«Հալեպ» ՀԿ տնօրեն. 100 սիրահայեր մինչև նոյեմբեր կտեղափոխվեն Հայաստան
100 սիրահայեր մինչև նոյեմբեր կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ տնօրեն Հայասա Թահմազյանը:
2015-ին, երբ ակտիվորեն ռմբակակոծվում էին Հալեպի հայաբնակ թաղամասերը, Հայաստանում հաստատաված մեծաթիվ սիրիահայեր դիմում են կազմակերպությանը՝ օգնելու Սիրիայում գտնվող իրենց հարազատներին, նրանց տրամադրելով միակողմանի տոմսեր:
«Կազմակերպությունը նախաձեռնեց «Փրկիր մի կյանք» ծրագիրը, ստացանք մոտ 600 դիմումագրեր, իրենց հարազատներին Հայաստան տեղափոխելու վերաբերյալ: Այս ընթացքում հաջողվել է ձեռք բերել 350 տոմսերի գումարներ, յուրաքանչյուր տոմսի գումարը 500 դոլար է: Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում 250 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, 100-ն էլ մինչև նոյեմբեր կտեղափոխվեն»,-ասաց բանախոսը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում դիմումների թիվն ավելացել է: Նրա խոսքով, շատ մարդիկ ցանկանում են Հայաստան գալ, սակայն չեն կարողանում գտնել միակողմանի տոմսի գումարը: