«Նոր հորիզոն»-ը Շվեդիայի հայկական համայնքին կհամախմբի ազգային մշակութային արժեքների շուրջ

Տևական դադարից հետո Շվեդիայում լույս է տեսել «Նոր հորիզոն» պարբերականը, որը Շվեդիայում հայկական միությունները համադրող կենտրոնի պաշտոնաթերթն է: Ամսագրի նպատակն է Շվեդիայի հայկական համայնքին համախմբել ազգային մշակութային արժեքների շուրջ, ստեղծել հայկական մթնոլորտ, պահպանել հայոց լեզուն ու մշակույթը, ինչպես նաև ճանաչելի դարձնել Հայաստանն ու հայկական մշակույթը նաև շվեդացիներին։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ամսագրի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հայկ Հակոբյանն ասաց, որ «Նոր հորիզոն»-ը շվեդահայության կյանքում կշարունակի լինել Շվեդիայի հայ համայնքի կյանքի արձանագրողը, ինչպես նաև հայ հասարակության հոգևոր, մշակութային և տեղեկատվական հետաքրքրությունները բավարարող աղբյուր:

«Պարբերականում ներառել ենք տեղեկատվություն` հիմնականում Շվեդիայի հայ համայնքից: Բացի այդ, ամսագրում տեղ կգտնեն հարցազրույցներ շվեդահայերի, ինչպես նաև Շվեդիա այցելած մեր հայրենակիցների հետ»,- ասաց Հայկ Հակոբյանը` հավելելով, որ ամսագրի մի հատվածն էլ նվիրված կլինի հոգևոր կյանքին, Շվեդիայում Հայ Եկեղեցու գործունեությանը, քանի որ օտարության մեջ ապրող հայերի կյանքում միշտ էլ գգալի դեր ունի հայ եկեղեցին: «Հայ Եկեղեցին սփյուռքահայերին ազգային արժեքների շուրջը համախմբող կարևոր մարմիններից է»,- ընդգծեց նա:

Առաջիկայում, ինչպես նշեց գլխավոր խմբագիրը, ամսագիրը կստանձնի նաև հայոց պատմությունն ու հնագույն մշակույթը ներկայացնող առաքելություն: Ամսագրում պարբերաբար կներկայացվեն հին հայկական եկեղեցիների պատմությունը, ինչպես նաև հայոց պատմության փառավոր էջերը:

Նշենք, որ ամսագրի խմբագրական կազմում է «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Օհանյանը, ով այժմ բնակվում է Շվեդիայում, ինչպես նաև թարգմանիչ Վահագն Ավետյանը, Կառլեն Մանսուրյանը, տեխնիկական խմբագիր Գոհար Ավագյանը:

Ամսագրի գլխավոր խմբագիրը հայտնեց նաև, որ «Նոր հորիզոն»-ի այս համարը նվիրված է Շվեդիայում Հայկական Միությունները համադրող կենտրոնի 20-ամյակին:

Panorama.am

Scroll Up