Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Լիբանանի Հայ ավետարանական առաջնորդների հետ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանան կատարած այցի շրջանակներում, դեկտեմբերի 11-ին Բեյրութի մոտակա գեղատեսիլ բարձունքի վրա գտնվող Հայ ավետարանական համագումարների կենտրոնում՝ ՔՋԱԿ-ում (Քրիստոնեական Ջանից ամառային ճամբար), հանդիպեց Հայ ավետարանական եկեղեցու հովիվների, կրթական խորհրդի, վարժարանների տնօրենների, հասարակական գործիչների և եկեղեցիների ներկայացուցիչների հետ:

Նախարարին ուղեկցում էին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանատան աշխատակիցներ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ ՄԱՀԱԵ-ի (Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցի) միության կենտրոնական մարմնի ատենապետ, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոստյանը ողջունեց նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա ներկայացրեց ՔՋԱԿ-ի մեջ կատարվող աշխատանքները, ուր հարյուրավոր մանուկներ, պատանիներ և երիտասարդներ հոգեպես դաստիարակվում են, հատկապես՝ ամառային համագումարների ընթացքում: Ապա շեշտեց Սփյուռք-Հայրենիք գործակցության շրջանակներում տարված փոխադարձ գնահատելի աշխատանքը՝ ի նպաստ հայակերտումի:

ՄԱՀԱԵ-ի միության նախագահ Մկրտիչ Գարագյոզյանը շնորհավորեց նախարար Հրանուշ Հակոբյանին վերանշանակվելու կապակցությամբ և բարձր գնահատեց նրա ունեցած դրական  ներդրումը Սփյուռքի տարբեր համայնքներում: Վերապատվելին ընդգծեց Հայաստանում և Սփյուռքում քրիստոնյա հայի ինքնության կարևորությունը Հայ ավետարանական եկեղեցու համար:

Իր խոսքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ի սրտե գոհունակություն հայտնեց ՔՋԱԿ-ի նման հավաքատեղիի գոյության և գործունեության համար: Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ՄԱՀԱԵ-ի միությանը և Հայ ավետարանչական ընկերակցությանը՝ իրենց գործակցության և Հայաստանի հանդեպ ունեցած նվիրումի համար:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Հրանուշ Հակոբյանը մանրամասն անդրադարձավ Հայաստանում հաստատված սիրիահայերին՝ նշելով վիճակագրական տվյալներ: Նախարարը ուրվագծեց նրանց քանակն ու կյանքը, հատկապես շեշտեց հալեպահայերի ներգործությունը հայաստանցիների կյանքում:

Հանդիպումն անցավ շատ ջերմ և ուրախ մթնոլորտում:

%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80

Scroll Up