«Այրվում է՝ ասել է թե ապրում է…». Ջոն Քույումջյան

Այս հոդվածը մեր հայրենակցի՝ Լեհաստանում ապրող Ջոն Քույումջյանի «մենախոսությունն» է, որը պատմում է մի գեղեցիկ ձեռնարկի մասին, որին, հույս ունենք, մասնակից կլինի աշխարհի ամեն մի կետում ապրող հայ մարդը, ում հոգում դեռ մխում է Ցեղասպանության ցավն ու վառվում պայքարի ցասումը:

Եվ այսպես.

Խորհրդանշական մի ջահի պատմություն կամ` Սկիզբ…

Անկախ իմ աշխատանքի բնույթից՝ ես միշտ հետաքրքրվել եմ Ցեղասպանության խնդրով: Այս ուղղությամբ արդեն մի քանի տարի է` մտքումս տարբեր ծրագրեր եմ կազմում:

Ես նաև կինոյի խենթ եմ, և նկատի ունենալով, որ երկու տարի հետո Ցեղասպանության 100-ամյակը պիտի «ապրենք», մի սցենար եմ պատրաստել: Միակ սցենարն է, որ գրել եմ իմ կյանքում՝ առաջինն ու վերջինը:

Սցենարին զուգահեռ՝ մի գաղափար էլ է ծագել: Այն խորհրդանշական իմաստ է իր մեջ կրում, և իրականացման համար ինձ վրա մեծ ազդեցություն են թողել հեթանոսական շրջանի սիմվոլները՝ արևը, հուրը, կրակը, որոնք շարունակության խորհուրդ ունեն.  այրվում է՝ ասել է թե ապրում է:

Սկզբում նպատակս մոմ սարքելն էր, որը կներկայացներ ու կխորհրդանշեր Հայ եկեղեցու գմբեթը: Բայց մի փոքր մտածելուց հետո ասացի՝ մոմը կայրվի, կվերջանա: Եվ ծնվեց կանթեղ պատրաստելու գաղափարը: Նպատակս է, որ հատկապես 1915 թվականին  հոգեկան միություն լինի: Աշխարհի տարբեր կետերում, ուր ապրում է հայ մարդը, այդ ջահը վառի՝ ի հիշատակ ոչ թե լալու (բավական է. արդեն 100 տարի լաց ենք լինում), այլ մեր պայքարի համար: Մենք վերջին անձերն ենք, վերջին մոհիկանները, ովքեր կարող են մի բան փոխանցել: Եթե գավազանը, ջահը չփոխանցենք, այն այլևս կամաց-կամաց կմարի:

Խորհրդանշական այս ջահը, որն ամբողջությամբ բյուրեղապակուց է, պատրաստվել է  Չինաստանում: Սա չենք պատրաստել բիզնեսի համար, այլ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմը մեջտեղ բերելու համար է:

Ֆիլմի սցենարը ինը լեզվով է գրված, յուրաքանչյուր հերոս իր լեզվով է խոսելու.  հայը՝ հայերեն, թուրքը՝ թուրքերեն, անգլիացին՝ անգլերեն և այլն:

Եթե ուզում ենք որակյալ  ֆիլմ, դերասանները պետք է բարձր մակարդակ ունենան, հնչեղ անուններ: Բայց բոլորս էլ գիտենք, թե դա ինչ ջանքեր ու միջոցներ է պահանջում: Ու շատ կարևոր նախապայման է նաև, որ այդ անունները հայ չլինեն: Այն անձը կամ կազմակերպությունը, որը փող պետք է ներդնի ֆիլմի համար, բիզնես նպատակ պետք է հետապնդի  և իր պայմանները թելադրի, անգամ եթե հայ լինի: Որպեսզի որևէ միջամտություն չլինի, գաղափարն այս է՝ մենք պատրաստում ենք ֆիլմը՝ խորհրդանշական ջահերի շնորհիվ:

Այդ նպատակով կստեղծվի մի հիմնադրամ, որը պետք է զբաղվի ջահերի վաճառքով: Իհարկե, վաճառք ասելը մի քիչ հարաբերական է, որովհետև գինը խորհրդանշական է լինելու: Մենք ցանկանում ենք ներկայացնել այս ջահն իբրև աղյուս, ինչպես շինարարությունն է սկսվում մեկական աղյուսով (աղյուսներ, որոնք աստիճանաբար տան են վերածվում): Այս խորհրդանշական ջահերը կոչվելու են Եռագույն աղյուսներ, որոնց իրացումից ստացված գումարից էլ կգոյանա ֆիլմի բյուջեն:

DSC07382

Ջահերի իրացմամբ զբաղվող հիմնադրամի գործունեությունը թափանցիկ պետք է լինի, որպեսզի պարզ լինի, թե գումարներն ինչի կվերածվեն: Այս նախագիծը (ջահերի վաճառքը) տևելու է մինչև 2022 թիվը: Ֆիլմի բերած եկամուտը, ջահերից ստացված գումարը  բաժանվելու է: Հավաքված գումարի մի մասը կհատկացվի Լիբանանի հայկական որբանոցներին, մի մասը՝ Հայաստանի որբանոցներին, իսկ համեմատաբար փոքր մասեր՝ Լեհաստանի և այն երկրների հայկական համայնքներին, որոնք մասնակցել են այս ձեռնարկին: Այս նախագծի համար արդեն պատրաստել ենք 300 հազար ջահ, որը 4,5 միլիոն եվրո է արժեցել: Շուտով բոլոր ցանկացողները ջահերը կարող են ձեռք բերել տարբեր երկրներում գտնվող հայկական եկեղեցիներում, ընկերություներում:

Ջահը նաև իր մեջ խորհուրդ ունի. այն վառ պահելը նշանակում է մեր անմեղ նահատակների հիշատակը կենդանացնել:

Մենք շահ չենք հետապնդում, մեր նպատակն է Հայոց ցեղասպանության մասին անկախ ֆիլմ նկարահանել, որը երկու տարի հետո մեծ աղմուկ կբարձրացնի: Մեր նպատակն է, որ ֆիլմը լինի անկախ. որտեղ ցանկականանք՝ կցուցադրենք, որ երկրին կցանկանանք՝ կնվիրենք: Եթե կազմակերպություններ ֆինանսավորեին  (իսկ ցանկացողներ շատ կային), մենք նրանց ենթակա պետք է լինեինք, իրենց խաղի կանոններով պետք է իրագործեինք ամեն ինչ: Իսկ մենք չենք ցանկանում Հայոց ցեղասպանության 100-ամյակն ուրիշի սակարկության առարկա, ուրիշի օրենքին ենթակա դարձնել:

Նախնական համաձայնության ենք եկել արդեն մի քանի դերասանների հետ, ովքեր կնկարահանվեն ֆիլմում: Իհարկե, դեռ պայմանագրեր չենք կնքել, բայց գաղափարը նրանց հետաքրքրել է: Նշեմ միայն մի քանի անուններ՝ Շառլ Ազնավուր, Օմար Շարիֆ, Մոնիկա Բելուչի և այլք:

Որպես ֆիլմի ռեժիսոր՝ տարբեր անուններ են շրջանառվել, բայց  ի վերջո մեր ընտրությունը կանգ առավ Վիգեն Չալդրանյանի վրա: Վերջինիս հետ, Հովսեփի (Հովսեփ Սեֆերյան) շնորհիվ, անցյալ տարի ենք ծանոթացել: Ես նրան ուղարկեցի ֆիլմի սցենարը, և նա պատասխանեց, որ այն իր սրտին մոտ է:

Ֆիլմ դարձած 100-ամյա ճանապարհ

Ֆիլմն ունի իր մեսիջը. հիշատակն է երեք ազգերի ցեղասպանության՝ հայերի, Պոնտոսի հույների, ասորիների: Նախնական տարբերակը վերնագրված էր «Կարմիր խաչքար», բայց հետո որոշեցինք անվանել Էպիգեդեոն (մասնավոր երգեր հերոսների համար՝ Դյուցազներգ, էպիկական երգ):

Մի փոքր, որպեսզի փակագծերն ամբողջությամբ չբացենք, անդրադառնանք ֆիլմի սցենարին: Այն ինչ-որ տեղ իմ ընտանիքի պատմությունն է: Եսասիրության հարց չէ, բայց օրինակը մարդ իրմե պետք է առնի: Մեծ հորս հայրը Օսմանյան կայսրության 50 ամենահարուստ մարդկանցից մեկն է եղել: Հայտնի ոսկերիչ էր, յոթ եղբայր էին և երկու քույր: Բնակվել են Ադիամածոց (Կիլիկիա) քաղաքում և դեռ 1880-ական թվականներից ոսկերչական արտադրամաս են ունեցել՝ 60 աշխատողներով, ունեին նաև իրենց մասնավոր դրոշմը: Ձեռագործ աշխատանքները վաճառում էին եվրոպական պալատներում:

Ծավալվող իրադարձությունների 90 տոկոսը իրական դեպքեր են, մնացած 10 տոկոսը գեղեցկացնում, ձև, արտիստիկ շունչ են հաղորդում սյուժեին: Իմ ընտանիքի պատմության միջոցով ես ներկայացնում եմ զանազան դեպքեր, որ պատահել են տարբեր ընտանիքների հետ: Սա է պատճառը, որ հերոսները միայն անուններ ունեն: Պատմությունը բաղկացած է երեք բաժնից, որոնք կարմիր թելով կապված են միմյանց հետ:

Առաջին մասը կոչվում է Աղոթք:

Իրականում իմ մոտեցումը հավատի, քրիստոնեության հանդեպ քիչ մը տարբեր է: Ես հինգ տարի Վենետիկի Սուրբ Ղազար կղզու վանքում եմ մնացել: Տասը տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի կղզի, որն ինձ վրա շատ մեծ ազդեցություն է թողել: Ինձ համար հավատը, աստվածությունն այն չէ, ինչ կղերականներն են ներկայացնում:

Իմ կյանքի ընթացքում, հատկապես  վերջին 50-60 տարիներին, այն մտքին եմ հանգել, որ մեր հավատքը եզակի է, որովհետև մենք շատ լավ առասպելներ ենք ունեցել, որոնք շատ ավելի մարդկային էին և նվազ ագրեսիվ, քան հունականը: Վերջին 2000 տարվա ընթացքում այն ամենն, ինչ կար մեր լեգենդների մեջ, շատ մեղմորեն ձուլվել է քրիստոնեական հավատքին:

Եվ այսպես՝ ֆիլմը սկսվում է աղոթքով:

Երկրորդ մասը Աղոթքի Ճամփան է: Այն ճանապարը, որն անցնում են ֆիլմի հերոսները:

Երրորդը Գոյատևումն է. մենք Քրիստոս չենք, մենք հարություն չենք առել և չենք առնի: Մենք մոխրից դարձյալ ծնված ենք, ովքեր երբեք չեն մահացել: Ինչպես Ազնավուրի երգում է ասվում.

Ես զավակն եմ մի ազգի, որը չգիտի մահանալ…

Ես շարունակել եմ՝

Ես Քրիստոսն եմ մի ազգի, որը չգիտի խաչանալ, Ես վրեժն եմ մի ազգի, որը երբեք չի մոռանալ… 

Ֆիլմի կերպարները

Այժմ անդրադառնանք կերպարներին:

Նախ փորձեմ ընթերցողին ծանոթացնել իմ մեծ հոր ընտանիքի հետ: Ավագ եղբայրը՝ Մարտիրոսը, բժիշկ է եղել, ով Լոզանում է սովորել: Երկրորդը՝ Ռուբենը, շատ գեղեցիկ, փայլուն մարդ է եղել: Պատմում են, որ կանայք, երբ տեսնում էին նրան, անմիջապես սիրահարվում էին: Երրորդն իմ մեծ հոր հայրն էր, ում անունը Օհաննես էր: Ռուբենը գործնական նպատակով հաճախ էր լինում Իտալիայում: Մի անգամ էլ հետը մի իտալուհի է բերում՝ Ֆրանչեսկա անունով: Ամուսնանում և մի աղջիկ է ունենում՝ Աստղիկ անունով, որին նաև Ստելլա էին ասում: Երբ Ստելլան 5 տարեկան է լինում, մայրը՝ Ֆրանչեսկան, նրա աչքի առաջ թոքախտից մահանում է: Դա շատ է ազդում աղջկա վրա, և նա մինչև կյանքի վերջն այլևս չի խոսում: Մահանում է 82 տարեկանում  Լիբանանում:

Ստելլային մարմնավորելու է Մոնիկա Բելուչին: Այլ դերասանուհիների էլ էինք այս դերի համար նկատի ունեցել: Բայց ես Բելուչիի մասնացությամբ մի ֆիլմ եմ նայել, որտեղ նա համրի դեր է կատարում, ու նրա խաղը պարզապես ապշեցնող է՝ պերֆեկտ:

Մեկ օրում ջարդում են իմ մեծ հոր ամբողջ ընտանիքը:Կենդանի է մնում Ստելլան, ով այդ ժամանակ 32 տարեկան էր: Շատ խելացի կին է լինում: Երբ բռնում են աքսորի ճամփան, կաշառում է ժանդարմներին, որոնք իր մեծ տղայի կնոջը՝ Մարալին, որ հղի էր, և իր փոքր երեխային՝ Հրաչին, ով 6 տարեկան էր, չեն սպանում:

Ադիամանից աքսորի ճամփան բռնել են 7700 հոգի, կենդանի մնացել են միայն 103 հոգի՝ կանայք և երեխաներ: Ֆիլմում այս ամենը պատմվում է հիշողությունների միջոցով, որոնք «իմ ձեռքով» գրում է Ստելլան: Նա մահանում է 82 տարեկանում: Ֆիլմում մի կարևոր գիծ կա. Ստելլան ֆիլմի ամբողջ ընթացքում մի մեղեդի է հիշում, բայց չի հիշում, թե ինչ երգ է դա:

Ֆիլմի վերջում նա բացում է մի դուռ ու տեսնում 5-ամյա մի երեխայի, ով երգում է՝ ես լսեցի, մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ էր…բայց ափսոս որ, երազ էր… Տեսնում է մորը՝ Ֆրանչեսկային՝ պարտեզում պառկած, և բղավում է՝ ո´չ, այս ամբողջը երազ չէ, այս ամենը եղել է, պատահել է…

Հետևաբար, ո՞րն է ֆիլմի պատգամը… Այն, որ հակառակ ամեն տեսակ չարչարանքների, զոհողությունների, կոտորածների՝ կյանքը գեղեցիկ է: Սա մեզ ուղղված մեսիջ է, որ ապրենք և չլանք:

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են 1914 թվականին: Դեռ հստակ չգիտենք նկարահանման վայրը, բայց հավանաբար Բուլղարիայում կկատարենք:

Խոսքս ուզում եմ ավարտել հետևյալով. կյանքը բաղկացած է փոքր-փոքր բաներից, և կաթիլը կաթիլով է, որ քար կը ծակե: Յուրաքանչյուր հայի մասնակցությունն այս նախագծին  մեծ լումա կլինի մեր Մեծ հարցի լուծման ճանապարհին:

Ռուս բանաստեղծ Եվտուշենկոն ասել է՝ Արդարության շոգեկառքը ուշ կհասնի, բայց կհասնի: Մեր «արդարության շոգեկառքն» արդեն ճամփա է ընկել, ու թե երբ «տեղ կհասնի» կախված է միմիայն մեզանից…

Լուսինե Աբրահամյան

1

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, Ջոն Քույումջյան (աջից) և Հորդանանում Բրազիլիայի փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյան

Scroll Up