5 տարիների ընթացքում Սփյուռքի նախարարություն առողջապահական խնդիրներով դիմել է շուրջ 3000 սիրիահայ

2012-2016թվականների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարության կողմից՝ ՀՀ պետական մարմինների, հայաստանյան կառույցների, համահայկական, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, իրականացվել են Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության և ինտեգրման տարբեր ծրագրեր և միջոցառումներ, լուծվել են նրանց համար կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերը:

«Հայերն այսօր»-ը ներկայացնում է առողջապահական ոլորտում անցնող 5 տարիների ընթացքում կատարված օժանդակությունները:

2012-2016թվականների ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարություն առողջապահական խնդիրներով դիմել է շուրջ 3000 սիրիահայ: Սիրիահայերի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար` ըստ փաստացի բնակության վայրի (տարածքային պոլիկլինիկաներում և բժշկական ամբուլատորիաներում): 2012-2016թթ. ընթացքում իրականացվել է 60-ից ավելի սրտի և այլ բարդ վիրահատություն՝  ՀՀ  առողջապահության նախարարության, «Հայաստան»  համահայկական  հիմնադրամի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի (աջակցում է հիմնականում պետական պատվերի շրջանակներում չընդգրկված հետազոտությունների իրականացման, համավճարի տրամադրման, դեղորայքի ձեռքբերման և այլ հարցերում), Հայկական բարեգործական ընդհանուր միության և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությամբ:

Հինգ տարիների ընթացքում 80-ից  ավելի սիրիահայ բժիշկներ են տեղավորվել աշխատանքի Հայաստանի տարբեր բուժհաստատություններում, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ 60-ից ավելի սիրիահայ բժիշկներ մասնակցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացների:

Scroll Up