Հայկական ռադիոժամ Սիրիայի ««Ֆարահ FM» ռադիոկայանով
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանի նախաձեռնությամբ՝ Սիրիայի «Ֆարահ FM» ռադիոկայանի տնօրենության հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի շաբաթական մեկ հաղորդում նվիրվի հայկական թեմաներին, հայկական երգերին և երաժշտությանը:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ «Յան» խորագիրը կրող հաղորդումը ունկնդրին ներկայացնելու է հայկական մշակույթը, պատմությունը, ինչպես նաև Սիրիայում ապրող հայերին:
Առաջին հաղորդման հյուրը Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Նորա Արիսյանն էր: Վերջինս հաղորդման ընթացքում խոսել է Հայոց ցեղասպանության, Հայաստանի, Արցախի անկախության, հայ գրերի գյուտի և հայոց լեզվի մասին:
««Ֆարահ FM»-ը մեծ լսարան ունեցող ռադիոկայան է, որը հնարավորություն կտա լայն շրջանակներին ներկայացնել հայկական թեմաները, իրազեկել հայկական մշակույթի, պատմության մասին»,- «Հայերն այսօր»–ի հետ զրույցում ասաց Նորա Արիսյանը:
«Յան» ծրագրի հաղորդավարն է Րահաֆ ալ Րըզան, բեմադրիչը՝ Մահա Մոհամեդը, ծրագրերի համակարգողը՝ Ժորժ Ղարամը:
Ռադիոկայանի հաղորդումները կարելի է լսել նաև համացանցով: