«Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցները ելույթ ունեցան Վանաձորում
Օգոստոսի 8-ին «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցները մեկնեցին Լոռու մարզ: Նախ նրանք այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ երեկոյան Վանաձորի թիվ 1 երաժշտական դպրոցում կայացավ համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մոսկվայից «Շողեր» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ելենա Բեգլարյան), Կահիրեից «Արաքս» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Միհրան Ղազելյան), Սպահանից «Տաթև» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Համիկ Ալեքսանյան), Էստոնիայից «Երազանք» (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռուզաննա Համբարձումյան) երգչախմբերը: Այնուհետև ելույթ ունեցավ Վանաձորի կամերային երգչախումբը՝ կատարելով Կոմիտաս:
Համերգի վերջում բեմահարթակ հրավիրվեցին բոլոր երգչախմբերը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Եսայանցը և շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին՝ ջերմ ընդունելության համար: Իր հերթին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը շնորհակալագրեր հանձնեց փառատոնի բոլոր մասնակիցներին: