Սփյուռքի նախարարությունում նշվեց ճանաչված լրագրող Հայկ Կարապետյանի «Ճշմարիտ գանձ» գրքի շնորհանդեսը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նշվեց «Հայերն այսօր» կայքի նախկին գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Հայկ Կարապետյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հիշատակի երեկոն և «Ճշմարիտ գանձ» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր  հովիվ  տեր Կյուրեղ  քահանա Տալյանը, ՀՀ սփյուռքի նախարարության, Հանրային ռադիոյի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գործընկերները, ընտանիքի անդամները, հյուրեր:

Երեկոն բացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա անդրադարձավ Հայկ Կարապետյան մարդու, արվեստագետի, լրագրողի նկարագրին, արժևորեց նրա անցած ուղին: Նախարարը մասնավորապես նշեց. «Այսօր ես տարիների հեռվից պիտի փաստեմ, որ չսխալվեցի՝ նրան վստահելով «Հայերն այսօր»-ի կայացման դժվարին գործը: «Հայերն այսօրը» պատվով շարունակում է կյանքի կոչել իր առաջին խմբագրի թողած լավագույն ավանդույթները: Երաժշտություն, պոեզիա,  հայ և համաշխարհային դասական գրականության անհատակ գանձարան, լրագրություն, գեղեցիկ, արվեստակիր ընտանիք ու հարազատներ. ահա այն աշխարհը, որտեղ Հայկ Կարապետյան հայի հրաշալի տեսակն ապրում ու արարում էր: Այսօր մեր սեղաններին է Հայկ Կարապետյանի «Ճշմարիտ գանձ» վերնագրով հարցազրույցների ժողովածուն, որի կազմողներ Լևոն Ավետիսյանն ու Անժելա Խաչատրյանն իրենց և մեր բոլորի սիրելի ընկերոջ՝ Հայկ Կարապետյանի ծննդյան օրվա առիթով հրաշալի նվեր են արել: Գիրքը Կարապետյանի ռադիո և հեռուստաեթերից տարիներ շարունակ հնչած մոտավորապես 3000 հոգևոր հարցազրույցներից ծաղկաքաղ է. այս գրքում զետեղված հարցազրույցներից շատ բան կարելի է սովորել  ու իմանալ Հայ Առաքելական եկեղեցու դերի ու նշանակության, հինգ տաղավար տոների, ծեսերի ու Աստվածային խորհուրդների մասին: Լրագրողի կողմից տրված հարցերը յուրաքանչյուրիս հետաքրքրող հարցեր են, որոնց լիարժեք պատասխանները Կարապետյանն իր լրագրողական նուրբ դիվանագիտությամբ, հոգու պարզությամբ ու գրագետ մոտեցմամբ կարողացել է ստանալ ու մատուցել իր ունկնդիրներին և ընթերցողներին: Հատկանշական է, որ հեղինակները գիրքն սկսել են  Աստվածային հրաշալի և բոլոր ժամանակներում  մարդկանց համար կարևոր խորհրդով՝«Աստված սեր է», հենց այս սիրով էլ շնորհավորենք Հայկ Կարապետյանի հարազատներին ու մեզ բոլորիս՝ Հայկի ծննդյան օրվա ու հարցազրույցների գրքի  լույս ընծայման առիթով»:

Ելույթ ունեցան նաև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը, գիրքը կազմողներ Լևոն Ավետիսյանը, Անժելա Խաչատրյանը, գրահրատակիչ, խմբագիր Սամվել Հարոյանը, «Հայերն այսօր»-ի լրագրող, բանաստեղծուհի Կարինե Ավագյանը, Հայկ կարապետյանի հարազատները, ընկերները:

Հայկական երգերի կատարմամբ հանդես եկավ «Վարպետներ» համույթի երգչուհի Անահիտ Սահակյանը:

Վերջում ներկայացվեց Հայկ Կարապետյանի հիշատակին նվիրված տեսաշար:

1-1 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17

Scroll Up