«Հայրենիք կարող է լինել և´ մեր ծնողը, և սահմանային վերջին կետը». Հայոց բանակի զինվոր

Օրեր առաջ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում այցելեցինք Հայաստանի զորամասերից մեկը: Գտնվելով հայրենիքի պաշտպանների շրջապատում՝ որոշեցի առիթը բաց չթողնել և փոքրիկ հարցազրույց վերցնել հայ զինվորից: Սերժանտ Մկրտիչ Գևորգյանը զորամասի լավագույն զինծառայողներից է, այդ պատճառով որոշեցի, որ հենց նրա հետ պետք է զրուցել:

-Մկրտի´չ, որքա՞ն ժամանակ է՝ ծառայում եք Հայոց բանակում:

– Արդեն 1 տարի է: Սկզբում ուսումնական փուլ եմ անցել ուսումնական զորամասերից մեկում, իսկ այս զորամասում՝ 6 ամիս է ինչ ծառայում եմ:

– Հե՞շտ հարմարվեցիք ծառայությանը:

– Այո, որովհետև փոքրուց այս կյանքն ինձ ծանոթ է եղել, քանի որ հայրս զինվորական էր: Բոլոր զինծառայողներին էլ խորհուրդ կտամ շուտ հարմարվել, այդպես նրանց ծառայությունը ավելի հեշտ կընթանա:

– Առաջնագծում երբևէ եղել ե՞ք:

– Այո, «Զինվոր» հասարակական կազմակերպության հետ տարբեր համերգային շրջագայություններով եղել ենք Արցախում և Հայաստանի սահմանային զորամասերում: Իսկ մարտական հենակետերում մեր զինվորներին ոգևորելու համար՝  երգել ենք հայրենասիրական տարբեր երգեր:

– Մկրտի´չ, ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:

– Հայրենիքը լայն հասկացություն է: Հայրենիք կարող է լինել և´ մեր ծնողը, և սահմանային այն վերջին կետը, որտեղ հատվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանը: Հայրենիքը մեր հողն է, մեր բնօրրանը, սրբությունը, ու եթե պետք լինի՝ հանուն նրա մեր կյանքն էլ կտանք, ինչը ապացուցվեց Ապրիլյան քառօրյա պատերազմում:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն սփյուռքահայ պատանիներին, որոնք այսօր այցելել էին զորամաս:

– Ցանկացած հայ տղայի համար մեծ պատիվ է ծառայել Հայոց բանակում, կապ չունի նա Սփյուռքում է ապրում, թե՝ Հայաստանում: Օրինակ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել իմ երկի, ծնողի ու ժողովրդի համար: Խորհուրդ կտամ, որ եթե կարող են ծառայել ու իրենց պարտքը տալ հայրենիքին, երբեք չխուսափեն ծառայությունից:

Հ.Գ. Շատ հաճելի էր, որ ծրագրի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ էին շրջում զորամասում և ցանկանում էին ավելին իմանալ հայ զինվորի ու Հայոց բանակի մասին:

Իսկ վերջում՝ ուզում եմ խաղաղ ու անփորձանք ծառայություն մաղթել Մկրտիչին և մեր բոլոր զինվորներին:

Արփի Պետրոսյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up