«Դրսում մենք միշտ ապրում ենք Հայրենիք ունենալու հպարտության զգացումով». Գոհար Ադամյան
Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն-2016» ծրագրի 6-րդ փուլը, որի շրջանակներում աշխարհի 18 երկրներից Հայաստան են ժամանել 132 հայորդիներ: Նրանցից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Ռոզա Հակոբյան, ՌԴ, Տուլա, 18 տարեկան
-Ծնվել եմ Տուլայում: Շատ փոքր տարիքում եմ եղել Հայաստանում և գրեթե ոչինչ չեմ հիշում: Ծրագրի մասին մի քանի աղբյուրներից եմ իմացել. մայրիկս դպրոցում տարրական դասարանների ուսուցչուհի է, նա դպրոցից է իմացել, հեռուստատեսությամբ ենք լսել, տեղեկացել եմ նաև հորաքրոջս աղջկանից, ով, Սևանի ճամբարում հանգստանալիս, հանդիպել է անցյալ տարվա մասնակիցներին: Այնքա՜ն մեծ էր «Արի տուն» ծրագրին մասնակցելու ցանկությունս, որ մեր ընտանիքն ընդառաջեց ինձ, և ես Հայաստանում եմ: Ինձ համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել ՀՀ սփյուռքի նախարարությունում. հուզված եմ, մի քիչ շփոթված, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ անցկացնելու Հայրենիքում գտնվելու օրերս, սակայն համոզված եմ, որ հարուստ տպավորություններով ու չվերջակետվող կարոտով եմ վերադառնալու Տուլա:
Գայանե Գևորգյան, Իռլանդիա, Քիլդեր, 15 տարեկան
-Ծնվել եմ Հայաստանում. գնացել ենք, երբ շատ փոքր եմ եղել: Առաջին անգամ եմ Հայաստան եկել: Ծրագրի մասին տեղեկացել ենք համացանցի միջոցով: Քիչ բան գիտեմ Հայաստանի մասին. կարծում եմ, որ այս օրերի ընթացքում ավելին կիմանամ Հայրենիքիս մասին. այնքա՜ն անհամբեր եմ սպասում պատմամշակութային հուշարձաններ այցելելուն, երազում եմ կապուտակ Սևանի մասին՝ երազանք, որի իրականացումն այնքան էլ հեռու չէ: Այս պահին, երբ դահլիճում հավաքվել են աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած հայորդիներ, ինձ թվում է, թե մի փոքրիկ, միացյալ երիտասարդ Հայաստան է ստեղծվել…Մենք՝ Սփյուռքի տարբեր հատվածներում ծնված, ապրող երիտասարդներս, այնքա՜ն բան կունենանք միմյանց ասելու, միմյանցից սովորելու: Ինձ հետ են նաև մորաքրոջս երկու աղջիկները՝ Գոհարն ու Մարիանը:
Մարիան Ադամյան, Իռլանդիա, Քիլդեր, 13 տարեկան
-Ես 4 տարի առաջ եմ եկել Հայաստան: Մեր ծնողները հայաստանցիներ են, մեր ընտանիքը թեև դրսում է, սակայն այն մի փոքրիկ Հայաստան է՝ իր ավանդույթներով, հայեցի դաստիարակությամբ, հայկական խոհանոցով, մայրենի լեզվի հանդեպ ունեցած պաշտամունքով: Հիմա եկել ենք երեք քույրիկներով՝ ես ու Մարիանը և մեր մորաքրոջ աղջիկը՝ Գոհարը, ու երեքս էլ համոզված ենք, որ տարբեր երկրներից եկած մեր քույրերի ու եղբայրների հետ ունեցած շփումների ընթացքում երիտասարդական հետաքրքիր, նոր ծրագրերի գաղափարներ կծնվեն:
Գոհար Ադամյան, Իռլանդիա, Քիլդեր, 15 տարեկան
– Մենք դրսում միշտ ապրում ենք Հայրենիքի կարոտով և Հայրենիք ունենալու հպարտության զգացումով: Ես երկու տարի առաջ եմ եղել Հայսատանում. մեր հայրական և մայրական կողմի տատիկներն ու պապիկներն են ապրում Հայաստանում՝ Փարաքարում և Զվարթնոցում: Մի քանի օրից Հայաստան կգան նաև մեր ծնողները: Հայաստանում գտնվելը եռակի ուրախություն է մեզ համար, որովհետև մենք կարողանում ենք տեսնել մեր հարազատներին, և այժմ էլ հրաշալի առիթ է ընձեռվել այս ծրագրի շրջանակներում այցելելու տեսարժան վայրեր, շփվելու տարբեր երկրներից եկած մեր հասակակիցների հետ: Շնորհակալությո՛ւն ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Մաթևոս Մարգարյան, իրաքահայ, 13 տարեկան
-Ծնվել եմ Իրաքի Բաղդադ քաղաքում. պատերազմական գործողությունների պատճառով մեր ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Սովորում եմ Երևանի թիվ 78, Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցում: Շատ լավ ուսուցիչներ ու ընկերներ ունեմ: Մեր ընտանիքը միշտ եղել է հայախոս. Իրաքում էլ մեր տանն իշխում էր հայերենը: Ես սիրում եմ Հայաստանն ու շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ մեկ այլ երկիր չենք տեղափոխվել: Այս ծրագիրն ինձ շատ է հետաքրքրում. կցանկանայի, որ այսպիսի ծրագրեր ավելի շատ լինեն, որպեսզի մենք կարողանանաք շփվել մեր հասակակիցների հետ: Անհամբեր էի, թե երբ պետք է դառնամ 13 տարեկան, որպեսզի կարողանամ մասնակցել այս ծրագրին: Հիմա արդեն ես մասնակիցների հետ այս դահլիճում եմ. տարբեր երկրներից մի տեղում հավաքված այսքան երեխաների, երիտասարդների դեռ չէի տեսել:
Այս հայորդիների անկեղծ ու մի քիչ շփոթված զրույցի ընթացքում բազմիցս համոզվում ես, որ շատ հզոր է հայի երակներում հոսող արյան կանչը և ակամայից ապավինում ես այդ կանչին, որն օտար ափերում չձուլվելու յուրօրինակ փրկօղակ է սփյուռքահայության համար:
Կարինե Ավագյան