Մի կտոր Հայաստան Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում

«iremember»` այսպես է կոչվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը, որի պաշտոնական բացումը կկայանա Սեպտեմբերի  17-ին, երեկոյան ժամը 5-ին, Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում: Ցեղասպանության մասին ոչ միայն բարձրաձայնելու, այլեւ հարգանքի տուրք մատուցելու առիթն է ստեղծել Լոս Անջելեսի վարչաշրջանի կառավարիչ Մայքըլ Անտոնովիչը: Նրա  նախաձեռնությամբ եւ աջակցությամբ էլ անցած տարի իրականցվել էր «iwithness» նախագծի ցուցադրությունը` նույն զբոսայգում: «iwithness»-ի հաջողությունն էր, որ Անտոնովիչին հուշեց հուշակոթողի տեղադրման մասին` արվեստագետների նույն խմբի մասնակցությամբ:

Հուշակոթողի կառուցման ու տեղադրման հեղինակներն են Արա Օշականը, Լեւոն Փարյանը եւ Վահագն Թոմասյանը: Հայաստանի մի փոքր կտորը ու խտացրած հիշողության խորհրդանիշն այսուհետ «Գրանդ» զբոսայգում «կպատմի» Հայոց ցեղասպանության մասին:

Արվեստագետների հետ մեր զրույցը նման էր մի հանդիպման, որի ընթացքում մենք հաղթանակ էինք տոնում, որ ի վերջո հսկայական գործն ավարտվել է, քարը տաշվել, բերվել է Հայաստանից, տեղադրվել եւ առջեւում հանդիսավոր բացումն է:

«Քարն ինքը ականատես է եղել աղետին, վկա է պատմությանը, եւ պատահական չէ, որ որոշվեց քարը Հայաստանից բերել,- ասում է Արա Օշականը,- Դարեր շարունակ այդ քարերով են կառուցվել հայկական եկեղեցիները, արվեստի գործերը: Քարերն իրենց երկրի լուռ վկաներն են: Մենք  մտածում ենք, որ քարերն անգամ շնչառություն ունեն, օրինակ քարն ինչպես է կլանում ջուրն ու գունափոխվում: Քարը նույնպես ժամանակի ընթացք է պահանջում ձեւավորվելու համար: Մի ընթացք էլ մեր պատմությունն է»:

Հուշակոթողի քարը սեւ հրաբխային տուֆից է: Քարը բաժանվում է ճեղքով, որի մի կողմը խորհրդանշում է անցալը` անտաշ, եւ մյուս կողմը խորհրդանշում է ներկան` մշակված ու փայլուն: Ճեղքը Եղեռնն է. ողբերգական հարվածը մեր պատմությունն էլ երկու մասի է բաժանել: Տպավորությունն այնպիսին է, որ Ցեղասպանությունը այս ծանր քարի նման դեռեւս մարդկության պատմության չմաքրված էջերին է:

«Հուշարձանի անկյունները տաշված են 4, 24, 19, 15 աստիճաններով, որոնք Ցեղասպանությունը խորհրդանշող ամսաթվերն են,- ասում է ճարտարապետ Վահագն Թոմասյանը,- բացի դրանից, չորս աստիճանի տակ տաշված սուր անկյունը վեր է ձգվում դեպի Հայաստան»:

Հուշակոթողի անկյունում Վիլիամ Սարոյանի խոսքերն են անգլերենով. «Ձեր կյանքի ժամանակաընթացքն այնպես ապրեք, որպեսզի չավելացնեք աշխարհի թշվառությունն ու վիշտը, այլ ժպտացեք նրա անսահման հրճվանքին ու խորհրդավորությանը ի տես» (թարգ. Ա. Թ.):

Արվեստագետների այս խմբի նախորդ աշխատանքը, որն էլ ոգեւորիչ է հանդիսացել «iremem-ber»-ի տեղադրման համար` հրապարակային արվեստի եռաչափ ինստալացիան (զետեղումն-խմբ.) էր: Այն Ցեղասպանության ականատես-վերապրողների խոշոր դիմանկարներն էին, իրենց մասին պատմող կից գրություններով: Լուսանկարչական կաղապարները ուղիղ անկյուններ չունեին: Նոյն բեկված գծերն են` «iremember» կոթողի նման, որ հիշեցումն է աններդաշնակ աշխարհի ու ցեղասպան ոճրագործությունների հարատեւ վտանգի մասին:

«Ինստալացիայի կենդանի շարունակությունն էին այցելուներ,-պատմում է Լեւոն Փարյանը,-ովքեր կանգնում էին ու լուսանկարվում: Ընտանիքներով գալիս էին` իրենց պապիկի կամ տատիկի նկարի առջեւ լուսանկարվում: Այնպես էլ «iremem-ber»ի դեպքում, կուզե՛նք, որ մարդիկ ցանկություն ունենան մոտենալու ու շոշափելու քարը: Սա երկխոսության կոչ է մարդկությանը, եւ ինչպես որ անտաշ մասն է շոշափելիս ցավ պատճառում իր սուր մակերեսով, այնպես էլ կուզե՛նք մարդիկ շոշափելով զգան այդ ցավը, իսկ ներկան ու ապագան էլ` փայլուն ու դեպի Հայաստան վեր խոյացած»: Լեւոն Փարյանը նշում է նաեւ, թե ինչքան հետաքրքիր, բանավեճերով ու քննարկումներով լի է եղել իրենց համատեղ աշխատանքը:

«Մենք երեքս էլ արվեստի տարբեր լեզուներով էինք խոսում»,- շարունակում է Արա Օշականը:

Քարը Հայաստանի Արարատյան դաշտավայրի հանքից տեղափոխելու ծախսերը հոգացել է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը` իր անձնական հիմնադրամից: Նախագծին մասնակցել են տասնյակ կամավորներ` Հայաստանում եւ Կալիֆորնիայում: Հուշակոթողի իրականացման ընթացքում համախմբված աշխատանքը նույնպես մի պատգամ ունի. այն է` «iremember» հուշակոթողը հավաքական հայ ազգի պատգամն է աշխարհին:

Անի Թադեւոսյան

Ասպարեզ

Scroll Up