Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հույսի անտառ» Կանադայում

Սեպտեմբերի 24-ին Կանադայի Օնտարիո նահանգի Մառքամ քաղաքում տեղի է ունեցել «Հույսի անտառ»-ի բացման արարողությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Անտառի յուրաքանչյուր ծառն ու ծաղիկը վառ կպահեն 1,5 հայ նահատակների հիշատակը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով Կանադայի «Հորիզոն» պարբերականին, հայտնում է, որ անտառի դիզայնով զբաղվել է լանդշաֆտային հայտնի ճարտարապետ Հայկ Սեֆերյանը: Անտառում կտնկվեն 100 ծառատեսակներ, որոնք կխորհրդանշեն հայ ժողովրդի գոյատևումը և վերածնունդը Ցեղասպանության մոխիրներից:
«Նորատունկ այս ծառերը հայ համայնքի պես ունեն խորը արմատներ, նրանք կաճեն և նրանց ճյուղերը կհասնեն մինչև երկինք»,- բացման հանդիսության ժամանակ ասել է միջազգային առևտրի շրջանային նախարար Մայքլ Չանը:
Բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Կարագաշյանը և այլ պաշտոնատար անձինք: