«ՀՀ սփյուռքի նախարարության հետ երկար ճանապարհ ունենք անցնելու». Հայկ Լեփեջյան

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը Ավստրալիայի «Հայաստան-Սփյուռք» գործակցության մարմնի կազմակերպիչ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի ներկայացուցիչ և Ռամկավար ազատական կուսակցության Ավստրալիայի մասնաճյուղի ղեկավար Հայկ Լեփեջյանն է:

-Պարո՛ն Լեփեջյան, Ձեր այցելությունները Հայաստան պարբերական բնույթ են կրում: Կարո՞տն է Ձեզ Հայրենիք բերում, թե՞ նաև այլ առաքելություններ եք կատարում:

-Ամառային արձակուրդներին պարտադիր Հայաստան եմ գալիս: Շատ եմ սիրում ամառային Հայաստանը վայելել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ ամառային արձակուրդն անցկացնելու և իրեն լիարժեք հայ զգալու համար այլ երկրներ գնալու փոխարեն տարվա ընթացքում գոնե մեկ անգամ պետք է Մայր հայրենիք գա: Արդեն երկու ամիս է, որ Հայաստանում եմ: Այստեղ ամեն մի օրս շատ հագեցած է, ինչն էլ շատ հաճելի է: Այժմ վայելում եմ նաև հայաստանյան աշունը և սպասում, որ Ամերիկայի Միացյալ Նահագներում ապրող զարմիկներս միանան ինձ: Եթե մեզանից յուրաքանչյուրը որոշի իր արձակուրդը Հայաստանում անցկացնել, ապա դա պարզապես հիանալի գաղափար կլինի:

Եկել ենք նաև տեսնելու՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղի Հայաստանում իրականացրած ծրագրերը:

-Ի ՞նչ ծրագրեր են իրականացվել:

-Տավուշի մարզի Խաչարձակ գյուղում 4 ջերմոցներ ենք կառուցել, որտեղ բանջարեղեն են աճեցնում: Գնացինք տեսնելու կատարված աշխատանքը:

Նման նախաձեռնություններով փորձում ենք գյուղաբնակների համար պայմաններ ստեղծել, որպեսզի չհեռանան իրենց տնից ու հողից: Այս գյուղում նաև հիմնադրամի Արգենտինայի մասնաճյուղի ջանքերով դպրոց է կառուցվել:

Ծրագրեր ունենք իրականացնելու Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկում, որտեղ ջերմամատակարարման հարցը պետք է լուծենք:

Եղեգնաձորի Եղեգնիս գյուղում ոռոգման ջրի վնասված խողովակաշարն ենք վերանորոգել, մեկ այլ խողովակաշար էլ տեղադրեցինք՝ բնակչությանը խմելու ջուր մատակարարելու նպատակով:

Պարո՛ն Լեփեջյան, որքան նկատելի է՝ Ավստրալիայի հայ համայնքը ՀՀ սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցության մեջ է: Համատեղ ուժերով Հայաստան-Սփյուռք կապերը զարգացնելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են տարվում:

-Նախ ասեմ, որ յուրաքանչյուր այցելության ընթացքում պարտադիր հանդիպում եմ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին` իբրև Ավստրալիայի «Հայաստան-Սփյուռք» գործակցության մարմնի կազմակերպիչ տարաբնույթ  հարցեր քննարկելու և հստակեցնելու մեր հետագա անելիքները:

Արդեն 5 տարի է՝ աշխատում ենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Այս համագործակցության ընթացքում Ավստրալիայի հայ համայնքը շատ առաջընթաց ունեցավ, Հայրենիք-Սփյուռք կապերն ավելի սերտացան, համայնքը սկսեց մշակութային ակտիվ կյանքով ապրել:

Միշտ զգացել ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի սրտացավ ու անկեղծ վերաբերմունքը մեր նկատմամբ: Նախկինում բոլորովին այլ պատկեր էր: Հիշում եմ, երբ 2012 թվականին Հրանուշ Հակոբյանը Ավստրալիա այցելեց, խանդավառություն առաջացավ համայնքում. սկսեցինք ավելի կորովով աշխատել՝ մեր հոգում ունենալով հզոր Հայաստան ունենալու տեսլականը:

Մասնակցում ենք նաև նախարարության կողմից իրականացվող՝ «Արի տուն», «Իմ Հայաստան» փառատոն և մյուս ծրագրերին: Մի խոսքով, ավստրալահայ համայնքն ու Հայրենիքն ավելի մոտեցան իրար:  Նույնիսկ ՀՀ սփյուռքի նախարարության՝ «Ճանաչել, վստահել և գործակցել» նշանաբանը մեր նշանաբանն է դարձել:

Նախարարության հետ իրականացվող կարևոր ծրագրերից է Ավստրալիայում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Հայաստանից արդեն երկու ուսուցիչ է Ավստրալիա գործուղվել:

Վերապատրաստման այս դասընթացները պետք է զորացնենք ու հաճախակի դարձնենք, քանի որ սփյուռքահայ երիտասարդների մեջ Մայրենիի հանդեպ սեր արթնացնելը շատ կարևոր է բոլորիս համար:

Կարծում եմ՝ ՀՀ սփյուռքի նախարարության հետ դեռևս երկար ճանապարհ ունենք անցնելու. մեր արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու:

-Համայն հայության համար տարին հոբելյանական է. սեպտեմբերի 2-ին նշեցինք Արցախի Հանրապետության 25-ամյակը, իսկ սեպտեմբերի 21-ին տոնելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Ավստրալահայ համայնքն ի՞նչ նախաձեռնություններով  է  հանդես գալու այս առիթով:

– Սեպտեմբերի 18-ին համայնքի ուժերով հատուկ տոնակատարությամբ նշելու են Արցախի անկախության 25-ամյակը:

Նոյեմբերի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրալիայի մասնաճյուղը, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպելու, որի հասույթից որոշակի գումար ուղարկելու ենք Հայաստանին և Արցախին:

Տոնական ճաշկերույթին ելույթ են ունենալու Հայաստանից հրավիրված երգիչներ  Ռուզան Ավետիքյանը, Արմեն Դավթյանը և երաժիշտ Սերգեյ Այվազյանը:

Առհասարակ, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայաստան-Սփյուռք մշակութային կապերը զարգացնելու նպատակով համերգային ծրագրով Հայաստանից շատ երգիչ-երգչուհիներ են եկել: Նրանք իրենց ժողովրդական կատարումներով ավստրալահայերին ոչ միայն ուրախություն են պարգևել, այլև օգնել են մոտ լինել ազգային ակունքներին: Նման նախաձեռնությունները խթանում են կապվածությունը Հայաստանի, հայկական մշակույթի հանդեպ, հատկապես՝ հայ երիտասարդների շրջանում:

Անմոռանալի պահեր ապրեցինք անցյալ տարի Սիդնեյի Թումբալոնգ զբոսայգու Դարլինգ Հարբոր նավահանգստի մոտ տեղի ունեցած Սիդնեյի ամենամյա Հայկական փառատոնի ժամանակ, որը ՀՀ սփյուռքի նախարարության, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հովանավորությամբ  և ՀՄԸՄ-ի, Համազգային հայ կրթական և մշակութային միության, Հայ օգնության միության համատեղ նախաձեռնությամբ էր իրականացվել: Փառատոնն իր ներկայությամբ պատվել էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, իսկ երգիչներ Զարուհի Բաբայանն ու Համլետ Գևորգյանն իրենց կատարումներով ազգային շունչ ու ոգի տարածեցին շուրջբոլորը: Ներկա էին նաև այլազգիներ, որոնք հիացած էին հայկական մշակույթով:

Վերջերս Ռամկավար ազատական կուսակցությունը նոր կազմ գումարեց: Որո՞նք են նորընտիր կուսակցության հետագա ծրագրերը:

– Իբրև Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) Ավստրալիայի մասնաճյուղի ղեկավար՝ կարող եմ ասել, որ շարունակելու ենք աշխատել կուսակցության անփոփոխ գաղափարով՝ լինել Հայաստանի և հայ ժողովրդի կողքին՝ նպաստելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանը:

Հուսով եմ՝ ՌԱԿ-ը, նորընտիր ատենապետ Սերխիո Նահապետյանի և փոխատենապետ Լևոն Բլքյանի գլխավորությամբ՝ առաջ կընթանա և կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները: Կարևոր ձեռքբերում եմ համարում ԵՌԱԿ-ի (Երիտասարդ ռամկավար ազատական կուսակցություն) և «Միրաք» պատանեկան-ուսանողական շարժման  ստեղծումն ու գործունեությունը, որոնց կազմում արդեն շատ պատանիներ ու աղջիկներ են ընդգրկված:

ՌԱԿ-ը նաև իր գրասենյակը բացեց Երևանում՝ Թեքեյան մշակութային կենտրոնում:

 Զրուցեց Գևորգ Չիչյանը

Scroll Up