Նոր հաղորդաշար՝ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/05/logo5.jpg)
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Կարդում ենք միասին» հաղորդաշարը: Այն իրականացվում է Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի հետ համագործակցությամբ և կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Սփյուռքի ժամ» ծրագրի շրջանակներում:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ հաղորդաշարի նպատակն է մեծարել հայ գրականության դասականներին, խոնարհվել նրանց հիշատակի առաջ, ինչպես նաև՝ պահպանել ու տարածել նրանց ստեղծագործությունները:
Հաղորդաշարի ընթացքում հայ գրողների ստեղծագործությունները կներկայացվեն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համայնքների տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Հաղորդաշարում արդեն նկարահանվել են Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, լիբանանահայ երգչուհի Շողիկ Թորոսյանը, Վենետիկի Կաֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, Ավստրալիայի «Հայաստան-Սփյուռք» գործակցության մարմնի կազմակերպիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ և Ռամկավար ազատական կուսակցության Ավստրալիայի մասնաճյուղի ղեկավար Հայկ Լեփեջյանը, Սորբոնի համալսարանի հոգեբանության և լեզվաբանության դասախոս Հիլդա Գալֆայան-Փանոսյանը և այլք:
Հավելենք, որ հաղորդաշարը եթեր կհեռարձակվի յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը՝ 23:40-ին, կրկնությունը՝ չորեքշաբթի՝ 08:25-ին: Անդրանիկ եթերի ընթացքում կներկայացվեն հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: