի համաշխարհային մեծության մտածողների շարքին՝ որպես հայ փիլիսոփա, բայց՝ չկա՛: Ինչո՞ւ: Պատճառը մեր պատմությունն է: Այն, ինչ որ հայ հին մշակույթը տվել է աշխարհին, ցավոք, այդ մասին ակադեմիական տարածքներում գրեթե խոսք չկա: Այս խնդրին ես առնչվել եմ նաև իմ ուսանողության տարիներին: Թե ինչու է այդպես, դա արդեն ինձ համար կարևոր չէ։ Դժվար չէ այդ հարցի պատասխանը գտնել, սակայն այդ հարցի պատասխանի փնտրտուքը տանում է դեպի բացասական շրջապտույտի: Ես հասկացել եմ այս վիճակը, և իմ հանձնառությունն է փոխել իրադրությունը: Այս ուղղությամբ աշխատանքի ծանրությունն ավելի թեթև է, քան՝ չաշխատելու և չգործելու բեռը:
-Գերմանացի ժողովուրդը, մասնավորապես՝ մտավորականությունը, ծանո՞թ է հին հայկական փիլիսոփայությանը, թե՞ սա առաջին ծանոթությունն է՝ Ձեր թարգմանության միջոցով:
– Գերմանացի ժողովուրդը դժվարությամբ է ընկալում, թե ինչ ասել է Հայաստան, և եթե ընկալում է, ապա չգիտի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Այդ իրողությունը կտրուկ փոխվեց վերջին ամիսներին, քանի որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագը (պառլամենտը) ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը: Գերմանական ակադեմիական մտքից դուրս գերմանալեզու աշխարհը չգիտի, թե ինչ է հին հայկական փիլիսոփայությունը, հայկական փիլիսոփայական միտքը կամ էլ՝ փիլիսոփայությունն այստեղ ճանաչված չէ: Իսկ այն պատճառները, որոնք ինչ-որ կերպ հասանելի են, այնպիսի ձև են ստացել, որ ո՛չ գերմանալեզու աշխարհի համար է ընդունելի, ո՛չ էլ՝ իմ կամ յուրաքանչյուր հայի համար:
-Զարմանալի է, որ դեռևս 5-6-րդ դարերում հին հայկական փիլիսոփայական միտքն աշխարհին արդեն տվել էր Դավիթ Անհաղթ, ում մասին սակայն շատ երկրներում չգիտեն, մինչդեռ ավելի ուշ՝ հետագա դարերում ծնունդ առած փիլիսոփայական մտքի կարկառուն ներկայացուցիչներ Հեգելին, Կանտին, Հումբոլտին, Ֆոյերբախին, Նիցշեին անգամ մեր փոքրիկ Հայաստանում գիտեն ոչ միայն մասնագետներն, այլև՝ ոչ մասնագետները. ինչու՞մն է, ըստ Ձեզ, այս երևույթի մեկնությունը:
– Իմ կարծիքով այս ֆենոմենի պատասխանը հեշտ է տալ, բայց ես իմ պատասխանով ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, քանի որ դա նաև հարգանքի հարց է: Մի փոքրիկ անալոգիա. ինչո՞ւ պիտի ուրիշը հարգի իմ տունը, եթե ես այն չեմ հարգում: Այսօր Հայաստանը կանգնած է հասարակական մեծ դեֆիցիտների առաջ: Ես տեսնում եմ շատ ակտիվ և կարող մեծ հայ արվեստագետների և մտածողների ոչ միայն Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ովքեր փորձում են ինչ-որ մի բան փոխել, գեղեցկացնել նաև հայ հասարակությունը՝ կապելով իրար հետ տարբեր աշխարհներ: Այս ամենը բոլոր ժամանակներում շատ լավ կարողանում են կատարել երիտասարդ արվեստագետներն ու մտածողները, քանի որ նրանք առավել ինքնուրույն են: Երիտասարդները պատրաստ են իրենց գիտելիքներն արդեն փոխանցել հաջորդ սերնդին, այս խնդրում միջին սերունդը մեծ թերացում ունի: Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց այս հարցում իմ ավագ սերունդը պետք է երիտասարդ սերնդին անպայման աջակցի, կամ՝ գոնե չխանգարի:
– Անի՛, բոլորին են գրեթե հայտնի Դավիթ Անհաղթի ազգային պատկանելության շուրջ եղած տարակարծությունները. Ձեր թարգմանությունը միաժամանակ կարո՞ղ է որևէ կերպ փարատել այդ տարակարծություններն ու վերահաստատել ճշմարտությունը:
– Այս խնդիրը ես գերմանալեզու աշխարհում ներկայացնում եմ միայնակ, գնացել եմ ճակատ ու հետս վերցրել եմ մի սպիտակ դրոշ: Ես փորձում եմ գերմանախոս դաշտում լուծել համահայկական մի խնդիր՝ ոչ միայն մեր, այլև՝ մեր ժառանգների համար: Ի սկզբանե կարևոր է հիմնաքարը ճիշտ դնել: Դավիթ Անհաղթի աշխատանքի հիմքում ես դրել եմ գրաբար հայերենը և ոչ թե հին հունարենը, որը մասնավորապես նշանակում է՝ ես ներկայացնում եմ Դավիթ Անհաղթին որպես հայ ակադեմիական միտք: Իմ դրած հիմնաքարը հետևյալն է՝ Դավիթ Անհաղթը հայ է, իսկ դրա ապացույցը գտնվում է հե՛նց Դավիթ Անհաղթի փիլիսոփայության մեջ, իսկ նրա փիլիսոփայական աշխատանքները գտնվում են մեր Մատենադարանում: Ով պնդել կամ պնդելու է հակառակը, նա պետք է իր ասածը կարողանա ապացուցել, որի համար պետք է փայլուն հասկանա հայոց լեզուն և հայի ոգին: Ինչ վերաբերում է ճշմարտությանը, ապա ճշմարտությունը շատ մեծ և բազմանկյուն բառ է. այն, ինչ որ մեզ համար ճշմարտություն է, դեռ չի նշանակում, որ դա ճշմարտություն է նաև ուրիշների համար: Այստեղ մենք պետք է հանդես գանք՝ որպես բարձր հասարակության ներկայացուցիչներ:
– Դավիթ Անհաղթը հայտնի է որպես մի քանի արժեքավոր գրքերի հեղինակ, սակայն դրանցից առավել շատ է ուսումնասիրվել «Սահմանք իմաստասիրության»-ը, որտեղ մեծ փիլիսոփան ու տրամաբանը հստակորեն գրում է սահմանման և բաժանման փիլիսոփայական մեկնության մասին, տալիս իր բանաձևը, այսօր վիճարկելի՞ է այդ սահմանումը, թե՞ դարձյալ արդիական է և անառարկելի:
– Մեծ մտածողները փոքր մտածողներից տարբերվում են նրանով, որ նրանց միտքը միշտ գործում է ժամանակից և տարածությունից դուրս: Դավիթ Անհաղթը մտնում է մեծ մտածողների շարքի մեջ. այս փաստը հազար հինգ հարյուր տարի անփոփոխ մեծություն է, որի վրա ժամանակը չունի ազդեցություն և կապ չունի, թե ժամանակի ընթացքում Դավիթ Անհաղթ անձի շուրջ ինչ պատմություններ են հյուսվել: Դավիթ Անհաղթի փիլիսոփայական հետքը մնացել է բոլոր առաջադեմ մտածողների մեջ, նրա փիլիսոփայությունը համատարած է և այդ փիլիսոփայության ուժը ոչ մի անգամ և ոչ մի տեղ չի կորչում:
– Աշխարհը, Դավիթ Անհաղթի կարծիքով, լիովին ճանաչելի է. համամի՞տ եք, ընդունելի՞ է այս ձևակերպումը Ձեզ համար:
– Այո՛, համամիտ եմ և ընդունելի է, լիովին ճանաչելի է երեք պատճառներով, որոնք միաժամանակ հանդիսանում են Դավիթ Անհաղթի փիլիսոփայության հիմքը՝ «Բոլոր մարդիկ հավասար են: Կա մի Աստված: Գեղեցկությունն Աստված է»:
-Անի՛, Անհաղթի գրքի թարգմանությունը, հետագայում Ձեր գիտական ատենախոսության հիմքը հանդիսանալուց բացի, ուրիշ ի՞նչ առաքելություն և միտում ունի:
-Նախ ասեմ, երբ ավարտեցի Մայնցի Johannes Gutenberg-Universität – Յոհաննես Գութենբերգի անվան համալսարանը, կատարեցի իմ թեկնածուական-մագիստրոսական ատենախոսությունը և ստացա Magistra Artium գիտական աստիճան՝ Կանտի փիլիսոփայության շրջանակներում։ Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը ամրապնդում է անհատի ազատությունը, ինձ համար փիլիսոփայությունը շնչելու օդ է, իսկ իմ իմացած լեզուներն ինձ համար վրձիններ են կամ գործիքներ, որոնցով ես նկարում եմ, պատկերում եմ աշխարհներ և անցնում եմ աշխարհից աշխարհ: Ես ունեմ երկու ուսուցիչ՝ Դավիթ Անհաղթը և Կանտ: Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունն ինձ համար աշխարհաճանաչ վանականի սիմֆոնիա է: Ես փորձում եմ հասկանալ և հնչեցնել Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը, բացի այդ, ես գրում եմ իմ սիմֆոնիան, ընդունելով՝ Բոլոր մարդիկ հավասար են: Կա մի Աստված: Գեղեցկությունն Աստված է:
Հարցազրույցը՝ Կարինե Ավագյանի