Սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում է սիրիահայերին աջակցելու համար. սիրիահայ դեղագետ

Սիրիահայ Սայիդ Դարեքը կնոջ և երկու տղաների հետ 2012 թվականին է Սիրիայից Հայաստան տեղափոխվել: Մասնագիտությամբ դեղագետ է, կրթություն ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որն ավարտել է 2001 թվականին:

Հաստատվելով հայրենիքում՝ այժմ Մուրացանի մանկական հիվանդանոցի դեղատանն է աշխատում, շատ գոհ է աշխատանքային ընկերներից, որոնց հետ հասցրել է բարիդրացիական հարաբերություններ  հաստատել:

Հայաստանյան հասարակությանն ինտեգրվելու և ծանոթություններ հաստատելու հարցում ամուսինները խնդիրներ չեն ունեցել, քանի որ բոլորի կողմից ջերմ ընդունելության են արժանացել: Եթե հանգամանքների բերումով, այնուամենայնիվ, խոչընդոտների են հանդիպել, դրանք ժպիտով են հաղթահարել՝ մտածելով, որ ամեն ինչ լավ է լինելու:

Խոսելով տղաների մասին՝ «Հայերն այսօր»-ի հետ զրույցում դեղագետը նշեց, որ նրանք միանգամից ընտելացել են հայաստանյան կյանքին, շատ լավ են զգում այստեղ և ամեն առավոտ բարձր տրամադրությամբ են դպրոց  գնում:

Երեխաների կապվածությունը Հայաստանին Սայիդին մտորելու տեղիք է տվել: Կարծում է՝ սիրիական ճգնաժամի ավարտից հետո այլևս չի վերադառնան Սիրիա:

Սայիդը պատմեց, որ Հայաստանում հաստատվելուց հետո ինքն ու փոքր տղան առողջական խնդիրներ են ունեցել, որոնց ՀՀ սփյուռքի նախարարությունն արագ լուծում է տվել:

«ՀՀ սփյուռքի նախարարությունն ամեն ինչ անում է Հայաստանում հաստատված սիրիահայերի մոտ ծագած սոցիալական, իրավաբանական, առողջապահական և մյուս հարցերը կարգավորելու համար: Մեր ընտանիքը նախարարության կողմից միշտ սրտացավ վերաբերմունքի է արժանացել:

Հայաստան գալուց մի քանի օր հետո չորս տարեկան տղաս Կասկադի շարժասանդուղքից ընկավ և ոտքը վնասեց: Դիմելով ՀՀ սփյուռքի նախարարություն՝ մեր խնդրին անմիջապես լուծում տվեցին և կազմակերպեցին տղայիս բուժումը: Մինչև տղայիս ապաքինվելը՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը մշտական կապի մեջ էր գտնվում մեզ հետ: Իսկ երբ ինձ մոտ կոնքազդրային հոդի ուռուցք հայտնաբերվեց, օգնության խնդրանքով մեկ անգամ ևս դիմեցինք ՀՀ սփյուռքի նախարարություն, և արձագանքը չուշացավ: Նախարար Հրանուշ Հակոբյանն անձամբ հետամուտ եղավ, որպեսզի ՀՀ առողջապահության նախարարության միջոցով իրականացվի վիրահատումն ու պրոթեզավորումը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը նույնպես մեծ օգնություն է ցուցաբերել և նեցուկ եղել, որպեսզի շուտ առողջանամ»,-ասաց Սայիդը՝ հավելելով, որ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներից Հայաստանում հաստատված սիրիահայերը տեղեկատվական մեծ աջակցություն են ստանում, թե որ կազմակերպություններին դիմեն՝ մարդասիրական օժանդակություն ձեռք բերելու նպատակով:

 Գևորգ Չիչյան

Scroll Up