Հայ սև գոտիների ասոցիացիայի քունք ֆուի հավաքականը Եվրոպայի քունք ֆուի գավաթի բաց առաջնությունից վերադարձել է 5 ոսկե և 1 արծաթե մեդալով
Հոկտեմբերի 15-ին Ուկրաինայի Յալթա քաղաքից Երևան ժամանեց Հայ սև գոտիների ասոցիացիայի քունք ֆուի հավաքականը, որը մեկնել էր Ուկրաինա՝ մասնակցելու Եվրոպայի քունք ֆուի գավաթի բաց առաջնությանը: Ինչպես նշեց ասոցիացիայի նախագահ Արմեն Հարությունյանը, «առաջնությունն անց էր կացվում քունք ֆու մարտարվեստի «թաուլու» (կոմպլեքս վարժությունների ցուցադրում), «թույշոու» (թայ չի չուան մարտարվեստի մենամարտային ձև) և «սանդա» (լրիվկոնտակտային մենամարտ) ոճերում: Առաջնությանը մասնակցում էին վեց երկրների 35ակումբներ: Մեր 9 մարզիկներից բաղկացած հավաքականը հանդես է եկել սանդաոճում՝ նվաճելով 5 ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ ընդհանուր թիմային հաշվարկով գրավելով 3-րդ տեղը»:
Ասոցիացիայի ավագ մարզիչ Սարգիս Հարությունյանը նշեց, որ առաջին անգամ էին մասնակցում այդպիսի բարձրակարգ առաջնության, և տպավորված է մասնակից մարզիկների բարձր վարպետությամբ: Հավաքականի մարզիկները նշեցին, որ օրվա հերոս համարում են Հենրիկ Ազատյանին,ով հանդես գալով իր տարիքային կարգից բարձր կարգում՝ եզրափակիչ փուլում ջախջախել է ադրբեջանցի մարզիկին և գրավել առաջին տեղը:
Ա. Հարությունյան