Ամփոփվել են «Հայրերի հող» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքները
Ամփոփվել են Համազգային հայ կրթական և մշակութային միության և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայրերի հող» խորագրով կարճամետրաժ, ցածրաբյուջե ֆիլմերի մրցույթի արդյունքները: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան գրասենյակից:
Մրցույթը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և նպատակ ուներ խթանել ժամանակակից հայ ֆիլմարվեստը, բացահայտել ոլորտում ստեղծագործող նոր անուններ, աջակցել ուսանող, երիտասարդ սցենարիստներին և ռեժիսորներին:
Մրցույթին ներկայացված 17 սցենարներից հեղինակավոր ժյուրին ընտրել է 3 լավագույնները, որոնց հիման վրա Համազգային հայ կրթական և մշակութային միության հովանավորությամբ նկարահանվել են հետևյալ ֆիլմերը`
Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող»
Վարդան Թովմասյանի «Մեր գյուղի լույսերը»
Սոնա Տոնականյանի «Գնդակը»
Ս.թ. հոկտեմբերի 7-ին`ժամը 16:00-ին, Համազգայինի Հայաստանի գրասենյակում տեղի կունենա Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող» ֆիլմի ցուցադրությունը:
«Հայրերի հող» խորագրով մրցույթի ժյուրին գլխավորում էր Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված էին Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը, կինոգետ Անետա Երզնկյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, կինոդրամատուրգ Ռուբեն Հովսեփյանը, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը, ինչպես նաև սփյուռքահայ կինոբեմադրիչ Նիկոլ Պէզճեանը: