«Կուզեմ բարգավաճ ու զորավոր տեսնել զորությունների երկիր Հայաստանը». Ստեփան Գրքաշարյան
Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներից շատերն են զբաղվում հասարակական գործունեությամբ՝ իրենց ժամանակն ու միջոցները, հաճախ էլ՝ ողջ կյանքն անմնացորդ նվիրելով հայապահպանության ազգանվեր գործին: Գուցե Հայրենիքից հեռու ապրելու փա՞ստն է նրանց մղում այդպիսի գործունեության, գուցեև՝ ենթագիտակցության խորքերում բույն դրած երկրի՝ Պատմական Հայրենիքի կորուստն ու գազանաբար հոշոտված մեր նախնյաց արյան կա՞նչը… Հայերին բնորոշ վերընձյուղվելու Աստվածաշնորհ զորության միջոցով հայերի երթը շարունակվեց դարերով ու հասավ աշխարհի տարբեր ծայրեր, օվկիանոսների անհատնում ջրեր կտրեց, բարձր լեռներ ու խորունկ ձորեր և խոսեց, պատմեց, գրեց ու գոչեց մեր ոսկեղենիկ մայրենիով: Այսօր աշխարհով մեկ սփռված հայերի ազգանվեր գործունեությունը Հայրենիքում լսելի է դառնում նաև ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով: Մի մեծ հայի՝ ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Փոքրամասնության գործերի պետական հանձնաժողովի ատենապետ, Խտրականության դեմ խորհրդի նախագահ Ստեփան Գրքաշարյանի և նրա տիկնոջ ՝ Հիլդա Կայիկյանի հիմնադրած բարեգործական հիմնադրամի հովանավորության ներքո են Սիդնեյի համալսարանի այն մագիստրոսներն ու թեկնածուական, դոկտորական ատենախոսություն պաշտպանողները, որոնց թեմաները վերաբերում են հայոց պատմությանն ու հայ մշակույթին, եկեղեցու պատմությանը, սակայն մի պայմանով, եթե այդ թեմաներն ընդգրկում են 1900 թվականից առաջ ընկած ժամանակահատվածը: «Հայերն այսօր»-ի համար արված հարցազրույցիս ընթացքում ինձ զարմացրեց այդ տքնաջան հայորդու ծավալած բազմաբնույթ գործունեությունը, անսահման նվիրվածությունը հայապահպանության գործին և այդ գործը շարունակելու պատրաստակամությունը:
-Պարո՛ն Գրքաշարյան, սկսենք Ձեր արմատներից և զրուցենք նաև այն մասին, թե ինչպես և որտեղից հասաք Հարավային կիսագնդում գտնվող աշխարհի ամենափոքր մայրցամաք, սակայն աշխարհի խոշորագույն երկրներից մեկը՝հեռավոր Ավստրալիա:
-Ծնողներս Ադանայից են, փրկվել են ջարդից: Հորս արմատները Հաճընից են եղել, մեծ հայրս Ադանա է տեղափոխվել, և հայրս Ադանայում է ծնվել: 1915-ին հայրս և իր ծնողները տեղահանվել են Ադանայից: Հայրս 4 քույր է ունեցել, ովքեր մինչև 1915թ. Հայոց ցեղասպանությունն արդեն ամուսնացել էին և հեռացել ծննդավայրից. երկուսն Ամերիկայում էին, մեկը՝ Կիպրոսում, մյուսը՝ Հունաստանում: Հայրս՝ Մանուել Գրքաշարյանը, հետագայում գրի է առել տեղահանության, ջարդի մասին իր հուշերը, որոնք պրոֆեսոր Պասքըն Օրանի շնորհիվ 2005-ին թուրքերենով տպագրվել են Թուրքիայում: Գիրքը 5 անգամ հրատարակվել է 10.000 օրինակով և ամբողջությամբ սպառվել: ֆրանսերենով հրատարակվել է նաև Փարիզում, շնորհանդես է եղել, սակայն չի վաճառվել, քանի որ գրքի խմբագիր Օրանի աղջիկն, ով ապրում էր Փարիզում և այդ ժամանակ քաղաքապետարանի ընտրություններում իր թեկնածությունն էր դրել, իր խոսքի մեջ հրապարակային ելույթում ասել էր, որ Ցեղասպանություն չի եղել: Եվ քանի որ գրքի խմբագիրն էլ այդ աղջկա հայրն էր, մեր հայկական կազմակերպություններից մեկը և շատ հայեր բոյկոտի ենթարկեցին գիրքը, և ֆրանսերենով ոչ մի օրինակ չվաճառվեց: Այժմ գիրքը հայերենով թարգմանության ընթացքի մեջ է. հույս ունենք, որ պարոն Ալբերտ Իսոյանի հովանավորությամբ 2017-ին այն կհրատարակվի նաև Երևանում և շքեղ շնորհանդես կկազմակերպենք: Ես հոգ եմ տանում, որպեսզի այն թարգմանվի նաև անգլերեն լեզվով: Դառնամ ծնողներիս ապտմությանը. մերոնք, փրկվելով ջարդից, հաստատվել են Կիպրոսում, ուր ես ապրեցի 17 տարի, հետո գնացի Լոնդոն՝ ուսանելու: Բժշկական էլեկտրոնիկայի մասնագետ եմ, մոտ 10 տարի աշխատել եմ նաև իմ մասնագիտությամբ: Այնուհետև ճանապարհները տարան Ավստրալիա, ուր ապրում եմ մինչ այժմ և զբաղվում հասարակական ու բարեսիրական ակտիվ գործունեությամբ:
– Ինչպե՞ս կբացատրեք Թուրքիայում այդ գրքի մեծաքանակ վաճառքի հաջողությունը:
-Բանն այն է, որ գիրքն իր մեջ ատելություն և թույն չի պարունակում. այն սոսկ տեղահանության, ջարդի դեպքերի նկարագրությունն է. այդիսկ պատճառով շատ պատմաբաններ են գիրքն արժևորել. Անգլիայում «Օսմանյան կայսրության անկումը» վերնագրով գիրք հրատարակվեց, որում 2-3 էջ տեղ գտավ նաև հորս պատմությունից:
-Ո՞րն է Ձեր հիմնադրած «Գրգեաշարյան և Կայիկյան» հիմնադրամի առաքելությունը:
– Կյանքը մեզ ժպտացել էր, և ես ու կյանքիս ընկերը՝ Հիլդան, որոշեցինք օգնել մեր հայությանը և գտանք, որ դրա լավագույն միջոցը մնայուն ֆոնդ ստեղծելն է և մեր որոշումն իրականացրինք՝ այդ ֆոնդը հաստատելով Սիդնեյի ամենահին կառույցի՝ համալասրանի մեջ. այդ ֆոնդը կգործի այնքան ժամանակ, որքան համալսարանը կգոյատևի: Մեր առաջին ներդրումը քառորդ միլիոն դոլար էր կազմում: ֆոնդը շարունակ պետք է լրացվի. այն հայթայթում է կրթաթոշակներ, հովանավորում է հայոց պատմությանն ու մշակույթին, եկեղեցու պատմությանը և, առհասարակ, հայությանն առնչվող ցանկացած թեմային նվիրված թեկնածուական, դոկտորական ատենախոսությունների հեղինակներին, ինչպես նաև՝ որևէ աշխարհահռչակ հայի աշխատանքը: Արդեն գիտեք, որ մենք որոշակի սահմանափակում դրեցինք, այսինքն՝ այդ ուսումնասիրությունները պետք է ընդգրկեն 1900 թվականից առաջ եղած ժամանակահատվածը, որովհետև ներկայիս հայ գիտակներ, նաև՝ այլ ազգերի ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են հայոց պատմությամբ և հայագիտությամբ, շատ են գրում Ցեղասպանության մասին, սակայն 1900-ից առաջ ընկած ժամանակահատվածի մասին չեն գրում:
-Որո՞նք են այսօր Ձեր զբաղվածության ոլորտները, կթվարկե՞ք…
-Իրապես շատ եմ զբաղված, սակայն բոլոր աշխատանքներն էլ սիրով եմ կատարում: Բացի վերը նշված գործերից՝ նաև թեմական բարեխնամ հանձնախմբի նախագահն եմ. պետք է բարեփոխումներ անենք, որպեսզի կարողանանք օգնել տարիքով և հաշմանդամ մարդկանց՝ առանց ազգային խտրականության: Համայնքային հարաբերությունների հանձնախմբի նախագահն եմ…Իմ աշխատանքային գործունեությունը հայության շրջանակներում եմ սկսել.1975թ.Ավստրալիայի կառավարությունը որոշեց հիմնել բազմալեզու ռադիոկայան, պահանջ կար հայ կամավորների, հայկական գաղութից ինձ ընտրեցին որպես ներկայացուցիչ: Հայերենով հաղորդումներ էի վարում և ղեկավարում այդ ռադիոկայանը, ունեի նաև օգնականներ: Դա շատ մեծ ռադիոկայան էր և շատ խնդիրներ կային. նախարարի առաջարկով ես պետք է հարթեի եղած խնդիրները և կատարեցի այդ գործը, այնուհետև հարթեցի նաև Մելբուռնի ռադիոկայանում եղած խնդիրները. ինձ նշանակեցին հատուկ ձայնասփռումների սպասարկման ռադիոյի ընդհանուր տնօրեն. ռադիոկայանների ընդհանուր ցանց կար, 54 լեզուներով Ավստրալիայի տարբեր քաղաքներում հաղորդումներ էինք սփռում, ես դարձա այդ ցանցի, այդ սպասարկության կազմակերպիչն ու հիմնադիր-տնօրենը, այդ աշխատանքի համար ստացա «Ավստրալիայի խորհրդի անդամ» շքանշանը: Ինը տարի աշխատեցի այդ ոլորտում, որից հետո թողեցի այդ աշխատանքն ու սկսեցի զբաղվել հասարակական աշխատանքով՝ դառնալով Համայնքային հարաբերությունների հանձնաժողովի վարիչ-տնօրեն և նախագահ: Այնտեղ ևս շատ աշխատանք կար անելու. կարևորն այն է, որ կարողանանք ապահովել բազմալեզու և բազմամշակութային ժողովուրդների կարիքներն ու հոգսերը, միջհամայնքային խլրտումներ չլինեն: Նշանակվելով Խտրականության հանձնաժողովի նախագահ՝ ստանձնեցի մեծ ու պատասխանատու աշխատանք՝ ցեղային, ռասսայական, սեռային խտրականության դեմ. անգամ ՄԻԱՎ-ով հիվանդների և հասարակության միջև խտրականության դեմ, հղի կնոջն աշխատանքից անհիմն ազատելու դեմ…այսինքն՝ մարդկանց իրավունքների ոտնահարման դեմ պայքար՝ առանց խտրականության: Այս վերջին 5-6 տարիներին երկրում ստեղծվեց նաև հակաահաբեկչական, հակածայրահեղականացման հանձնաժողով. ես այդ հանձնախմբի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ենթախմբի անդամ եմ: Մասնագիտացել եմ այդ ոլորտում և վերոնշյալ թեմաներով դասախոսություններ եմ կարդացել. նման և բազմամշակութային այլ թեմաներով դասախոսություններ կարդալու եմ հրավիրվել Կորեայում, ճապոնիայում, Իտալիայում, Անգլիայում, Հարավային Աֆրիկայում, Չինաստանում: Այս ամենի հետ հասցնում եմ նաև տարին երկու անգամ այցելել Հայաստան:Մի քանի գրքույկներ ունեմ բազմամշակութային հարցերի թեմաներով:
–Դուք նաև Ձեր մասնակցություն եք ունեցել Արցախին ցուցաբերվող օգնությունների հարցում:
-Այո՛, Արցախին ցուցաբերած օգնությունը մեր անձնական միջոցներից ենք կատարել. այնտեղ մեկ բնակարանի կառուցման աշխատանքներն ենք վերցրել մեզ վրա:
–Պարո՛ն Գրքաշարյան, Դուք ե՞րբ եք հասցնում հանգստանալ և լինել նաև ընտանեկան մթնոլորտում:
-Ես հանգիստ չունեմ. միայն այժմ, երբ Հայաստանում եմ, կարողանում եմ վայելել մեր Հայրենիքի գույները: Ավստրալիայում ես ու տիկինս անչափ բազմազբաղ ենք. զբաղված եմ նաև գերեզմանոցների տարածքների, մթնոլորտի վերականգնման հարցերով. ես այդ աշխատանքները վերահսկող հանձնախմբի նախագահն եմ: Հիլդայի հետ օգնում ենք թեմական խորհրդի աշխատանքներին. սիրիական պատերազմի պատճառով շատ սիրիահայեր են գալիս Ավստրալիա, դժբախտաբար, գալիս են նաև հայաստանցիներ, որոնց մեր օգնությունն ու նաև բարոյահոգեբանական աջակցությունն ենք ցուցաբերում: Ներկայումս Սիդնեյում նախաձեռնել ենք Առաջնորդարանի շենքի կառուցումը… Ամեն ասպարեզում մեր մասնակցությունն ունենք, ազատ ժամանակ չունենք: Երեք զավակ ունենք. մեծ տղաս մեծ հաստատությունների լուսավորության կարգավորումների մասնագետ է, 2000-ին իր լավ աշխատանքի համար Ավստրալիայի կառավարության կողմից մրցանակ ստացավ, աղջիկս տնտեսագետ է, նաև ինդոնեզերեն լեզվի մասնագետ է, փոքր տղաս Սիդնեյի փաստաբանական հաստատության անդամ է, մասնագիտությամբ՝ քրեական փաստաբան: Մեր ընտանիքում ամեն մեկն ունի աշխատանքը,բոլորը զբաղված են մարդկությանն օգտակար գործով:
-Այսինքն՝ ժամանակ չունեք և ծերանալու… Պարո՛ն Գրքաշարյան, ասացեք խնդրեմ , ինչպիսիսի՞ մտորումներ ունեք ՝ կապված Հայրենիքի հետ և Ձեր մաղթանքը Հայաստանին ու հայությանը:
– Ես ամեն այցիս ավելի գեղեցկացած եմ տեսնում Երևանը, սակայն, ցավոք, ոչ առաջվա պես մարդաշատ….Տխուր է, արտագաղթն իր հետքը թողնում է, սակայն գնացողները պետք է քաջ գիտենան, որ ոչ մի երկրում էլ հեշտ չէ ապրելը, նոր կյանք սկսելը, նոր գործ փնտրելը. հաճախ դրսում հայերն այնպիսի նվաստացուցիչ աշխատանք են անում, որը երբեք չէին անի Հայաստանում: Հայաստանից դուրս կյանքը դրախտ չէ: Այսպիսի կյանք՝ ազգային, ընտանեկան ավանդույթներ, ապահովություն ամեն տեղ չկա. այդ իմաստով Հայաստանը բացառիկ երկրներից մեկն է: Ինձ շատ է ուրախացնում ՀՀ սփյուռքի նախարարության գոյությունը, շատ կարևոր աշխատանք է կատարում նախարարությունը. երբ նախարարն առաջին անգամ եկավ Ավստրալիա, տեղի հայերը շատ էին ոգևորվել, նախարարի այցը շատ մեծ ու դրական էներգիա հաղորդեց մարդկանց:
…Ես ճշմարտախոս եմ. Հայաստանը պետք է շատ ջանք թափի, որպեսզի իր վարկանիշը բարձր լինի Սփյուռքում, որ վստահության մթնոլորտ լինի, և սփյուռքահայերը հավատան ու ներդրումներ անեն: 25 տարի է, ինչ երկիրն անկախ է, բայց անվստահության հարց կա. այդ առումով դրական քայլեր պետք է արվեն: Սիրիայի և Լիբանանի գաղութները գրեթե քայքայված են, և նոր գաղութներ են աճում Լոս Անջելեսում, Կանադայում, Ավստրալիայում. մենք չենք կարող Սիրիայի, ընդհանրապես ՝Միջին Արևելքի համայնքային կառույցները համեմատել Ամերիկայի, Եվրոպայի, Ավստրալիայի համայնքային կառույցների գործելակերպի, ապրելակերպի, սոցիալական գործելաոճի հետ. այդ ազգային կառույցները պետք է ամբողջովին բարեփոխվեն և հաստատվեն համահայկական նոր կառույցներ, իսկ դրա համար անհրաժեշտ զիջումների պետք է գնան սփյուռքյան կուսակցությունները. պետք է լինի արդիական գործելակերպ, համախմբվածություն, միասնականություն, պետք է օրգանական կապ հաստատեն Հայաստանի հետ: Կուզեմ բարգավաճ ու զորավոր տեսնել զորությունների երկիր Հայաստանը:
-Շնորհակալությո՛ւն, տեր և տիկին Գրքաշարյաններ, թո՛ղ օրհնյալ լինի ձեր հայապահպան գործունեությունը, և թո՛ղ Հնդկական ու Խաղաղ օվկիանոսների ծովերի ջրերով ողողված հեռավոր Ավստրալիայում հաստատված մեր հայրենակիցներից շատերը հետևեն ձեր օրինակին
Կարինե Ավագյան