«Սփյուռքի խմբագիրներն ու լրագրողները ուրախությամբ են արձագանքում համաժողովների հրավերներին».Աստղիկ Գևորգյան

Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանի հետ «Հայերն այսօրի» հարցազրույցի թեման հոկտեմբերի 20-24-ը կայանալիք «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրը կրող  Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովն է, որը կազմակերպում է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը` ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

– Տիկի՛ն Գևորգյան, Լրագրողների համահայկական համաժողովում Հայաստանի ժուռնալիստների միությունն ի՞ նչ մասնակցություն է ունենում:

– Հայաստանի ժուռնալիստների միությունը բոլոր համաժողովներին ամենաանմիջական մասնակցությունն է ունեցել: Եվ դա բնական է. արդեն քանի տարի է, Հայաստանի ժուռնալիստների միության վարչության նախաձեռնությամբ, միության անդամներ են նաև սփյուռքյան խմբագիրներն ու լրագրողները:

Նրանք գիտակցում են միության գործող անդամ լինելու անհրաժեշտությունը, քանի որ այդ միջոցով նույնպես ամրապնդվում է Հայրենիք-Սփյուռք կապը: Դա օգտակար է և՛ հայ, և՛ սփյուռքյան լրագրողներին:

Պետք է միշտ հիշենք, որ Սփյուռքը Հայաստանն է. դիտարկելով փաստը, որ ոչ թե 3 միլիոն, այլ՝ 10 միլիոն ենք, որն արդեն, որոշ իմաստով, կարգավիճակ է դարձել մեզ համար և ստիպում է հզոր զգալ: Իսկ հզոր լինելու համար պետք է գործող բոլոր կառույցներն ու օղակները միախմբվեն, փոխկապակցվեն և համագործակցելու առիթը բաց չթողնեն:

Այս բոլոր գաղափարները զարգացան և բուռն ընթացք ստացան հատկապես ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո: Իսկ մինչ այդ, կապերն ավելի ընկերային էին: ՀՀ սփյուռքի նախարարությունը կարողացավ պետականորեն դյուրացնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և սփյուռքյան լրատվամիջոցների շփման մեծ ցանց ստեղծել: Այդ ցանցը ստեղծվեց նաև իրավաբանների, բանկիրների, բժիշկների, ճարտարապետների և այլ մասնագետների հետ կայացած համաժողովների ժամանակ: ՀՀ սփյուռքի նախարարության տեսադաշտից  ոչ  մի ոլորտ չի վրիպել:

Գերատեսչության կողմից իրականացվող «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց, «Իմ Հայաստան» համայակական փառատոն և մյուս ծրագրերը փաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության անքակտելի լինելը, որի կապը երբեք չի թուլանում, այլ, ընդհակառակը, գնալով ամրապնդվում է և զորեղանում:

– Տեղի ունեցած համաժողովներից հետո Հայաստանի և Սփյուռքի ԶԼՄ-ների միջև փոխճանաչման, վստահության և համագործակցության դրական տեղաշարժ նկատելի՞ է: Համատեղ ուժերով՝ ի՞նչ նվաճումների եք հասել:

-Երկու տարին մեկ անգամ անցկացվող համաժողովները գալիս են մեզ համախմբելու, նեցուկ լինելու և միմյանց ջերմացնելու:

Իհարկե, բոլոր համաժողովներն ունեցել են իրենց արդյունքները: Նախևառաջ չի տարանջատվել Սփյուռքի և Հայաստանի լրագրող հասկացությունը. բոլորս մեկ ընտանիք ենք դարձել և մեկ սայլին լծվել՝ ապրելով իրար հոգսով և ուրախությամբ:

Վերացավ «մեր» և «ձեր» գաղափարը՝ դառնալով ամբողջություն: Սա է համաժողովի գլխավոր հաղթանակը: Ինչպես նաև այն, որ քաղաքական, կուսակցական խնդիրները չեն ներթափանցել մեր հարաբերությունների մեջ: Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ տարիների ընթացքում մասնակիցների թիվն ու աշխարհագրական ընդգրկումն աճեց. բոլորը մեծ ուրախությամբ  են արձագանքում համաժողովների հրավերներին:

 Կայացած համաժողովները խթանեցին նաև հայապահպանությանը և փոխճանաչմանը: Ժամանակն էր արդեն՝ խոսքից գործի անցնելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու համար ներդրումային ծրագրեր իրականացնելու:

Համաժողովի աշխատանքների արդյունավետությանը մեծապես նպաստում են հեռավար կապի միջոցով կազմակերպվող Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստերը, որի ընթացքում սփյուռքյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ քննարկում ենք համաժողովին առնչվող հարցեր:

Հայաստանը շատ ծանր և բարդ ամիսներ է ապրում. ապրիլյան քառօրյա պատերազմը, «Սասնա ծռեր» խմբավորման անդամների նախահարձակ գործողությունները մեկ անգամ ևս ապացուցեին Սփյուռքի՝ Հայաստանին օգտակար լինելու անհրաժեշտությունը: Մեզ ինչքա՜ն լավ էինք զգում, որ սփյուռքյան լրատվամիջոցներն անմիջապես և անվրեպ արձագանքում էին տեղի ունեցող իրադարձություններին՝ սատարելով  բոլորիս: Սփյուռքն էլ, հոգու խռովքով, ընդվզումով, մեզ հետ ցավի և կորստի պահեր ապրեց:

Այստեղ մեկ շատ լուրջ հանգամանք եմ ուզում կարևորել: Եթե նախկինում միայն մենք էինք լուսաբանում Հայաստանի և Արցախի սահմաններում կատարվող իրադարձությունները, որպեսզի աշխարհն իրազեկվեր հարևան պետության կողմից կատարվող սանձարձակությունների մասին, հիմա ինչպես սփյուռքյան մեր գործընկերները, այնպես էլ օտարալեզու մամուլն ակտիվորեն գրում են այդ ամենի մասին: Սա մեկ անգամ ևս ապացուցում է Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների համախմբված լինելը:

-Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովը կայանալու է Հայաստանում և Արցախում: Ձեր կարծիքով ի՞նչ խորհուրդ ունի Լեռնային Ղարաբաղում համաժողովի անցկացումը:

-Արցախում համաժողովի անցկացումը լրագրողներին միաբանվելու, սրտացավության, նվիրումի և հայրենասիրության զարմանալի ուժ է տալիս: Արցախի հողը, կարծես, խարիսխ լինի: Արցախ աշխարհում ընտանիքի նման ենք. անմիջապես համախմբվում ենք և ընդգծում ամենակարևոր գաղափարը՝ մենք միասին հավաքական ուժ ենք: Այն նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարն է արտահայտում: Ավելորդ է հիշեցնել, որ Սփյուռքն անտարբեր չէ Արցախյան հիմնախնդրին:

 Բոլորս պետք է միասնական, մեկ ուժ ու բռունցք  լինենք, ինչպես որ մեր համաժողովի՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագիրն է: Միայն այդ դեպքում կկարողանանք դիմագրավել մեր առջև ծառացած մարտահրավերները, հաղթել ցանկացած թշնամու և Արցախի խնդրի, Հայ դատի արդարացի լուծումը պահանջել:

Տեղին է հիշել Եղիշե Չարենցի խոսքերը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Հիմա առավել քան երբևէ մենք համոզվում ենք, թե որքա ՜ն  ճիշտ էր մեր հանճարեղ բանաստեղծը:

Անհրաժեշտ է մտածել մատաղ սերնդի մասին, հատկապես՝ Սփյուռքի, որոնք, ցրված լինելով տարբեր երկրներում, կանգնած են հայապահպանության լուրջ խնդրի առջև: Անհրաժեշտ է ամեն ջանք գործադրել, որ նրանք Հայաստանին ամուր կառչած լինեն:

Հայաստանի և Սփյուռքի երիտասարդները շատ տաղանդավոր են, որոնց ուժերի համախմբումը զգալի արդյունք կտա:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովից:

– Կարծում եմ, որ այս համաժողովը նույնպես շատ բարձր մակարդակով և կառուցողական մթնոլորտում կանցնի, որովհետև նիստերի հեռավար հանդիպումների ժամանակ, ուշադրությամբ ունկնդրելով լրագրողների և խմբագիրների առաջարկությունները, կարողացել ենք ճիշտ մշակել համաժողովի անցկացման ծրագիրը և ընթացակարգը:

Համակարգող խորհրդում մի նշաձող ունենք սահմանած՝ ոչ մեկին չնեղացնել և աշխատանքներն այնպես կազմակերպել, որ բոլորը հասցնեն իրենց տեսակետներն ու առաջարկները ներկայացնել:

-Տիկի՛ն Գևորգյան, ո՞րն է Ձեր ամփոփիչ խոսքը համաժողովին ընդառաջ:

Թերևս մեկ դժգոհություն ունեմ. հայաստանյան լրատվամիջոցները պասիվություն են ցուցաբերում համաժողովներին մասնակցելու և լուսաբանելու ուղղությամբ: Զարմացել էի, որ Հայաստանի ԶԼՄ-ներն այդքան քիչ լուսաբանեցին 2008 թվականին Ծաղկաձորում կայացած համաժողովի մեր աշխատանքերը:

Առհասարակ, նրանք սփյուռքյան խմբագիրների և լրագրողների հետ հարցազրույց անելու պատեհ առիթը պետք է բաց չթողնեն և չսահամանփակվեն համաժողովի մասին միայն տեղեկատվական նյութեր գրելով: Այստեղ ընդգծեմ, որ մարզային լրատվամիջոցները 2008 թվականի համաժողովն ամենից ակտիվը լուսաբանեցին: Հուսամ՝ այս տարի պատկերը բոլորովին այլ կլինի, և դժգոհելու առիթ չենք ունենա: Հաջողություն եմ մաղթում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներին:

Հարցազրույցը` Գևորգ Չիչյանի

 

Scroll Up