«Սփյուռք» ամառային դպրոց-2016. Հանդիպման վայրը՝ Մայր հայրենիք

Ամեն առավոտ հյուրանոցի բաց պատուհանից նա աղոթք է մրմնջում առ բիբլիական լեռը՝ խոշոր ու գեղեցիկ աչքերում անսահման մտահոգություն ու թախիծ.

-Այս գիշեր Հալեպում նորից պայթյուններ են հնչել, ու շատ զոհեր կան,- հազիվ լսելի ասում է նա և նստում համակարգչի առջև՝ իր հերթական լրատվությունը ուղղարկելու այնտեղ, ուր սպասում են թարմ նորությունների Մայր հայրենիքից:

Իմ հարցազրույցի հերոսուհին է՝ Սիրիայի Հալեպ քաղաքից խոհեմ ու գեղեցիկ մի օրիորդ.

Ներկայացե´ք խնդրեմ:

– Սևան Շահբազյան, Ազգ. Քարեն Եփփե Ճեմարանի պետական քարտուղարուհի, «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից, որը Բերիո Հայոց թեմի Առաջնորդարանի պաշտոնաթերթն է: Թերթին աշխատակցում եմ երկար տարիներ: Այն ունի բազմաբնույթ հետաքրքրությունների շրջանակ: Հիմնականում արծարծվում են գաղութի մեջ տեղի ունեցող կարեւորագույն խնդիրները. դրանք են՝ կրթական, մշակութային, հայապահպանման, երիտասարդական, քաղաքական, ազգային խոհանոցին վերաբերող եւ այլ բնույթի թեմաներ: Ընկերուհուս՝ Մարիայի հետ մենք վարում ենք նաեւ «Սրբագրենք» էջը, որտեղ հանդես են գալիս հիմնականում քննադական հոդվածներով՝ համայնքի ներսում վատ երեւույթների մասին: Օգնում ենք տարբեր բնույթի կենցաղային, սոցիալական, կրթական հարցերի լուծմանը:

Սիրելի՛ Սեւան, ողջ աշխարհի հայությունը շունչը պահած հետեւում է Սիրիայում պատերազման գործողությունների ընթացքին, ինչպե՞ս է գաղութը դիմակայում այդ արհավիրքին:

– Պատերազմը մեծ ճգնաժամ է առաջացրել թե´ մարդկանց հոգիներում, թե´ ֆիզիկական ապրելակերպում, շատերը գաղթում են դեպի Հայաստան, որտեղ անորոշ կարգավիճակով առանց համապատասխան աշխատանքի ապրելը շատ դժվար է: Մենք, իհարկե, շնորհակալ ենք Հայրենիքից, որ գրկաբաց ընդունում է, սակայն շատերը Հայաստանից վերագաղթում են արեւմտյան երկրներ: Եւ այս փաստը դառնում է կրկնակի ցավալի, եւ գաղութը կամաց կամաց դատարկվում է:

Իսկ ամենակարեւոր խնդիրը մնում է գաղութի մեջ հարատեւելու, գոյատեւելու հարցը: Արդյոք մեզ կհաջողի հաղթահարել այս ճգնաժամը, որը բոոր առումներով պատերազմի հետեւանք է: Մեր աչքի առաջ Հալեպ քաղաքը հռթիրակոծվում է ամեն օր, թիրախավորված են բոլոր թաղամասերը, զոհեր կան գրեթե ամեն օր, մենք ցավով հետեւում ենք վիճակագրությանը, մեր ամբողջ նպատակն է այս կործանարար ցնցումներից զերծ պահել մեր ավանդական մայր գաղութը:

Սիրելի՛ Սեւան, ցավալի փաստերի մասին ես պատմում, սակայն պատերազմական այս իրավիճակում արդյո՞ք գաղութի ներքին կյանքը չի դառնում ավելի հավաք ու կենտրոնացած: Այդ թվում՝ ինքնապաշտպանության ազնիվ մղումով Դուք շարունակում եք հայ մանուկի կրթության ու հայապահպանության գործը, ինչպե՞ս է դա կազմակերպվում:

– Ամբողջ Սիրիայում շուրջ 28 հայկական դպրոցներ եւ շուրջ 20 հայկական եկեղեցիներ կան, ուր կրթվում են եւ հայեցի դաստիարակություն են  ստանում մեր երեխաները: Մենք օգտագործում ենք տեղում տպված՝ Հակոբ Չոլաքյանի ծրագրերը, դասագրքերը ու մեթոդական օգնությունները: Հայրենիքից, մինչեւ պատերազմը, երբեմն այցելում էին հայոց լեզվի ուսուցիչներ, այժմ չկան: Նրանց փոխարինում են մեր հայագիտական հիմնարկների լավագույն շրջանավարտները:

Սիրելի՛ Սեւան, մեր հանդիպումը կայացավ Հայրենիքում՝ առանց ժամադրվելու եւ պայմանավորվելու, կարծում եմ՝ անարդար կլիներ, եթե մենք չհանդիպեինք: Շնորհակալ ենք ճակատագրին եւ, իհարկե, «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրին, որին երկուսս էլ առաջին անգամ ենք մասնակցում, շատ կուզեի իմանալ Ձեր կարծիքը  «Սփյուռք» ամառային դպրոցի մասին:

– Գնահատելի աշխատանք է ամառային դպրոց ծրագիրը, որի կազմակերպիչներին կուզեի շնորհակալություն հայտնել: Այս միջոցառումը կարեւոր է այն իմաստով, որ հավատք ունի կամրջելու հայրենիքը եւ Սփյուռքը: Սփյուռքի նախարարության խողովակներով անդադար աշխատանքներ են ծավալվում՝ ի սփյուռս աշխարհի բեւեռները իրար բերելու եւ Հայրենիքի հետ միավորելու: Սա, անկասկած, մեծ զոհողությունների արդյունք է, այն էլ Հայրենիքի այս ծանր ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի պայմաններում: Ամեն ինչ արվում է մասնակիցների միջոցով կապ հաստատել Սփյուռքի բոլոր գաղութների, միմյանց միջեւ, այնպես էլ՝ հայրենիքի հետ: Պիտի նշեմ նաեւ որոշ թերությունների մասին, որոնք հուսով եմ՝ կշտկվեն ապագայում: «Սփյուռք» ամառային ծրագիրը կարող էր ավելի գործնական ու հետաքրքիր լինել քաղաքական արդի թեմաների առումով, նաև հասարակական քննարկումների պակաս զգացվեց, քիչ էին տեսարժան վայրեր այցելությունները, մշակութային գործիչների հետ հանդիպումները£ Այսուհանդերձ, սա շատ հայանպաստ ու հայրենասիրական, ես կասեի՝ ռազմավարական ծրագիր է, որի համար մեկ անգամ եւս շնորհակալ ենք:

Ասացե՛ք խնդրեմ, սիրելի՛ Սեւան, ինչի՞ն եք հավատում£

– Հավատում եմ, որ եթե յուրաքանչյուր հայ հայրենիքի կառուցման գործին մեկ քար դնի՝ հավատով, խղճով եւ որ ամենակարեւորն է՝ սիրով, վաղ թե ուշ կունենանք այն հզոր ու անառիկ կառույցը, որը մեկ բառով կկոչվի՝ ազատ, անկախ ու միացյալ Հայրենիքի ոչ թե տեսլականը, այլ իրողությունը:

Եւ վերջապես, սիրելի´ս, ո՞վ է հայը քո կարծիքով, բնութագրիր նրան խնդրեմ:

– Հայը այն մարդն է, որը պատրաստ է միշտ օգնել ուրախություն պատճառել ուրիշին, որն ունի դրա կարիքը՝ անկախ այն բանից, թե ինչ վիճակի մեջ է գտնվում ինքը:

– Իսկ վերջում, սիրելի՛ Սեւան, մի խնդրանք ունեմ. կուզեի որ չփոխվեր մեր առաջին հանդիպման հասցեն՝ Մայր հայրենիքը, գուցե դա լինի մեր բնակության հիմնական վայրը:Ցտեսություն, մինչեւ նոր հանդիպում Մայր հայրենիքում:

Սոնա Կարապետյան

ՌԴ, քաղաք Ռոստով

«Դոնի Նախիջեւան» թերթի աշխատակից

Հ.Գ. Սոնա Կարապետյանը եւ Սևան Շահբազյանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2016 ծրագրի «Լրագրողների վերապատրաստում» դասընթացին:

13689490_1161408497245481_1415565871_n

Scroll Up