Համահայկական փառատոն Ֆրանսիայում
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ից մինչև 19:00, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմը կազմակերպում է իր առաջին համահայկական փառատոնը:
«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ փառատոնը կայանալու է Փարիզի հայաշատ արվարձաններից մեկում՝ Ալֆորվիլ քաղաքի Կոմիտաս փողոցում, հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու առջև: Փառատոնի աջակիցն է Ալֆորվիլի քաղաքապետարանը:
Ֆրանսիայի Հայոց թեմը նպատակն ունի այս տոնական միջոցառումը կազմակերպել ամեն տարի՝ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում հաջորդաբար։ Այս տարվա փառատոնը համընկնում է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին և Ֆրանսիայի Հայոց թեմի ստեղծման 10-ամեակին։
Փառատոնի օրը Կոմիտաս փողոցն ամբողջությամբ փակ է լինելու: Լինելու է բեմ և պարահարթակ, իսկ հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են գրքեր, հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, ուտեստներ և այլն:
Երեխաների համար կազմակերպվելու են հետաքրքիր խաղեր: Խաղարկվելու են բազմաթիվ նվերներ: