Արցախի հաջորդ պաշտպանները մենք ենք լինելու. «Արի տուն-2016» ծրագրի մասնակից. լուսանկարներ

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 4-րդ փուլի մասնակիցներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչպես նաև՝ Եռաբլուր պանթեոն և զորամաս: Մասնակիցներից շատերն առաջին անգամ էին տեսնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն ու մեծ հուզմունքով էին լցված:

Զարմանալի է, բայց նրանցից մի քանիսը Ցեղասպանության թանգարանում մեր պատմությունն էին ներկայացնում այլազգի հյուրերին: Այն հարցին, թե որտեղից գիտեն այդ ամենը, պատասխանեցին. «Ինչպիսի մարդ պետք է լինենք, որ մեր պատմությունը չիմանանք»:

Արիտունցիները մեծ ուշադրությամբ ու ցավով էին շրջում թանգարանում, շատերը նույնիսկ չկարողացան զսպել իրենց հուզմունքը: 12-ամյա կիպրոսահայ  Լարա Ալթունյանն ասաց, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեսել էր միայն նկարներում, շատ տպավորված է, որ այն իրականում կարողացավ տեսնել և այդ պահին իրեն լիարժեք հայ զգաց: «Եռաբլուր այցելության ժամանակ, երբ տեսա Արցախի հերոսների գերեզմանները, հասկացա, որ Արցախի հաջորդ պաշտպանները մենք ենք լինելու»,- «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշեց Լարան:

«Շատ էի ուզում Ծիծեռնակաբերդ այցելել, ինձ համար այն շատ մեծ նշանակություն ունի: Երբ առաջին անգամ տեսա հուշահամալիրը, աչքերս արցունքով լցվեցին: Եթե Հայոց ցեղասպանությունը չլիներ, մենք օտար քաղաքներում չէինք ապրի ու չէինք պայքարի մեր մշակույթը պահպանելու համար: Իսկ Եռաբլուրում առաջին անգամ իմացա, որ ինձնից ընդամենը մեկ տարի մեծ երիտասարդներն իրենց կյանքն են զոհել մեր հայրենիքը պաշտպանելու համար»,- նշեց Լիբանանից ժամանած 17-ամյա Լարա Գյուլումյանը:

Լիբանանից ժամանած մեկ այլ մասնակից՝ Ռիտա Վահրադյանը, «Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ծիծեռնակաբերդում ամեն ինչ այնքան ազդեցիկ էր, որ այն զգացողությունն ունեցավ, ասես ինքն էր 1915 թվականին տանջանքների ու չարչարանքների ենթարկվում, ասես իր եղբայրներն ու քույրերն էին կոտորվում. «Հիմա ես ապրում եմ Լիբանանում, բայց այստեղ է իմ տեղը, այստեղ է իմ հայրենիքը: Ես ուրիշ հայրենիք չունեմ: Ուզում եմ ապրել Հայաստանում», -հավելեց Ռիտան:

Անի Հարությունյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

արի տուն10արի տուն 6Արի տունարի տուն11Արի տուն1Արի տուն2արի տուն3արի տուն4արի տուն5արի տուն8

Scroll Up