«20 տարի շարունակ դրսում եմ, բայց 20 տարի շարունակ ցանկանում եմ Հայրենիք վերադառնալ». Զառա Հարությունյան

Մեզանում երբեմն անտեսվում է հոգեբանի աշխատանքի կարևորությունը, հաճախ էլ ոչ թե անտեսվում,  այլ պարզապես ազգային մտածելակերպի կարծրատիպն է դրան խանգարում: Հոգեբանական աջակցության կարիք ունեն գրեթե  բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից,  սեռից,  տարիքից,  ապրելակերպից:  Միայն անձնական,  նյութական, հոգեկան վիճակը  չէ,  որ կարող է պատճառ դառնալ ցնցումների.  եթե մարդը զգայուն է, ավելին՝ դյուրազգաց,  ապա առօրյա կյանքում, աշխատանքում  հանդիպող  բազմաթիվ խոչընդոտները, անմարդկային վերաբերմունքը,  անձի իրավական և բարոյական իրավունքների ոտնահարումը նույնպես  կարող են նպաստել  բազմաթիվ և բազմաբնույթ սթրեսների առաջացմանը: Այս և նման այլ հարցերի շուրջ  էլ  «Հայերն այսօր»-ի խմբագրությունում  ծավալվեց մեր զրույցը  ՌԴ-ի  Մոսկվա քաղաքից  ՀՀ սփյուռքի նախարարություն այցելած հոգեբան  Զառա Հարությունյանի հետ,  ով  Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի  հետևանքով սթրեսներ տարած ծնողներին,  զինվորներին ցուցաբերել է  հոգեբանական անվճար օգնություն :

 -Տիկի՛ն  Հարությունյան,  խնդրում եմ  պատմեք Ձեր անցած ճանապարհների և Ձեր  մասնագիտական  ձեռքբերումների մասին:

-Ես ծնվել ու մեծացել եմ  Երևանում,  1993-ին տեղափոխվել եմ Մոսկվա,  ուր այժմ աշխատում եմ դպրոցում՝ որպես հոգեբան:  Իմ առաջին մասնագիտությունը սոցիոլոգիան  է,  որից հետո մասնագիտացել եմ հոգեբանության մեջ:  Ե՛վ դժվար է իմ աշխատանքր,  և՛ անչափ պարտավորեցնող ու հետաքրքիր: Մոսկվայում կա հոգեբանական կենտրոն,  ուր ես ունեմ իմ մասնավոր  վարձակալած աշխատասենյակը,  որտեղ ընդունում եմ այցելուներին,  սակայն հաճախ աշխատում եմ տեսակապով, հեռախոսով:  Այցելուները հիմնականում տարբեր ազգերից են, առավելապես՝  30-ից 50 տարեկան կանայք են  դիմում:  Իմ մասնագիտության պահանջարկը շատ է.  այսօր Երկիր մոլորակը  բազմաթիվ թեժ հակամարտությունների խառնարան է դարձել,  դրան զուգահեռ՝ աշխարհագրական տարբեր տարածքներում  իրար են հաջորդում բնական բազմապիսի աղետներ՝ ջրհեղեղներ,  փոթորիկներ,  հրդեհներ,  օդային և ցամաքային փոխադրամիջոցների մեծ ու փոքր վթարներ,  էլ չեմ խոսում ահաբեկչության՝ օրեցօր ահագնացնող վտանգի մասին: Այսինքն՝  ոչ միայն անհատները,  այլև ողջ Երկիր մոլորակն է ցնցման մեջ: Հոգեբանական սթրես  է առաջանում, երբ մարդն  իր հայրենիքից օտար ափեր է մեկնում, հայտնվում  նոր  միջավայրում: Այդ մարդիկ,  անշուշտ,  ունենում են հոգեբանի կարիք,  սակայն  ճիշտ կլիներ, որ  մինչ  իրենց  հայրենիքից մեկնելը դիմեին հոգեբանի օգնությանը, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդը չհեռանար իր երկրից:

-Տիկի՛ն Հարությունյան,  Ձեր կարծիքով հոգեբանը բժի՞շկ է:

-Այո՛, անշուշտ:  Եթե հոգեբանը բուժում է,  մարդուն հանում է ծանր վիճակից, իհարկե,  բժի՛շկ է:

-Շա՞տ է մեծ տարբերությունը հոգեբանի և հոգեբույժի միջև:

-Ո՛չ,  աննշան Է  նրանց միջև եղած սահմանը. կա մի տարբերություն՝ հոգեբույժը դեղամիջոցներ է նշանակում, հոգեբանը՝ ոչ.  հոգեբանը բժշկում է խորհուրդներով, խոսքով,  իրավիճակների  ճիշտ վերլուծությամբ և  դրանք գնահատում  ըստ կարևորության ու ծանրության:  Հոգեբանին ծանր բեռ է բաժին ընկնում՝ այցելուին հանել այդ վիճակից,  որպեսզի նա չհասնի ծայրահեղ ծանր վիճակի և հոգեբույժի կարիք չունենա:

-Ըստ Ձեզ  մայրը կամ ուսուցիչը կարո՞ղ է փոխարինել հոգեբանին:

-Դժվա՛ր է ասել.  եթե ծանր դեպք է,  ապա պետք է անպայման դիմել հոգեբանի: Ասեմ,  որ շատ հաճախ հե՛նց ծնողին է պետք հանել հոգեբանական ծանր սթրեսից,  նոր անցնել նրա երեխային…Հատկապես դեռահասության տարիքո՛ւմ են ի հայտ գալիս շատ խնդիրներ,  ծնողների ու երեխաների միջև լինում են  վեճեր,  տարաձայնություններ,  և շատ հաճախ դրանք լուծվում են միայն հոգեբանի օգնությամբ, միջամտությամբ:

-Իսկ ուսուցի՞չը…

-Ես իմ կյանքում շատ լավ , Աստծուց տրված ուսուցիչ չեմ  տեսել:  Ես եղել եմ Լյուդմիլա Հարությունյանի ասպիրանտը,  և միակը  նա է,  ով ինձ համար հրաշալի դասախոսի,  ղեկավարի կատարելատիպ է:  Միայն Աստծուց տրված ուսուցիչները կարող են  փոխարինել հոգեբանին,  սակայն,  ցավոք սրտի, նրանց թիվը շատ քիչ է:

-Անդրադառնանք  Մոսկվայի հայկական համայնքում ծավալած Ձեր մասնագիտական գործունեությանը.  հաճա՞խ են Ձեզ դիմում մեր հայրենակիցները:

-Երբ դիմում են,  կանչում են,  ես անպայման գնում  եմ: Համայնքն ունի կիրակնօրյա  դպրոց, ուր ես սիրով եմ գնում: Մեր համայնքը շատ կազմակերպված մի մեծ ընտանիք է և ամուր թելերով է կապված Հայրենիքին.  մենք  միշտ մեր  համայնքի կողքին ենք և Հայրենիքի կողքին ենք նրա դժվար պահերին:  Ապրիլին  ծավալված պատերազմական գործողությունների  ընթացքում զոհված,  վիրավոր զինվորների ընտանիքներին,  Արցախին  ցուցաբերվող  օգնության իր բաժինն ունեցավ նաև  մեր համայնքը.  դա յուրաքանչյուրիս պարտքն էր,  որովհետև այդ տղաները պահեցին, պաշտպանեցին մեր Հայրենիքի սահմանները:  Մեր արածը չնչին բան է նրանց թափված արյան դիմաց:

-Խոսենք Ձեր բարեգործական աշխատանքների մասին:

-Բարեգործություն ասվածն իմ կողմից հոգեբանական անվճար ծառայություններն են անվճարունակ մարդկանց և առաջին հերթին՝ պատերազմի հետևանքով որդեկորույս մայրերին: Հիմա նրանք արդեն էլ չեն դիմում ինձ,  սակայն հարկ եղած  դեպքում ես պատրաստ եմ  անշահախնդրորեն օգնել:  Տա՛ Աստված,  որ մարդիկ դրա կարիքը չունենան:

-Վերապատրաստվու՞մ եք Ձեր մասնագիտությամբ:

-Մենք անընդհատ սովորում ենք,  մենք ոչ մի բաղադրատոմս չունենք,  պարզապես  լսում ենք նշանավոր հոգեբանների դասախոսությունները:  Սովորում ենք ողջ կյանքում, սովորում ենք հե՛նց մեր գործնական աշխատանքում:

-Տիկի՛ն   Հարությունյան,  հոգեբանության,  մանկավարժության բնագավառում ո՞վ է եղել Ձեր ուսուցիչը:

-Յանուշ Կորչակը:  Ազգությամբ լեհ այդ  մեծ մարդն աշխատում էր հրեական մանկատանը:  Մեծ հայրենականի տարիներն էին,  գերմանացիները   մանկատան հրեա երեխաներին  գալս են տանելու գազախցիկներ,  իսկ Կորչակին,  ով հրեա չէր, ասում են,  որ հեռանա,  սակայն  նա չի լքում երեխաներին և միանում է նրանց խմբին: Այդպիսի հեղինակավոր մասնագետ է եղել նաև Վիկտոր ֆրանկլը,  ով ինձ համար նույնպես մեծություն է.  նա ևս Մեծ հայրենականի ժամանակ գազախցիկում է եղել և մի կերպ է փրկվել:  Հոգեբանը,  մանկավարժը յուրահատուկ նվիրյալ պետք է լինի .  չԷ՞  որ նա գործ ունի մարդկային կյանքի, հոգու հետ:

-Չե՞ք ուզում  Հայրենիք վերադառնալ:

-20  տարի դրսում եմ,  բայց 20 տարի շարունակ ուզում եմ վերադառնալՀայրենիք. երկար է վերադարձի ընթացքը, սակայն  կարևորն այն է,  որ մի օր  վերադարձը երազանքից իրականություն դառնա. կարծում եմ՝ հեռու չէ այդ օրը:

-Շնորհակալությու՛ն  հետաքրքիր զրույցի համար,  մաղթում եմ   համբերություն և երբեք  չվերջակետվող սեր ու նվիրում  Ձեր աշխատանքում:

Կարինե Ավագյան

Scroll Up