Ամերիկահայ երիտասարդները գրենական պիտույքներ են նվիրել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականներին

Արդեն երկրորդ տարին է, ինչ Լոս Անջելեսում մի խումբ երիտասարդների կողմից հիմնված «Ապագայի կերտողներ» նախաձեռնության /Markers of tomorrow/ ներկայացուցիչներն ուսումնական տարվա շեմին գրենական պիտույքներ են նվիրաբերում Հայաստանի ու Արցախի դպրոցականներին: Այս մասին տեղեկանում են «Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքից:

Այս տարի օգոստոսի 21-ից 25-ը նրանք գրենական պիտույքներ, դպրոցական պարագաներ, ինչպես նաեւ սպորտային գույք՝ գնդակներ, թենիսի, պինգ պոնգի, բատմինտոնի հավաքածուներ, շախմատներ են նվիրել Հայաստանի Տավուշի մարզի վեց դպրոցների 1800 աշակերտների:

Հաղթանակ գյուղի դպրոցի բոլոր դասարաններին նաեւ հայաստանյան արտադրության բարձրորակ գրատախտակներ են հատկացվել:

Երկու տարիկների ընթացքում նախաձեռնության շնորհիվ օգնություն է տրամադրվել Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ համայնքների ավելի քան 4,300 աշակերտների:

«Տարվա ընթացքում կազմակերպել ենք բազում դրամահավաք միջոցառումներ, որոնց ընթացքում Լոս Անջելեսում բնակվող հայությունը՝ հասկանալով Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերին աջակցության կարեւորությունը, առատաձեռն օգնություն տրամադրեց մեզ: Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին, ինչպես նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամին մեր նախաձեռնությանը սատարելու համար»,- ասում է «Ապագայի կերտողներ» նախաձեռնության համակարգող Ազատուհի Կարողլանյանը:

Նշենք, որ նախաձեռնության բոլոր մասնակիցները տարիներ շարունակ, որպես կամավոր, մասնակցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Լոս Անջելեսում կայացող ամենամյա հեռուստամարաթոնի աշխատանքներին:

114 115

Scroll Up