Սփյուռքահայ մտավորականը արևմտահայերենի պաշտպանությունը բոլորիս մտահոգությունն է համարում

«Հայերն այսօրի» զրուցակից դոկտոր Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, որը  Փարիզի  Սորբոնի  համալսարանում  հոգեբանություն և լեզվաբանություն  է  դասավանդում, ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի ստեղծումից ի վեր «Հայոց  լեզվի արագացված ուսուցում» դասընթացի սփյուռքահայ մասնակիցներին իր հեղինակած լսատեսողական արագացված մեթոդով  արևմտահայերեն է սովորեցնում:

Հիլդա Գալֆայան-Փանոսյանը, ծրագրի շրջանակներում դասավանդելով օտարախոս զանգվածներին, հետամուտ է լինում նրանց հայերենը ոչ միայն դյուրընկալելի դարձնել, այլև սովորելու նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Ցանկալի արդյունքին հասնելու համար՝ ուսումնաօժանդակ տարբեր նյութեր է օգտագործում և մանկավարժական մեթոդներ կիրառում:

«Սփյուռքն օտարախոս հայերով լեցուն է: Ամբողջ հարցն այն է, որ նրանք հայկական միջավայրում չեն գտնվում, հայկականությունից հեռացած են, ուստի նրանց համախմբելու նպատակով մենք պետք է միջոցներ գտնենք: Իհարկե, սա խնդրահարույց է, բայց անհնարին ոչինչ չկա աշխարհում»,-ասաց Հիլդա Գալֆայան-Փանոսյանը:

Հիլդա Գալֆայան-Փանոսյանը ներկայացրեց նաև իր դիտարկումը, թե  տարիների ընթացքում ծրագրում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղ գտել և թե ո՞րն է ծրագրի մասնակիցների հետաքրքրությունների շրջանակը.«Ամառային դպրոցում, իհարկե, դրական տեղաշարժ նկատվում է: Ծրագրում բովանդակալից փոփոխությունների, կազմակերպչական հարցերի շտկման արդյունքում՝ դասընթացների որակը զգալիորեն բարձրացրել է: Մասնակիցները բանիմաց և հետաքրքրասեր են. նրանք գիտելիքների շտեմարանը հարստացնելու նպատակով ինձ անընդհատ տարաբնույթ հարցեր են տալիս, նույնիսկ դասամիջոցն օգտագործելով՝ հավաքվում են շուրջս և իրենց հուզող թեմաների մասին խոսում: Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և ԱՊՀ մյուս երկրներից եկած մասնակիցները (չհաշված դասական Սփյուռքը) ցանկանում են արևմտահայերեն սովորել, ինչը կարծում եմ՝ հրատապ հարց է»:

Պարզ դարձավ նաև, որ բացի արևմտահայերեն սովորեցնելուց, տիկին Հիլդան դասընթացի մասնակիցներին հայոց պատմության, հայ գրականության մասին տեղեկություններ է հաղորդում, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պանծալի էջերի, հաղթանակների, հայ մեծերի կյանքի և գործունեության  մասին:

Հիլդա Գալֆայան-Փանոսյանը համահայկական նշանակություն ունեցող խնդրի՝ արևմտահայերենի պաշտպանության կարևորության մասին խոսելով, հետևյալն ասաց. «Որքան նկատել եմ, Հայաստանում արևմտահայերենի պաշտպանության մտահոգությունը մի փոքր թույլ է: Համայն հայության Հայրենիքն այստեղ է, և մենք պետք է սկսենք Հայաստանից զարկ տալ արևմտահայերենի տարածմանը: Իմ կարծիքով, պարտադիր է, որ հայերենի ուսուցիչները արևելահայերենին և արևմտահայերենին գերազանց տիրապետեն: Արևմտահայերենի պաշտպանությունը բոլորիս մտահոգությունն է: Եթե այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահազանգ է հնչեցնում արևմտահայերենի վտանգված լինելու մասին, ուրեմն անհրաժեշտ է անհանգստանալ և քայլեր ձեռնարկել»,-եզրափակիչ խոսքում ընդգծեց Հիլդա Գալֆայան-Փանոսյանը և հավելեց, որ ինչպես Հայոց ցեղասպանության համար ամբողջ հայ ազգը ոտքի կանգնեց և մեծ պատասխանատվությամբ ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ապա համանման մի ազգային շարժում էլ արևմտահայերենի պաշտպանության համար  է ակնկալում»:

 Գևորգ Չիչյան

Scroll Up