«Մեր երգով դրսում մենք ասում ենք, թե ով է հայը». Ջուլիետ Գալստյան

 «Մենք՝  երգիչներս,  մեր  երկրի դեսպաններն ենք դրսում»: 

Հուլիսի 20-ին    ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալված սփյուռքահայ  օպերային երեք  երգչուհիների՝  Հրաչուհի Բասենցին,  Ջուլիետ  Գալստյանին և Վարդուհի Խաչատրյանին, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց «Կոմիտաս»  մեդալով  ու պատվոգրերով:  Մեր ընթերցողների  ուշադրությանն ենք ներկայացնում  «Հայերն այսօր»-ի  թղթակցի հարցազրույցը  Ժնևի կոնսերվատորիայի վոկալի պրոֆեսոր,  միջազգային Մեծ մրցույթի  և բազմաթիվ մրցույթների դափնեկիր Ջուլիետ Գալստյանի հետ:

-Ջուլիե՛տ,  ծանոթանալով  Ձեր կենսագրությանը՝  տեսա,   որ  հաղթանակներով լեցուն մեծ ճանապարհ եք անցել.  ցանկալի է,  որ Դուք համառոտ ներկայացնեք երաժշտական աշխարհում տարիների ընթացքում Ձեր ծավալած գործունեությունը:

-Ծնվել եմ Երևանում մի այնպիսի ընտանիքում,  որը տասնամյակներ շարունակ օպերային նշանավոր երգիչներ, երաժիշտներ և բալետի հայտնի պարողներ է տվել աշխարհին. հայրս հայկական բալետի դպրոցի հիմնադիր, բալետմայստեր,  բալետի հայտնի պարողներից մեկն է եղել ՝  Վիլեն Գալստյանը: Դաշնամուրին զուգահեռ  երգեցողություն եմ սովորել տատիկիս՝ Մարիանա Հարությունյանի դասարանում: Կոնսերվատորիան ավարտելուց հետո մասնակցել եմ շատ մրցույթների և գրավել  առաջին, երկրորդ  մրցանակային տեղեր:  Իտալիայի Վերչելլի քաղաքի Վիոտտիի մրցույթում 1-ին մրցանակ  ստանալուց հետո իտալական մամուլն ինձ կնքեց «Վիոտտիի  թագուհի» անունով:  Երգել եմ հեղինակավոր օպերային դահլիճներում, շատ հայտնի երգիչների հետ եմ պատիվ ունեցել լինելու նույն բեմում և երգել նրանց հետ: Մարմնավորել եմ համաշխարհային օպերաների բազմաթիվ կերպարներ , համագործակցել եմ Եվրոպայի և Ռուսաստանի առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի հետ,  աշխատել եմ մեծահամբավ դիրիժորների հետ:  Երջանիկ եմ իմ աշխարհում, իմ  աշխատանքով:  Այսօր էլ երգում եմ աշխարհի  բոլոր բեմերում: Շուտով մեկնելու եմ  Նորվեգիա՝  Բերգեն քաղաքում  երգելու Վերդիի  «Նաբուքքո» օպերան,  որից հետո  երկու համերգ ունեմ Շվեյցարիայում:

-Ջուլիե՛տ,  Դուք  ՀՀ սփյուռքի նախարարի կողմից  պարգևատրվեցիք   «Կոմիտաս» մեդալով,  դա Ձեզ  պարտավորեցնու՞մ է …

-Անչափ ուրախ եմ և շա՛տ շնորհակալ եմ տիկին Հրանուշ Հակոբյանին:  Մեծ պատիվ եմ համարում Հայրենիքի կողմից նման պարգև ստանալը: Դա,  իհարկե, պարտավորեցնում  է,  սակայն ես  20 տարի երգում եմ՝  առանց ակնկալիքների.  երգն իմ  կենսակերպն է,  իմ  երակներով հոսող արյունը,  առանց  որի ես չեմ պատկերացնում կյանքս:  Մենք մեր երկրի դեսպաններն ենք դրսում. մեր երգով, մեր ներկայանալի բարձր պրոֆեսիոնալիզմով աշխարհին ասում ենք,  թե ով է հայը:

-Ձեր համերգային ծրագրերում միշտ  ընդգրկու՞մ  եք Կոմիտասի երգացանկից ու մշակումներից:

-Ես երգում եմ 9-ը լեզվով և իմ համերգային ծրագրերում մշտապես ունեմ Կոմիտասի երգերից. Կոմիտաս եմ սովորեցնում նաև իմ ուսանողներին, ովքեր, Կոմիտասի բառերն անգամ չհասկանալով, լաց են լինում:

-Կրկին շնորհավորելով  Ձեզ  բարձր  պարգևի համար՝  մաղթում եմ նորանոր նվաճումներ աշխարհի բոլոր  նշանավոր  բեմահարթակներում:  Թո՛ղ անսպառ լինի Աստծուց ի վերուստ Ձեզ տրված շնորհը,  թո՛ղ երբեք  չլռի Կոմիտասը :

 

Կարինե Ավագյան

Scroll Up