«Հայորդյաց տան» սանուհին Ասմունքի համահայկական փառատոնի մրցանակակիր դարձավ
Օգոստոսի 1-5-ը Շուշիում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանաներում անցկացվող Ասմունքի համահայկական 5-րդ փառատոնը։ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց Թեմի Մոսկվայի «Հայորդյաց տան» սանուհի Սյուզաննա Վանյանը դարձավ 2-րդ կարգի մրցանակակիր՝ արժանանալով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից տրամադրված թանկարժեք նվերի։ Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
Օգոստոսի 1-ին, ի թիվս 93 մասնակցի՝ Շուշի ժամանեցին նաև Մոսկվայի «Հայորդյաց տան» չորս սաները՝ Սյուզաննա Վանյանը, Վարսիկ Չրիկյանը, Եվա Ադամյանը և Գառնիկ Ասատրյանը։ Նրանց մասնակցությունը ասմունքի փառատոնին նախապատրաստել էր կրթօջախի ուսուցչուհի Ալվինա Հովհաննիսյանը։
«Այս տարի մասնակիցների պատասրատվածությունը շատ ավելի բարձր է եղել։Փառատոնի խորագիրը շատ ընդգրկուն է՝ «Իմ սուրբ հայրենիք»։ Մենք տարեցտարի նոր մակարդակով ենք կազմակերպում փառատոնի անցկացումը, ինչն ավելացող փորձի արդյունք է»,- մեզ հետ զրույցում ասաց փառատոնը համակարգող Սարգիս Գալստյանը։
Փառատոնի մասնակիցները եղան Արցախի տեսարժան վայրերում, հասցրեցին սիրել և իրենցը դարձնել Արցախը, իսկ սեպտեմբերի 3-ին փառատոնն իր ներկայությամբ պատվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Բարձրաստիճան հյուրի համար ասմունքելու հնարավորություն ունեցած սակավաթիվ մասնակիցներից չորսը «Հայորդյաց տան» սաներն էին։Բանաստեղծությունները լսելուց հետո ԼՂՀ նախագահը նշեց, որ աշխարհի տարբեր ծայրերից հայ երիտասարդների այցը Շուշի և մասնակցությունը Ասմունքի համահայկական փառատոնին ընկալվում է իբրև նվեր մարտնչող Արցախին։
Փառատոնն իրականացվել էր՝ ՀՀ Սփյուռքի և ԼՂՀ Կրթության, Գիտության և Սպորտի նախարարությունների աջակցությամբ։ Փառատոնի անցկացումը հովանավորել էին ամերիկահայ որոշ բարերարներ՝ Ալեք Բաղդասարյանի գլխավորությամբ․ մասնակիցների կեցության ծախսերը հոգացել էր «Ավան Շուշի պլազան»։
Օգոստոսի 4-ին փառատոնի շրջանակներում Սբ․ Ղազանչեցոց եկեղեցու բակում կատարվեց «Ի հիշատակ ամենայն սրբոց և նահատակաց հայոց» խաչքարի օծման արարողություն․ այն կանգնեցվել էր «Արվեստ առանց սահմանների» ՀԿ նախագահ Վահան Արսենյանի և իր ընկերների ջանքերով։ Խաչքարի օծումն իրականացրեց և փառատոնի մասնակիցներին օրհնեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Նույն օրը կայացավ փառատոնի հանդիսավոր փակումը․ փառատոնի երկրորդ մրցանակակիր Սյուզաննա Վանյանն արժանացավ ՀՀ Սփյուռքի նախարարության և ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունների պատվոգրերին։ Ակտիվ մասնակցության պատվոգրերի արժանացան նաև Եվա Ադամյանը, Վարսիկ Չրիկյանը և Գառնիկ Ասատրյանը։ Եվային և Սյուզաննային պատվոգրեր հանձնեց նաև Վահան Արսենյանը՝ «Արվեստ առանց սահմանների» ՀԿ-ի համակրանքին արժանանալու համար։
Փառատոնի անմիջական հովանավոր Ալեք Բաղդասարյանը, մեր այն հարցին, թե որն է նմանօրինակ փառատոնների անցկացման մղիչ ուժը՝ պատասխանեց․ «Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայ պատանիներին միմյանց հետ ծանոթացնելու, Արցախ բերելու նպատակ կար, իսկ դրան համադրվում էր ասմունքի հանդեպ սերը, որն էլ խթան եղավ, որպեսզի ստեղծվի գրականագետներից, արվեստասերներից բաղկացած մի խումբ և Ասմունքի համահայկական փառատոնի հիմքը դրվի։ Փառատոնի ընթացքում տարբեր երկրներում մեծացած պատանիներն Արցախում ծանոթանացան միմյանց հետ, տեսան, որ իրենք նման են իրար, իսկ դա նոր ընկերներ ձեռք բերելու, Արցախը սիրելի և այնտեղ վերադառնալու հնարավորություն է տալիս»։
Փառատոնում մրցանակային տեղեր չզբաղեցրած մասնակիցները ևս հեռանում էին հաղթողի հոգեբանությամբ, քանի որ նրանք ծանոթացած իրենց հայրերի ազատագրած հաղթական քաղաք Շուշիին, եղան տարբեր տեսարժան վայրերում, ստացան թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի օրհնությունը, ձեռք բերեցին նոր ընկերներ և կրկին փառատոնին մասնակցելու ակնկալիքով՝ սկսեցին սպասել եկող տարվան։