ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ խեցեգործ, գործարար Նշան Բալյանին և նրա տիկնոջը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ խեցեգործ, գործարար Նշան Բալյանին և նրա տիկնոջը՝ Սիբա Բալյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց խեցեգործ Բալյանների մեծ հայրենակցի՝ Կոմիտասի անվան թանգարան ինստիտուտում կազմակերպված «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» ցուցահանդեսի կապակցությամբ, որտեղ ցուցադրվում են Նշան Բալյանի մոր՝ Մարի Բալյանի և Բալյան ընտանիքի աշխատանքները: Սփյուռքի նախարարն իր հիացմունքը հայտնեց գերդաստանի ավանդույթը շարունակող ու կատարելագործող արվեստագետի գործունեության վերաբերյալ, ով խեցեգործական իրերի գործարաններ ունի Երուսաղեմում և Հորդանանում և տարածաշրջանում ոլորտի ճանաչված ինժեներ է: Նախարարը հույս հայտնեց, որ Նշանն իր ընտանիքի ավանդույթները կփոխանցի նաև Հայաստանի խեցեգործներին, և հայրենիքում ևս գործարան կհիմնի:
Նշան Բալյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իր ընտանիքի ստեղծագործությունները ցուցադրվել են Վաշինգտոնում, Բոստոնում, Իսպանիայի Ալիկանտե քաղաքում, Թելավիվում, սակայն Կուտինայի Հանճարեղ զավակի՝ Կոմիտասի անվան թանգարանի ցուցադրությունը բացառիկ էր, ոգևորող ու պարտավորեցնող:
Հայոց ցեղասպանությունից առաջ Երուսաղեմի եկեղեցու գմբեթը վերանորոգելու նպատակով անգլիացիների կողմից Քյոթահիայից Իսրայել տեղափոխված երեք հայ խեցեգործների՝ Օհանյանների, Գարագաշյաններիև Բալյանների ընտանիքները հիմնեցին իրենց դպրոցն ու գործը, և երկու ընտանիքները մինչ այսօր, մեկ դարից ավելի զարգացնում են իրենց արվեստը:
Խեցեգործ վարպետը հպարտությամբ նշեց, որ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, թանգարան-ինստիտուտում գտել է իր հոր՝ Սեդրակ Բալյանի պատրաստած հայկական զինանշանով պնակը:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ներդրումներ կատարելու հետ կապված և այլ հարցեր: